Ընտանի խայտահավեր, խայտահավերի ընտանիքի թռչուններ։ Ծագում են սովորական խայտահավերից (Numida meleagris), որոնք ապրում են Աֆրիկայում։ Ընտելացվել են Հին Հունաստանում և Հռոմում։

Նկարագրություն խմբագրել

Խայտահավերի մարմինը երկար է, ձվաձև, հորիզոնական։ Գրեթե մերկ գլխի վրա առկա է ոսկրե հիմքով կաշեկերպ կատար (առավել զարգացած է արուների մոտ)։ Գլխի կողքերին առկա են սպիտակ- կարմիր գինդեր, կտուցի վերին մասում՝ մանուշակագույն թաղանթային ձայնապարկ։ Պոչը կարճ է, փափուկ, թավոտ։ Փետրավորումը մոխրագույն է, երկնագույն կամ սպիտակ՝ կլոր, փայլուն-սպիտակ բծերով, որոնք աչքի են ընկնում նույնիսկ սպիտակ խայտահավերի մոտ։ Հասուն թռչունները պահանջկոտ չեն պահվածքի պայմանների նկատմամբ, սակայն ճտերը վատ են դիմանում խոնավությանն ու միջանցիկ քամիներին։ Սեռահասուն են դառնում 6-7 ամսականում, բազմացման համար պահում են 2-3 տարի (4-6 էգին թողնում են 1 արու)։ Բազմացնում են միս ստանալու համար։ Հասուն արուների կենդանի զանգվածը 1,7-1,8 կգ է, էգերինը՝ 1,8-2,0, բրոյլերներինը 10-11 շաբաթականում՝ մոտ 1 կգ։ Ճտի միսը նուրբ է, համը որսամիս է հիշեցնում։ Տարեկան միջին ձվատվությունը՝ 70-120 ձու։ Ձվի կեղևը բաց դարչնագույն է, հաստ և ամուր, քաշը՝ 42-45 գ, պահպանվում է երկար, դեղնուցի մեջ բարձր է կարոտինոիդների պարունակությունը։ Ինկուբացիայի շրջանը 28 օր է։ Խայտահավերը պահում են մասնագիտացված տնտեսություններում, հասուն թռչունների և ճտերի թռչնանոցերում, խոր ցամքարի վրա, հիմնականում ներսում կամ դուրս են բերում կարճատև։ Բրոյլերներին աճեցնում են թռչնանոցներում՝ առանց ցամքարի կամ վանդակներում։ Կերակրում են օրը 3-4 անգամ, հիմնականում համակցված կերեր

Բուծում խմբագրել

Խայտահավերի բուծումը զարգացած է Ֆրանսիա, Հունգարիայում, Իտալիա]յում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում ստեղծվել են 2 տոհմական խմբեր սիբիյան սպիտակ և զագորսկյան սպիտակակուրծք։ Դրանց բուծմամբ զբաղվում են Նովոսիբիրսկի, Օմսկի մարզերում։ Շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում խայահավերի բուծումը սիրողական մակարդակի է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։