Ինդոնեզական գրականություն

Ինդոնեզիայի գրականության առաջին հուշարձանները վերաբերում են 7-8 դարերին։ Անցյալում առավել զարգացման է հասել ճավայական գրականությունը («Ռամայանա», 9 դարում, Կանվայի «Արջունայի հարսանիքը», 11 դարի պոեմները և այլն)։ Ճավայական գրական ավանդույթը օրինակ է դարձել 1618-րդ դարերում ձևավորվող սունդանական և մադուրական գրականությունների համար։

Ազգային-ազատագրական շարժումների շրջանում մալայերենը դարձել է երկրի քաղաքական ու մշակութային միասնացման լեզու։ Ինդոնեզերեն վեպի ժանրում առաջին փորձերն արեցին պրոլետարական գրողներ Մ. Կարտոդիկրոմոն (1878–1928) և Սեմաուն (մահացել է 1971 թվականին)։ Սակայն 20–30-ական թվականներին գերակշռող ազդեցություն ուներ կենցաղագրական վեպը։ Ռոմանտիկական և սենտիմենտալ սյուժեներով վեպեր են գրել Ս. Մ. Ալիշախբանան (ծնվել է 1908 թվականին) և Ի՚ամկան (ծնվել է 1908 թվականին)։ Գաղութային շրջանում երևան են եկել մերկացնող ստեղծագործություններ Աբդուլլա Մուիսի (1886–1959), Ասմարա Հաղի (ծնվել է 1914 թվականին)։ 30-ական թվականներին վերջերին որոշ գրողների գործերում ուժեղացել են ռեալիստական միտումները (Արմայն Պան, 1908–1970, Խ. Ցասսին, ծնվել է 1917 թվականին, Խ. Բանդախարո, ծնվել է 1917 թվականին)։ Ինդոնեզիայի անկախության հռչակումն ակտիվացրեց գրական պրոցեսը։ Խայրիլա Անվարի (1922–1949) պոեզիայի արտահայտչականությունը, Իդրուսի (ծնվել է 1921 թվականին) պատմվածքների անողոք ծաղրը, Պ. Տուրի (ծնվել է 1925 թվականին) պատմվածքներն ու վիպակները, Ախդիատ Կարտամիխարջիի (ծնվել է 1911 թվականին) «Աթեիստ» վեպը, Ու. Սոնտանիի (ծնվել է 1920 թվականին) պիեսները «45 թվականի սերունդ» գրական հոսանքի նկատելի նվաճումներն են։ 50-ական թվականներին սկզբներից խոշորագույն գրողների և դրամատուրգների մի մասը աստիճանաբար մտել է ժողովրդական մշակույթի ընկերության (Լեկրա) և այլ առաջադեմ կազմակերպությունների մեջ, մյուս մասը պարփակվել է անձնական խնդիրների շրջանակում կամ տարագրվել։ 1965 թվականի դեպքերը վերացրել են Լեկրան։ Ինդոնեզիաի ժամանակակից գրականության առավել նշանակալի երևույթը 50-ական թվականների կեսերին ձևավորված «հողականություն»-ն է (ռուս.՝ «почвенничество») (Վ. Ռենդրա, ծնվել է 1935 թվականին, Ռամադան Քարտախադիմաջա, ծնվել է 1927 թվականին, Աիպ Ռոսիդա, ծնվել է 1938 թվականին, Տոխա Մոիսոար, ծնվել է 1926 թվականին)։ Մոտինգո Բուշեն, Գերսոն Պոյկը և ուրիշներ իրենց ստեղծագործություններում անդրադարձել են ժամանակակից Ինդոնեզիայի սոցիալական սուր խնդիրներին։ Էքզիստենցիալիստական փիլիսոփայության ազդեցությունն են կրում Սիմատուպանգի (1928–1970) 60-ական թվականների վերջերին լույս տեսած վեպերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 339