Ժխտում (հոգեբանություն)
Ժխտում, հոգեկան գործընթաց, դասվում է հոգեբանական պաշտպանական մեխանիզմների շարքին։ Այս մեխանիզմի կիրառման դեպքում անձը հրաժարվում է ընդունել որևէ անցանկալի երևույթի գոյությունը։
Նկարագրություն
խմբագրելԺխտումը շատ պարզ ընկալելի հոգեբանական մեխանիզմ է։ Անվանումն ինքնին տալիս է բացատրությունը. անձը, ով կիրառում է այս մեխանիզմը, ժխտում է այն իրադարձությունը կամ տեղեկատվությունը, որը չի ցանկանում ընդունել։
Ժխտումը տարբերվում է արտամղումից։ Հիմնական տարբերությունն այն է, որ արտամղման ենթակա տեղեկատվությունը նախ գիտակցվել է, իսկ ժխտման ենթակա նյութը գիտակցության մեջ չի լինում[1]։ Գործնականում դա նշանակում է, որ որոշակի ջանքերի դեպքում արտամղված տեղեկատվությունը հնարավոր է հիշել, և սուբյեկտի կողմից դա կընկալվի որպես մոռացված։ Մինչդեռ ժխտված տեղեկատվությունը մարդու կողմից չի կարող հիշվել. այն կարող է միայն ճանաչվել, քանի որ անձի կողմից դա չի ընկալվել որպես գոյություն կամ նշանակություն ունեցող։
Ժխտման տիպիկ օրինակ է անձի՝ կորստին տրվող առաջին արձագանքը։ Հարազատ մարդու կորստի մասին լուրն իմանալու դեպքում սովորաբար մարդիկ ասում են. «Ոչ։ Ես ոչ մեկի չեմ կորցրել։ Դուք սխալվում եք»։ Կարելի է նաև ժխտել անթույլատրելի զգացմունքները կամ մտքերը։
Ժխտումը համարվում է իդեալականացման տարր, երբ իդեալականացվող անձի բացասական որակները չեն ընկալվում։
Այս մեխանիզմը կարող է օգտակար լինել քննադատական իրադրություններում, երբ հարկավոր է պահպանել սառնասրտությունը և սառը դատողությունը։
Ժխտման հիմնական խնդիրն այն է, որ թույլ չի տալիս պաշտպանել իրականությունից։ Կարելի է ժխտել հարազատի մահը, սակայն դրանից այդ կորուստը չի վերականգնվում։ Կամ կարելի է ժխտել որևէ հիվանդության առկայությունը, սակայն դրանից մարդը չի առողջանում[1]։
Կապ հոգեկան խանգարումների և անձնային տիպերի հետ
խմբագրելԺխտումը բնորոշ է հատկապես մանյակալ ախտանիշին, հիպոմանիային և, առհասարակ, մանյակալ աստիճանի երկբևեռ աֆեկտիվ խանգարումներին։ Այդ վիճակում անձը կարող է շատ երկար ժամանակ ժխտել հոգնածությունը, սովը, բացասական հույզերը և խնդիրները։ Դա կարող է տևել այնքան, մինչև օրգանիզմի ֆիզիկական պաշարները սպառվեն[1]։ Ժխտումը հանդիսանում է պարանոիդ անձնային խանգարմանը բնորոշ հիմնական պաշտպանական մեխանիզմներից մեկը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Нэнси Мак-Вильямс, «Психоаналитическая диагностика», глава «Отрицание»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Нэнси Мак-Вильямс, «Психоаналитическая диагностика», глава «Параноидные личности»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Мак-Вильямс Н. Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе = Psychoanalytic diagnosis: Understanding personality structure in the clinical process. — М.: Класс, 1998. — 480 с. — ISBN 5-86375-098-7.