Ինժեներա-երկրաբանական հանույթ

Ինժեներա-երկրաբանական հանույթ, տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների ուսումնասիրությունը նրա սահմաններում տարբեր ինժեներական կառույցներ կամ միջոցառումներ իրականացնելու համար։ Հանույթի արդյունքները արտահայտվում են ինժեներաերկրաբանական քարտեզների միջոցով։ Նրա մասշտաբը որոշվում է տվյալ շրջանի երկրաբանական կառուցվածքի բարդության և ուսումնասիրվածության աստիճանով, հետազոտությունների խնդիրներով և նախագծման փուլով։ Ինժեներական հանույթ լինում է՝ փոքր 1։ 500000 և ավելի փոքր, միջին 1։ 200 000-1։ 25000 և մեծ մասշտաբի 1։ 10000 և ավելի մեծ։ Շինարարության մեջ օգտագործում են ընդհանուր ամփոփիչ 1։ 200000 և ավելի փոքր, հատուկ ամփոփիչ 1։ 100000-1։ 25000, սխեմատիկ 1։ 10000-1։ 5000 և մանրակրկիտ 1։ 2000-1։ 1000 ինժեներա-երկրաբանական քարտեզներ։ Ինժեներա-երկրաբանական հանույթիի ժամանակ մանրամասն հետազոտվում են երկրաբանական ֆորմացիաները, ապարների և շերտերի կազմությունը, հասակը, ծագումը, հզորությունը, փոփոխությունները տարածության մեջ, հողմահարվածության աստիճանն ու բնույթը։ Հանույթի կարևորագույն մասն են կազմում հիդրոերկրաբանական պայմանների՝ ապարների ջրակալման աստիճանի, ստորերկրյա ջրերի տեղադրման խորության, ճնշման, քիմիական կազմի, բետոնի և մետաղական կոնստրուկցիաների նկատմամբ ագրեսիվության ուսումնասիրությունները։ ՀՀ-ում այն հիմնականում կատարվում է տարբեր կառույցների նախագծերի և բնակավայրերի գլխավոր հատակագծերի հիմնավորման նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 344