Թփուտային դաշտամուկ (լատին․՝ Microtus majori), համստերների ենթաընտանիքի համստերանմանների ընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է հյուսիսային մարզերի անտառներում։

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Մարմնի երկարությունը 11 սմ է, պոչինը՝ 3, 5 սմ։ Մեջքի մորթին գորշաշագանակագույնից մոխրահարդագույն է, փորինը՝ արծաթամոխրագույն։ Պոչը երկգույն է։ Հետին թաթի տակ կա 5 կոշտուկ։

Սննդառություն

խմբագրել

Սնվում է խոտաբույսերով, կաղնու, հաճարենու և այլ ծառերի ընկուզիկներով, սերմերով, երբեմն պահեստավորում է բույսերի արմատները։

Կենսակերպ

խմբագրել

Բնակվում է մակերեսային, գետնափոր (մինչև 30-40 սմ խորությամբ) բներում, որոնք կառուցում է ընկած ծառերի, թփուտների արմատների տակ։

Բազմացում և զարգացում

խմբագրել

Բազմանում է տարին 4-5 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում 3-4 ձագ։ Ակտիվ գործում է ամբողջ օրվա ընթացքում։ Վնասում է անտառներին հարակից ցանքերը, այգիներն ու տնկարկները։ Մի շարք վարակիչ հիվանդությունների (տուլարեմիա, լեպտոսպիրոզ և այլն) հարուցիչների կրող է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։