ԽՍՀՄ տնտեսական սանկցիաներ

ԽՍՀՄ տնտեսական սանկցիաներ, հարկադրական միջոցներ նախկին ԽՍՀՄ-ում, որոնք կիրառվում էին տնտեսական գործունեության իրականացման սահմանված կարգը խախտելու դեպքում։ ԽՍՀՄ-ում տնտեսական գործունեության բացասական հետևանքների համար նյութական պատասխանատվության ձև էր։ Համապատասխան տնտեսական մարմինների՝ Պետստանդարտի, Գների պետական կոմիտեի, Պետմատի, պետական կամ գերատեսչական արբիտրաժի որոշմամբ կիրառվում էին այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք խախտել էին՝ պետական ստանդարտներն ու տեխնիկական պայմանները (պետական ստանդարտին ու տեխնիկական պայմաններին չհամապատասխանող արտադրանքի իրացումից ստացված շահույթի գանձում պետական բյուջե), գնագոյացման կարգը (գների բարձրացման հետևանքով ստացված շահույթի գանձում պետական բյուջե), չեն կատարել բանկի կողմից վերահսկվող տնտեսական գործունեության պլանային ցուցանիշները և խախտել վարկավորման պայմանները (փոխադրում վարկավորման հատուկ ռեժիմի, բանկային վարկավորման լրիվ դադարեցում)։ Տնտեսական սանկցիաները կիրառվում էին նաև անորակ ու չհամալրված արտադրանք մատակարարողների, օբյեկտների շինարարության ու գործարկման ժամկետները խախտող շինարարական և բեռնափոխադրումների ժամկետները խախտող, փոխադրման ընթացքում բեռը կորցնող կամ վնասող տրանսպորտային կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների նկատմամբ, որոնք չէին կատարել տնտեսական պայմանագրով սահմանված պարտավորությունները (այս դեպքում տնտեսական սանկցիաները կատարվում էին հօգուտ տուժած հիմնարկ-ձեռնարկությունների)։ ԽՍՀՄ-ում սանկցիաները կիրառվում էին նաև ներարտադրական տնտեսական հաշվարկային հարաբերություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 182