Խաչատուր Վարդանյան (գրականագետ)

Խաչատուր Գարուշի Վարդանյան (20 հոկտեմբերի 1937, Հրազդանի շրջանի Աղբյուրակ գյուղ), գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (1990), ԵՊՀ դոցենտ[1]:

Խաչատուր Վարդանյան, գրականագետ

Կենսագրություն

խմբագրել

Խաչատուր Վարդանյանը ծնվել է 1937թ. հոկտեմբերի 20-ին, Հրազդանի շրջ. Աղբյուրակ գյուղում։ Մեկ տարի հաճախել է տեղի դպրոցը, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Երևան, ուր և 1954-ին ավարտել է Երևանի N 60 արական միջնակարգ դպրոցը (այժմ Վահան Տերյանի անվան)։ 1954-1956 թթ. սովորել է Երևանի N 1 տեխնիկական ուսումնարանում, որտեղից գործուղվել է Հայէլեկտրագործարան և 1956-1958 թթ. աշխատել է որպես տեխնիկական վերահսկիչ։

1958-ին ընդունվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ։ 1963-ին համալսարանն ավարտելով՝ աշխատանքի է նշանակվել այն ժամանակ Ապարանի շրջանի Ծաղկահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսմասվար և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ Հաջորդ ուստարում կուսշրջկոմի գործուղմամբ տեղափոխվել է Ալագյազ և 1964-1966 թթ. աշխատել է Ալագյազի մանկատանը՝ որպես ուսումնական գծով փոխտնօրեն։ Ինչպես Ծաղկահովտի, այնպես էլ Ալագյազի միջնակարգ դպրոցում հայ գրականություն է դասավանդել VIII-XI դասարանների աշակերտներին։ 1966-1971 թթ. աշխատանքից չկտրված սովորել է համալսարանի հայ գրականության ասպիրանտուրայում՝ Մկրտիչ Մկրյանի գիտական ղեկավարությամբ։ 1966թ. աշնանը մտել է «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի հիմնադիր կազմի մեջ՝ որպես գրական աշխատող։ 1970 և 1971 թթ. եղել է «Երևանի համալսարան» շաբաթաթերթի խմբագիր։

1971-ին ընդունվել է դասախոս ԵՊՀ նախապատրաստական բաժնում, դասավանդել հայ գրականություն, իսկ 1976-ից տեղափոխվել է ԵՊՀ հայ գրականության ամբիոն՝ որպես դասախոս, ուր աշխատել է մինչև թոշակի անցնելը։

1990թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Դանիել Վարուժանը և «հեթանոսական շարժումը» արևմտահայ գրականության մեջ» թեմայով /հետագայում տպագրվել է որպես մենագրություն[2]/ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հետագայում նաև ստացել է դոցենտի կոչում։

ԵՊՀ-ում աշխատելու տարիներին վարել է հայ նոր գրականության ինչպես եղած, այնպես էլ իր կողմից մշակված դասընթացներ։ Իր մշակած առարկաներից հատկապես տևական կյանք է ստացել «Հայ գրականության հեթանոս ավանդները» դասընթացը, որը Հայ բանասիրության ֆակուլտետում դասավանդվում է առ այսօր։ Հայ բանասիրության ֆալուլտետի մագիստրատուրայում դասավանդել է «Խաչատուր Աբովյան» և «Հովհաննես Թումանյանը և հայ գրականությունը» դասընթացները։

1998թ. հրավիրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ որպես հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, ուր համատեղության կարգով աշխատել է մինչև -2018թթ.:

2001-2005թթ. հիմնադրել և խմբագրել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի «Բանասեր» ուսումնական թերթը։ Թերթի հրատարակման 5 տարիների ընթացքում լույս տեսած համարները պահվում են Հայաստանի պետական արխիվի ԵՊՀ ֆոնդում։ Այդ թվականներին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետից կյանք մտած՝ գրական և գրականագիտական ունակություններ ունեցող շատ ուսանողներ եղել են թերթի աշխատակիցներ (Ա.Նիկողոսյան, Հ.Համբարձումյան, Ա.Գաբրիելյան, Ա.Ավանեսյան, Ա.Բեքմեզյան, Ն.Վարդանյան և այլք)։

2005թ.-ից սկսած մեկ տասնամյակի չափով համատեղությամբ աշխատել է նաև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, վարել է ճեմարանի հայ նոր գրականության պատմության դասընթացը։

