Լայթ-նովել (ճապ. ライトノベル), կրճատ՝ ラノベ (ռանոբե) կամ ライノベ (ռաինոբե). նկարազարդումներով ճապոնական վեպ, որի հիմնական ընթերցողները դեռահասներն ու երիտասարդներն են։ Light Novel տերմինը առաջացել է անգլ. light (թեթև, պարզեցված) և novel (վեպ) բառերից և բառացիորեն նշանակում է «թեթև վեպ»։

«Shinigami no Baraddo» (Ballad of a Shinigami) լայթ-նովելի առաջին հատորի շապիկ

Լայթ-նովելների նկարազարդումները հիշեցնում են մանգաներից կադրեր, սակայն տեքստի համեմատ նրանց ծավալը բավականին փոքր է, այդ պատճառով լայթ-նովելները համարվում են արձակ ստեղծագործություններ։ Նրանց հիման վրա հաճախ ստեղծվում են անիմե- կամ մանգա-ադապտացիաներ։ Գրքերը արտադրվում են գրպանային ֆորմատով՝ 10,5x15 սմ չափսերով, ինչպես նաև թողարկվում են մաս-մաս՝ գրական պարբերագրերում, ինչպիսին են «Dragon Magazine», «The Sneaker», «Dengeki HP», կամ խառը բովանդակությամբ պարբերականներում («Comptiq» և «Dengeki G's Magazine»)։ Լայթ-նովելի հայտնի օրինակ է Հաջիմե Կանզակայի կողմից գրված «Slayers»-ը, որի հիման վրա նկարահանվել է անիմե-սերիալ և գրվել մանգա։

«Լայթ-նովել» ստեղծագործությունները Ճապոնիայում մեծ պահանջարկ ունեն, և հրատարակիչները գտնվում են նոր հեղինակների մշտական որոնումների մեջ։ Այդ պատճառով կազմակերպվում են ամենամյա մրցույթներ, որոնց հաղթողները դրամական մրցանակից բացի, ստանում են նաև իրենց աշխատանքները հրապարակելու հնարավորություն։ Լայթ-նովելների այլ լեզուներով հեղինակազորված թարգմանությունները բավականին քիչ են՝ ցածր պահանջարկի և մանգայի համեմատ թարգմանվող տեքստի ծավալի զգալի տարբերության պատճառով։

Կառուցվածք խմբագրել

Քանի որ լայթ-նովելները գրվում են առաջին հերթին երիտասարդ ընթերցողների համար, նրանք ունեն ձևակերպումների հետ կապված որոշ առանձնահատկություններ։ Գրքերը թողարկվում են ոչ մեծ ֆորմատով, պարունակում են գունավոր նկարազարդումներ (հիմնականում նույն ոճի մեջ ինչպիսին են մանգան և անիմեն), տեքստը հավաքվում է ավելի մեծ տառատեսակով քան թերթերում կամ սովորական գրքերում։ Տեքստը հիմնականում գրվում է կարճ (մեկ-երկու նախադասություն) պարբերություններով, շատ են երկխոսությունները։ Այս առանձնահատկությունները նախատեսված են լայթ-նովելների արագ ընթերցման համար։

Սակայն սխալմունք կլիներ լայթ-նովելները համարել զուտ մանգայի տարատեսակ։ Լայթ-նովելի տիպիկ կառուցվածքն է՝ սկզբից մի քանի գունավորված նկարազարդումներ, ապա մոտ 200-400 էջ տեքստ, որտեղ հազվադեպ հանդիպում են սև-սպիտակ պատկերներ։ Ստեղծագործության մեկ էջը ունի այնպիսի տեսք, ինչպիսին ցույց է տրված նկարում (Okami to Koshinryo (Spiece and Wolf) ռանոբեի առաջին հատորից էջ)։ Ստեղծագործության ընդհանուր ծավալը բավականաչապ մեծ է։ Վերը նշված Okami to Koshinryo լայթ-նովելի առաջին հատորի անգլերեն սիրողական թարգմանությունը ներառում է 65 485 բառ, Zero no Tsukaima-յի առաջին հատորը՝ 39 705 բառ։ Համեմատության համար. Ք. Ս. Լյուիսի հայտնի վեպ «The Lion, the Witch and the Wardrobe»-ը օրիգինալում պարունակում է 37 467 բառ։