Լևոն Ներսեսյան, հայ դեղագործ։

Լևոն Ներսեսյան
ԾննդավայրԿ. Պոլիս
Ազգությունհայ
Մասնագիտությունդեղագործ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլ­սում։ Դեղագործական կրթություն է ունեցել։ Փոքր Ասիայի արևմուտքի Սիվրիհիսար քաղաքում ունեցել է սեփական դեղատուն և դեղագործ աշխատել։

1907 թվականի նոյեմբերին, ի թիվս 14 հայ մտավորականների, ձերբակալվել է Սիվրիհիսարում։ Մի ուրբաթ օր ոստիկանը մտել է Լևոնի դեղատուն և ասել, թե քաղաքապետարանի ժողովը ցանկանում է նրան տեսնել, ուստի խնդրում է իր հետ գնալ այնտեղ։ Վատ բան չկասկածելով՝ Լևոնը ոստիկանի հետ գնացել է քաղաքապետարան։ Այստեղ Լևոնի վաղեմի բարեկամ, գավառապետ ալբանացի Խայրի բեյը խոժոռ դեմքով հարցրել է, թե արդյոք նրա մոտ զենք կամ վտանգավոր իրեր ու թղթեր չկան։ Լսելով բացասական պատասխան՝ Խայրի բեյը հրամայել է դատարկել գրպանները։ Արդյունքի չհասնելով՝ ոստիկանին հրամայել է Լևոնին մեկուսացնել մի դատարկ ու կեղտոտ սենյակում, որն աղոթավայր էր ծառայում կառավարության անդամների համար։

Լևոնն առավոտյան տեսել է, որ քաղաքապետարանի բոլոր սենյակները հայերով են լցված։ Այդ օրը բոլոր ձերբակալվածների տներում խուզարկություն է կատարվել։ Լևոնի մայրը ոստիկանների առջև դուռը չի բացել։ Խուզարկուները հրավիրել են թաղի հայ աղաներից մեկին և քահանային ու դրսից բացատրել, թե խուզարկությունը կապացուցի որդու անմեղ լինելը և թույլ կտա, որ նրան ազատեն։ Խուզարկության ժամանակ բռնագրավել են Լևոնի բոլոր թղթերը, նամակները, թերթերը և այդ բոլորը կցել նրա գործին։ Հետագայում պարզվել է, որ նրանց մատնիչները եղել են երկու հոգի՝ Քել Պողոսը (կեղծ բժիշկ Պողոս Թեսթիճյանը) և ասորահայ Հեքիմ Աբդալլահը։

Երեք օր հետո ձերբակալվածներին և երկու լրտեսներին շղթայակապ տեղափոխել են Անկարայի կենտրոնական բանտ։ Մեղադրվել է 1905 թվականի օգոստոսի 7-ին (հուլիսի 8) Կ. Պոլսի Յըլդըզ թաղամասում ուրբաթ օրվա աղոթքի արարողության ավարտին սուլթան Աբդուլ Համիդ II-ին սպանելու մահափորձին մասնակցելու համար։

Մեկուկես տարի տևած բանտարկության ընթացքում հայ բանտարկյալները բազմաթիվ հարցաքննությունների են ենթարկվել։ Նրանց հայհոյել են, ծեծել, վրաները սառը ջուր լցրել, չարչարել և այլն։ 1909 թվականի մայիսին, յուրաքանչյուր բանտարկյալից 500-ական ոսկեդրամ վերցնելով, փաստաբանների օգնությամբ, Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի միջնորդությամբ բոլորը ազատ են արձակվել՝ նյութապես, ֆիզիկապես ու հոգեպես քայքայված վիճակում։

Գրականություն խմբագրել

  • Տէր Յովհաննէսեան Գրիգոր, Պատմագիրք Սիվրի-Հիսարի հայոց, Պէյրութ, 1965։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։