Պարգևներ

խմբագրել

Ուսանողական շրջանի պատվոգրեր

1961թ. - Պատվոգիր Սովետական Հայաստանի 40-ամյակին նվիրված ուսանողական գիտական աշխատանքներում առաջնության պատվոգիր ՀՍՍՌ Մինիստրների Սովետի Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության Կոմիտեի և Լուսավորության, բարձրագույն դպրոցի և գիտական հիմնարկների աշխատողների պրոֆմիության Ռեսպուբլիկական Կոմիտեի նախագահության կողմից։

1961թ. - Գովասանագիր Հայկական բանասիրության ֆակուլտետում Գիտական ընկերության աշխատանքները կազմակերպելու համար։ 1963թ. - Գովասանագիր ԵՊՀ ՈՒԳԸ 26-րդ գիտաժողովում լավագույն զեկուցում կարդալու համար։

ԵՊՀ երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության և գիտության ոլորտում ձեռքբերումների, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած ավանդի համար ստացած պատվոգիր և մեդալներ 2012թ. - ԵՊՀ արծաթե մեդալ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ

2014թ. - Պատվոգիր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հիմնադրման առթիվ։

2017թ. - Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ[3]

Հասարակական աշխատանքի համար ստացած պատվոգիր

1976թ. – Պատվոգիր Երևանի քաղաքային խորհրդի գործադիր մարմնի կողմից բակի կանաչ տարածության լավ խնամքի համար։

Գիտական գործունեություն

խմբագրել

Գիտության աշխարհում ակտիվ ներգրավվածությունը սկսվել է դեռ ուսանողական տարիներից, երբ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում իր նախաձեռնությամբ կազմակերպվել է Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» վիպերգի քննարկումը՝ հեղինակի մասնակցությամբ, որտեղ Խ.Վարդանյանը եղել է նյութի մասին զեկուցողը։ Այս քննարկումը բեկում է մտցրել Սևակի նոր ստեղծագործության ճակատագրում, քանի որ մինչ այդ արդեն պաշտոնական կարծիք էր ձևակերպվել գրքի՝ «արատավոր» քաղաքական գաղափարներ արտահայտելու մասին (ազգային սնապարծության արտահայտում ևլն)։ Քննարկումը նպաստում է գործի իրական արժանիքների ճանաչմանը և թյուր կարծիքի վերանայմանը։ Այդ մասին ընդարձակ հոդված է տպվել «Գարուն» ամսագրում։

Ուսանողական շրջանից է ձևավորվել նաև գիտական հիմնական հետաքրքրությունը՝ կապված գրական հեթանոսության թեմային։ Հետագայում այդ հետաքրքրությունը կենտրոնացել է Դանիել Վարուժանի գրական ստեղծագործության բարձրագույն շրջանի՝ գրական հեթանոսության շուրջ։

Գիտական մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով ու հրապարակումներով, 2006թ. տպագրել է «Վարուժանը և «գրական հեթանոսությունը» մենագրությունը։

Գրական բացառիկ նշանակություն ունեն Ակսել Բակունցից մեզ հասած ընդամենը երկու նամակները (հասկանալի պատճառներով այլ կերպ չէր էլ կարող լինել)։ Դրանք առայժմ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի էջերում են, բնագրերը հանձնվել են Չարենցի անվան գրականության թանգարան, և հասկանալի է, թե ինչքան մեծ պիտի լինի այդ երկու հատիկ նամակի պահպանման փաստը՝ 30-ականների վերաբերյալ հայտնի ակնարկներով՝ «ցաված սրտի» թեմայի ընդգծումով։

Շանթի նամակների հրապարակումը մեր մամուլում սկսվել է Խ.Վարդանյանի հրապարակումներով, որոնք լույս են տեսել երեք տարբեր խմբաքանակով՝ հիմնականում հասցեագրված Ստեփան Լիսիցյանին և Հովհաննես Թումանյանին։ Վերջերս արդեն Շանթի ինըհատորյակի վերջին համարի՝ «Նամականու» կազմողներից մեկն է, ուր և տպվել է նրա հոդվածը՝ «Լևոն Շանթի նամակները» վերնագրով։

Եղիշե Չարենցը այն հանճարն է, որի վերաբերյալ ամենափոքրիկ իսկ նորությունը խոշոր արժեք է ներկայացնում։ Այդ իմաստով Չարենցյան ընթերցումներ, գիրք 9, նրա Ծաղկաձորյան միջադեպի հետքերով հոդվածը մի քանի մանր կենսագրական ճշգրտումներ է ներկայացնում, որոնք դժվար է անտեսել[4]։

