Թրաֆալգարյան հրապարակի տոնածառ

Թրաֆալգարյան հրապարակի տոնածառ (անգլ.՝ Trafalgar Square Christmas tree, Թրաֆալգարյան հրապարակի սուրբծննդյան ծառ), Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի նվերը Մեծ Բրիտանիայի ժողովրդին[1], որ տեղադրվում է ամեն տարի՝ սկսած 1947 թվականին։ Այն Թրաֆալգարյան հրապարակում մնում է դեկտեմբերի սկզբից մինչև հունվարի 6-ը։

Թրաֆալգարյան հրապարակի տոնածառը 2008 թվականին

Պատմություն խմբագրել

 
Սուրբծննդյան երգեցողություն Թրաֆալգարյան հրապարակի տոնածառի մոտ 2006 թվականին՝ Սուրբ ծննդից երկու օր առաջ

Թրաֆալգարյան հրապարակի տոնածառն Օսլո քաղաքի ամենամյա նվերն է որպես երախտագիտության նշան այն օգնության համար, որ Մեծ Բրիտանիան ցույց է տվել Նորվեգիային Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[2]։

Տոնածառի շուրջն ընկած տարածքը դառնում է Սուրբ ծննդյան տոնակատարության, առաջին հերթին՝ սուրբծննդյան երգեցողության վայր, որոնց մասնակցում են տարբեր կոլեկտիվներ՝ ոչ առևտրային կամ բարեգործական կազմակերպությունների համար միջոցներ հավաքելու նպատակով։

Տոնածառը հրապարակում մնում է մինչև Սուրբ ծննդյան տասներկուերորդ գիշերը, ինչից հետո ծառն ուղարկվում է վերամշակման[3]։

Ծառ խմբագրել

Որպես տոնածառ Թրաֆալգարյան հրապարակում, որպես կանոն, տեղադրվում է 50-60-ամյա նորվեգական եղևնի, որը սովորաբար ունի ավելի քան 20 մետր բարձրություն։ Ծառը կտրում են Նորվեգիայում մոտավորապես նոյեմբերին, իսկ կտրման արարողությանը մասնակցում են Նորվեգիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Օսլոյի քաղաքապետը և Վեստմինստրի լորդ-քաղաքապետը։ Ապա ծառն ուղարկվում է Մեծ Բրիտանիա ծովային տրանսպորտով[3]։ Նախկինում մի քանի տարի եղևնին անվճար Ֆիլիկստոու նավահանգիստ է հասցրել Fred Olsen Line ընկերությունը[1]։ 2007 թվականին ծառը Մեծ Բրիտանիա է հասցվել Իմմինգհեմ նավահանգստով DFDS Tor Line ընկերության աջակցությամբ[4]։ 2018 թվականին եղևնու տեղափոխումը, պահպանությունն ու Թրաֆալգարյան հրապարակում նրա տեղադրումն ստանձնել է Radius Crane Management Ltd ընկերությունը[5]։

Թրաֆալգարյան հրապարակի տոնածառը զարդարվում է ավանդական նորվեգական ոճով և լուսավորվում 500 սպիտակ լապտերներով։ 2008 թվականին օգտագործվել են ցածր հզորության հալոգենային լամպեր, որոնց ընդհանուր հզորությունը կազմել է 3,5 կՎտ[6]։

Ծառի բնի մոտ տեղադրվում է ցուցանակ հետևյալ գրությամբ.

Այս ծառը նվիրել է Օսլո քաղաքն ի նշան լոնդոնցիների հանդեպ նորվեգացիների երախտագիտության 1940-45 թվականներին նրանց ցուցաբերած օգնության համար։
Ծառը նվիրվում է ամեն տարի՝ սկսած 1947 թվականից։

Լույսերի վառում և երգեցողություն խմբագրել

Տոնածառերի լույսերը վառելու արարողությունը կատարվում է դեկտեմբերի առաջին հինգշաբթի օրը մի քանի հազար մարդկանց ներկայությամբ։ Արարողությունն անցկացնում է Վեստմինստրի լորդ-քաղաքապետը, իսկ երաժշտությունն ապահովում են նվագախումբն ու երգչախումբը[4]։

Տոնածառի շուրջն ավանդաբար հավաքվում են սուրբծննդյան երգերի կատարողներ[1]։ Բազմաթիվ լոնդոնցիների համար տոնածառն ու նրա հետ կապված միջոցառումները նշանակում են Սուրբ ծննդյան մոտենալը[3]։

2009 թվականին Պոեզիայի միությունն ամեն տարի հավաքում է նոր բանաստեղծություններ ծառի բնի մոտ տեղադրվող ցուցանակների համար։ 2010 թվականին բանաստեղծություններից մեկը դպրոցականներն արտասանել են տոնածառերի լույսերը վառելու արարողության ժամանակ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Baker, Margaret. Discovering Christmas Customs and Folklore: A Guide to Seasonal Rites, (Google Books(չաշխատող հղում)), Osprey Publishing, 1992, p. 50,(
  2. Solholm, Rolleiv (2013 թ․ դեկտեմբերի 7). «Norway's Christmas tree lights up Trafalgar Square». The Norway Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 "Christmas in Trafalgar Square Արխիվացված 16 Փետրվար 2009 Wayback Machine", Greater London Assembly, official site, 2008, accessed 26 March 2009.
  4. 4,0 4,1 Strange, Hannah. The Trafalgar Christmas Tree The Times, (London), 6 December 2007, accessed 26 March 2009.
  5. caterpillar (2018 թ․ դեկտեմբերի 19). «It's beginning to look a lot like Christmas in Trafalgar Square!» (ամերիկյան անգլերեն). Radius. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. "Trafalgar Square Christmas tree marks the start of Christmas in Westminster Արխիվացված 2012-12-23 archive.today", City of Westminster, 8 December 2008, accessed 26 March 2009.
  7. «Trafalgar Square Christmas Tree - Wrapped in Poetry». The Poetry Society. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել