Լևոնի աստվածային գետնափոր

Լևոնի աստվածային գետնափոր, հայտնի է նաև որպես «Լևոնի քարանձավ», «Լևոնի աստվածային գետնափոր թանգարան» կամ «Տոսյայի փոս», հիմնադրվել է 1985 թվականին, հիմնադիրն է Լևոն Առաքելյանը։ Գետնափոր-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Գետնափորի խորությունը 21 մետր է, 7 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով[1][2]։ Լևոնի մահից հետո թանգարանի այցելուներին դիմավորում է Լևոնի կինը` տիկին Տոսյան։

Լևոնի աստվածային գետնափոր
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԿոտայքի մարզ
ՀասցեԱռինջ համայնք, 5-րդ փողոց
ՀիմնադիրԼևոն Առաքելյան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Լևոն Առաքելյանն ապրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ 1985 թվականի գարնանը Լևոնի կինը՝ տիկին Տոսյան ամուսնուն խնդրել է կարտոֆիլի համար հոր փորել։ Լևոնին տեսիլք է երևացել։ Տեսիլքում մառախուղի միջից մի ձայն նրան ասել է շարունակել փորել ինչ էլ որ լինի։ Վարպետը շարունակել է աշխատել, արել բազմաթիվ փորագրություններ ճիշտ այնպես, ինչես եղել են տեսիլքներում[3]։ Նա նաև էլեկտրալարեր է անցկացրել և լամպեր տեղադրել։ Լևոնի սկզբունքն է եղել աշխատել միայն հատիչով և մուրճով։ Չնայած հողի կոշտությանն ու աշխատանքի բարդությանը, վարպետը դեմ է եղել ցանկացած էլեկտրական գործիքի, մերժել տեխնիկա տրամադրելու առաջարկները։ Լևոնը գետնափորը փորել է շուրջ 23 տարի, աշխատել գրեթե ամեն օր առանց հանգստի[3]։

Վարպետ Լևոնը մահացել է 2009 թվականին[4]։ Նրա մահից հետո գետնափոր-թանգարանը աշխատեցնում է տիկին Տոսյան։

Կառուցվածք խմբագրել

Գետնափորի խորությունը 21 մետր է, մակերեսը 300 քառակուսի մետր է, 6 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով։ Քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում` և ամռանը, և ձմռանը 10 աստիճան է։ Կան առանձնացված սենյակներ, փոսեր, պատերին արված յուրահատուկ փորագրություններ։ Պատերին կան վառվող մոմեր։ Լևոնը նպատակ է ունեցել փորել ևս 74 սենյակ՝ յուրաքանչյուրին տալով առանձնահատուկ դեկորացիա[3][5]։ Տան առաջին հարկը այսօր թանգարան է։ Այստեղ են պահվում վարպետ Լևոնի հագուստները, նրա մասին մամուլի հրապարակումները, մատյանները, որոնցում այցելուները գրել են իրենց տպավորությունները։ Տան բակում ցուցադրված են ծաղկամաններ, որոնք վարպետ Լևոնը պատրաստել է իր փորած քարերի մնացորդներից։ Բակի պատին նրա ստեղծագործած երկու նկարներն են. մեկում ինքն է՝ հատիչն ու մուրճը ձեռքին, մյուսում կինը՝ կարտոֆիլը ձեռքին[3][5]։

ֆիլմերում խմբագրել

  • Վիգեն Չակդրանյան, «Քրմուհին», որոշ դրվագներ
  • Անահիտ Շահսուվարյան, Հարություն Շատյան, «Քավարան»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լևոնի աստվածային գետնափոր».
  2. «Մեր օրերի Նոյը».
  3. 3,0 3,1 3,2 3,3 «LEVON'S DIVINE UNDERGROUND/Official». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  4. «Levon's Divine Underground».
  5. 5,0 5,1 «Լևոնի աստվածային գետնափոր, կառուցվածքը».