ՈՒսումնասիրություններ

խմբագրել

Մենագրություն

խմբագրել

Դանիել Վարուժանը և «գրական հեթանոսությունը», Երևանի համալսարանի հրատ., Եր., 2006, 252 էջ։ http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2024/02/%D4%B3%D5%AB%D6%80%D6%84.pdf

Հոդվածներ

խմբագրել
  • Ազատության մարտիկը. Միքայել Նալբանդյանի ծննդյան 140-ամյակի առթիվ // Ավանգարդ,1969, շաբաթ, 15 նոյեմբերի
  • Դարասկզբի արևմտահայ գրական շարժման պատմությունից // «Բանբեր Երևանի համալսարանի», 1982, թիվ 3, էջ 168-178։
  • Դ. Վարուժանի «Հեթանոս երգերի» գնահատման շուրջ // Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 1987, թիվ 8, էջ 25-35։ https://arar.sci.am/dlibra/publication/41434/edition/37116?language=hye
  • Գեղեցիկի նվիրյալը // «Երևանի համալսարան» գիտատեղեկատվական հանդես, 1985, թիվ 1 էջ 9-10։
  • Դ. Վարուժանի հեթանոսական իդեալի գնահատման շուրջ // Բանբեր Երևանի համալսարանի, 1986, թիվ 3, էջ 75-86։
  • Ակսել Բակունցի նորահայտ նամակները // Բանբեր Երևանի համալսարանի, 1990, թիվ 1, էջ 31-45։
  • Լևոն Շանթի անտիպ նամակներից // Դպրություն, Երևան, 1991, թիվ 75-76, էջ 4-5։
  • Դանիել Վարուժանի «Հարճը» վիպերգը // Բանբեր Երևանի համալսարանի, 1991, թիվ 1, էջ 50-62։
  • Հարատևող հեթանոս ավանդույթ // Մայրենի ամսագիր, Երևան, 1991, թիվ 1-2, էջ 63-65։
  • Լևոն Շանթի նամակները Ստ. Լիսիցյանի // Բանբեր Երևանի համալսարանի, 1992, թիվ 1, էջ 121-147։
  • Լևոն Շանթի նամակները Ստ. Լիսիցյանին // Բանբեր Երևանի համալսա¬րանի, 1992, թիվ 3, էջ 121-135։
  • Խորհուրդ մեծ և սքանչելի // Բանբեր Երևանի համալսարանի, 1996, թիվ 3, էջ 201-204։
  • Լ. Շանթի «Օշին Պայլ» դրամայի պատմափիլիսոփայությունը // Ռուս-հայ սլավոնական պետհամալսարանի «միջնադարական ընթերցումների» դրույթները, 2000, էջ 4-5։
  • Հայ եկեղեցու քաղաքական դերի իմաստավորումը «Օշին Պայլ» դրամայում // Բանբեր Երևանի համալսարանի, 2001, թիվ 3, էջ 46-53։
  • Լևոն Շանթի նամակները Ստ. Լիսիցյանին // Բանբեր Երևանի համալսարանի, 1996, թիվ 2, էջ 135-148։
  • «Անլռելի զանգակատուն» պոեմի առաջին քննարկումը // Գարուն, 2004,, թիվ 5, էջ 26-32։
  • Հրավիրվածը և ընտրվածը (Գուրգեն Մելիքյանի ծննդյան 70-ամյակի առթիվ) // «Գարուն», 2007, թիվ 7-8, էջ 72-75։
  • Ալբերտ Շարուրյան // Հայկազյան հայագիտական հանդես, Բեյրութ, 2008, ԻԸ հատոր, 494-496։ 19. Մկրտիչ Մկրյանն ինչպես որ էր // Գրական համալսարան, Եր., 2009, էջ 422-443։

Ծանոթագրություններ

խմբագրել

Տոհմական Ավետարանը Մատենադարանին հանձնելու մասին հոդվածը https://www.aravot.am/2019/09/28/1068880/

  1. ««Երևանի համալսարան» ամսաթերթ by ysu.am - Issuu». issuu.com (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 13. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  2. «Դանիել Վարուժանը և «Գրական հեթանոսությունը»». ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  3. «| ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը». YSU IB. 2017 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  4. «Չարենցյան ընթերցումներ. Գիրք 9». publishing.ysu.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.