Իոնիտներ, իոնափոխանակիչներ, պինդ ջրում և օրգանական լուծիչներում գործնականորեն չլուծվող, բնական կամ սինթետիկ նյութեր, որոնք ընդունակ են իոնափոխանակման։ Իոնիտները կազմված են չլուծվող կմախքից դրան լիցքավորող ակտիվ իոնածին (ֆունկցիոնալ) խմբերից և վերջինիս լիցքը չեզոքացնող շարժուն հակաիոններից, որոնք փոխանակվում են նույնալիցք իոնների հետ։ Իոնիտները բաժանվում են կատիոնիտների, անիոնիաների և ամֆոլիտների։ Կատիոնիտները պինդ, հատիկավոր, ջրում ուռչող նյութեր են, ունեն թթվային ակտիվ խմբեր , ինչպես նաև փոխանակման ընդունակ հակաիոններ ։ Անիոնիտները ունեն անիոններ փոխանակող հիմնային ակտիվ խմբեր ։ Ամֆոլիտներն ընդունակ են փոխանակելու կատիոններ և անիոններ։ Իոնիտները պետք է լինեն շատ կլանող, մեխանիկապես ամուր, ջերմության, թթուների, ալկալիների և օքսիդիչների նկատմամբ կայուն, հագենալուց հետո վերականգնվեն՝ կրկին օգտագործվելու համար։ Որպես իոնիտներ կիրառվում են բնական կամ արհեստական ալյումասիլիկատներ (ցեոլիաներ, գլաուկոնիտներ), ծծմբացված ածուխներ, իոնափոխանակիչ խեժեր և այլն։ Իոնիտները լայնորեն կիրառվում են ջրերի աղազրկման, թափվող ջրերից գունավոր և թանկարժեք մետաղների կորզման, լանթանիդների բաժանման, շաքարանյութի, կիտրոնաթթվի, գինեթթվի, կաթնաթթվի ու վիտամինների մաքրման, սպիտակուցներից ամինաթթուների անջատման, քիմիապես մաքուր նյութերի ստացման համար։ Իոնիտները լավ կատալիզատորներ են օրգանական սինթեզում։ Բժշկության մեջ իոնիտները կիրառվում են նիկոտինը, մորֆինը, քինինը անջատելու և անտիբիոտիկները մաքրելու համար։

Իոնային հատիկներ



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 379