Խարաջ
Խարաջ (արաբ․՝ خراج)՝ ծախսեր, միջոցներ), հողահարկ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում։ Սասանյանների պետության մեջ կոչվել է խարագ և վճարվել հիմնականում բնահարկի ձևով՝ բերքի 0, 3-ի, նույնիսկ 0, 5-ի չափով։ Արաբական խալիֆայությունում, սկզբնական շրջանում (VII դար), խարաջը նշանակում էր ընդհանրապես հարկ, որ գանձվում էր նվաճված ոչ մուսուլման ժողովուրդներից, սակայն, VIII դարից արդեն իբրև հողահարկ, խարաջը վճարել են բոլորը՝ անկախ կրոնական պատկանելությունից։ Մուսուլման հողատերերը հաճախ վճարել են ուշր (տասանորդ) և խուսափել խարաջից։ Աբբասյանների ժամանակ խարաջը վերջնականապես ստացել է նեղ իմաստով հողահարկի նշանակություն, վճարվել է երկու ձևով (խարաջ միսահա և խարաջ մուկասամա)։ Առաջինը գանձվել է պետական հաշվառման ենթարկված կալվածներից՝ դրամական հարկի և բնահարկի ձևով, երկրորդը՝ ըստ հողի որակի, ոռոգման պայմանների և կազմել է բերքի 0, 25, 0, 3 կամ 0, 5 մասը։ Այն հողերը, որոնցից խարաջ է վերցվել, կոչվել են խարաջային։ Խարաջի և ընդհանրապես հարկերի վերաբերյալ կային հատուկ մատյաններ, ինչպես նաև իրավագիտական ժողովածուներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 37)։ |