Լիտուրգիա, (հուն. λειτουργία- հասարակական պարտավորվածություն)՝ հին հունական քաղաք-պետություններում (պոլիսներում) պետական պարտավորվածություն, որը հարկադրաբար կատարում էին հարուստ քաղաքացիները և մետեկիները (Μέτοικοι՝ բառացի վերաբնակիչներ, Հին Հունաստանում ոչ լիիրավ վերաբնակիչ օտարերկրացի քաղաքացիներ )։ Վերջիններս պարտավոր էին փակել պետական այս կամ այն բնագավառի որոշ ծախսեր։ Տարանջատվում էր երկու տեսակի լիտուրգիա՝ հասարակ և հատուկ։ Հասարակ լիտուրգիայի շարքին էին դասվում խորեգիան (երգչախմբերի հովանավորումը թատերական ներկայացումներ ժամանակ), արքիթորիան (կրոնական տոներին մասնակցելու համար գնացող դեսպանորդների ծախսերը հոգալը) գիմնասարքիան (մարմնամարզիկների՝ մրցումներին մասնակցելու համար անհրաժեշտ ծախսերի հոգալը)։ Իսկ հատուկ լիտուրգիայի շարքին էր դասվում օրինակ՝ տրիերախիան՝ ռազմանավերի՝ տրիերների կառուցումը։ Լիտուրգիան առավել լայն տարածում գտավ Աթենքում մ. թ. ա. V-IV դդ։ Լիտուրգիայի ներմուծումը հասարա-քաղաքական կյանք հետապնդում էր երկու նպատակ. նախ թուլացնել հարուստների և աղքատների միջև առկա լարվածությունը, ամրապնդել պոլիսների ռազմական հզորության։

Բացի Հին Հունաստանից հետագայում լիտուրգիան տարածվեց նաև հելլենիստական, ապա հռոմեական Եգիպտոսում, Հռոմեական կայսրությունում, Բյուզանդիայում ինչպես նաև Հայաստանում։ Հայաստանում լիտուրգիան ներկայացված էր նույն անունով, բայց միապետական կարգերի ազդեցության տակ ձևափոխված վիճակում։ Խոսքը նախ և առաջ Գառնիի արձանագրության մասին է, որտեղ հիշատակված է ոմն Մեննեաս, «լիտուրգոս»- λειτουργος հորջորջմամբ, որն իր վրա է վերցրել թագավորական ամրոցի հիմնադրման (կամ ավելի ճիշտ նորոգման ) ծախսը։ Այդ կապակցությամբ նրա անունը և գործարքին ներկա վկայի անունը գրանցվում էր ստանդարտ արձանագրության մեջ, որը կազմված էր նմանօրինակ դեմքերի համար մշակված հատուկ բանաձևով։ Այստեղ հիշատակված են թագավորը իր բոլոր տիտղոսներով δεσοπτης-« գերագույն տեր» հորջորջմամբ, շինարարության օբյեկտը և թվագրումը թագավորի իշխանության տարիների։ Գործն այնպես է ներկայացվում, թե հիմնադիր թագավորն է, որպես գերագույն տեր, իսկ վճարողը Մենեասը, որպես լիտուրգոս։ Թեև Մեննեասը հսկայական միջոցներ է հատկացրել շինարարության համար, այնուհանդերձ հնարավորություն է ստացել անմահացնելու իր անունը։ Ինչպես հայտնի է քաղաքներ հիմնադրելու ֆունկցիան վերապահված էր թագավորին։ Արձանագրությունը ցույց է տալիս, որ այդ ֆունկցիան հաճախ անվանական բնույթ է կրում, և իսկական հիմնադիրները, այսինքն՝ աշխատանքը ֆինանսավորողները միանգամայն այլ անձնավորություններ էին։ Արձանագրության ստանդարտ բնույթը ապացուցելու է գալիս այն համոզմանը, որ Գառնիի լիտուրգիայի դեպքը եզակի չէր հին Հայաստանում, այլ ընդունված գործելակերպ էր պետական կյանքում։ Հավանական է, որ այն երբեմն իրականացվում էր պարտադրական ձևով, իհարկե նաև թագավորին հաճոյանալու համար։ Ավելի վաղ՝ Տիգրան II Մեծի (մ.թ.ա 95-55 թթ.) ժամանակին վերաբերող մի վկայությունը հենց այդ մասին է խոսում, միաժամանակ վկայելով Հայաստանում լիտուրգիայի երկար ժամանակ գոյություն ունենալու մասին։ «Որովհետև,- գրում է Պլուտարքոսը,-մասնավոր անձինք և մեծատոհմիկները՝ թագավորի նկատմամբ ունեցած սիրուց և հարգանքից դրդված (հոգ էին տանում) քաղաքի շինության մասին, ապա և այն հարուստ էր գանձերով ու կառույցներով»։ Նման լիտուրգիան, համահունչ լինելով տեղական որոշ պարհակներին և այլն, ըստ երևույթին խոր արմատներ էր գցել հայ իրականության մեջ։ Թերևս լիտուրգիայի դեպք է արձանագրում արդեն մ. թ. III դարին վերավերող Գառնիի բաղնիքի խճանկարի հունարեն արձաագրությունը՝ «աշխատեցինք ոչինչ չստանալով»։ Ավելի ուշ, արդեն Բագրատունյաց թագավորության (885-1045 թթ) շրջանում, մայրաքաղաք Անիում քաղաքային պարիսպները պետության կողմից կառուցվելուց հետո այս կամ այն մեծահատունը կարող էր վճարել պարիսպի մի հատվածի ծախքը, որի դիմաց իրավունք էր ստանում համապատասխան արձանագրություն անելու պարիսպի կառուցման ժամանակ նախապատրաստված հատուկ վեմի վրա։

Օգտագործված գրականության ցանկ խմբագրել

  • Հայ ժողովրդի պատմություն, հ.I, Երևան, 1971 էջ 684-685։
  • Գ.Սարգսյան, Գառնիի հունարեն արձանագրության շուրջ, Տեղ. ՀԳԱՀԳ, 1956, N 3, էջ 45-56։
  • Ս.Կրկյաշարյան, Եվս մի անգամ Գառնիի հունարեն արձանագրության մասին, ՊԲՀ, 1965 N3, էջ 235-238։
  • К.Тревер , Очерки по истории культуры древней Армении, М., 1953, էջ 174-212։