Ինկուբատորանոց, արտադրական շինություն, որտեղ կատարվում է գյուղատնտեսական թռչունների ձվի ինկուբացիան և ճտահանությունը։

Տեղեկություններ խմբագրել

Ինկուբատորանոց կառուցում են թռչնաֆաբրիկաներում, թռչնաֆերմաներում, ինկուբատորաթռչնաբուծականկայաններում։ Ինկուբատորանոցի հիմնարտադրական շինությունները տեղաբաշխում են տեխնոլոգական շարժընթացներին համապատասխան։ Ձվերի ընդունման և տեսակավորման շինությունը հանդերձում են ձվատեսակավորող մեքենաներով, հատուկ սեղաններով ու ձվադիտակներով, ձվապահեստարանը՝ դարակաշարերով և հարկաշարերով (ինկուբացման ձվերով լի արկղերը տեղադրելու համար), ինկուբացման սրահը՝ ճտահան մեքենաներով, ճտահանման սրահը՝ ճտահանման դարակաշարերով, ճտերի տեսակավորման շինությունը՝ տեսակավորման սեղաններով։ Ինկուբատորանոց կառուցում են, հիմնականում, միահարկ, ուղղանկյունաձև հատակագծով (հավաքովի միօրինակացված կառուցատարրերից կամ տեղական շինանյութից)։ Ինկուբատորանոցը հանդերձում են նաև ավտոմատ կառավարվող էլեկտրամատակարարումով, ջեռուցումով և օդափոխությամբ, տաք և սառը ջրամատակարարումով, կոյուղով։ Ձեռնարկության տարածքում ինկուբատրանոցը տեղաբաշխում են թռչունների համար նախատեսված այլ շինություններով՝ քամիներից պաշտպանված մասում։ Յուրաքանչյուր ինկուբատրանոցի աշխատանքում նախատեսված է տարեկան 6 օրից ոչ պակաս կանխարգելիչ ընդմիջում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։