Էստոնիայի հատուկ պահպանվող տարածքներ

Էստոնիայի հատուկ պահպանվող տարածքները կարգավորվում են «Բնության պահպանության մասին օրենքի» (էստ․՝ Looduskaitseseadus) միջոցով։ Օրենքը անցել է Էստոնիայի խորհրդարանը (էստ․՝ Riigikogu) 2004 թվականի ապրիլի 21-ին և ուժի մեջ մտել՝ 2004 թվականի մայիսի 10-ին[1][2]։

Հատուկ պահպանվող տարածքները խմբագրել

 
Էնդլա արգելանոցը

Համաձայն օրենքի՝ հատուկ պահպանվող տարածքները պահպանվում են մարդու գործունեությունից և հատուկ պահանջների համար օգտագործվելուց։ Այստեղ բնական միջավայրը պաշտպանվում է, պահպանվում, վերականգնվում, հետազոտվում և ուսումնասիրվում[1]։ Էստոնիայում տարբերում են հատուկ պահպանվող տարածքների հետևյալ ձևերը՝

  1. Ազգային պարկեր
  2. Բնության հատուկ պահպանվող տարածքներ (արգելավայրեր)
  3. Լանդշաֆտի հատուկ պահպանվող տարածքներ (բնական պարկեր)

Ինչպես սահմանում է օրենքի §10.1 կետը՝ Որևէ տարածք հատուկ պահպանվող տարածք կարող է դառնալ միայն Էստոնիայի Հանրապետության կառավարության որոշմամբ[1]։

Օրենքը սահմանում է նաև պահպանվող տարածքների հետևյալ տեսակները[1].

  1. Խիստ պահպանվող բնական տարածքներ (§ 29)
  2. Հատուկ կառավարվող տարածքներ (§ 30)
  3. Սահմանափակ կառավարվող տարածքներ (§ 31)

Էստոնիայի ԽՍՀ-ի տարիներին, գոյություն ունեին միայն 5 հատուկ պահպանվող տարածքներ (արգելավայրեր) (էստ․՝ zapovednik). Վիլսանդի, Վիիդումե, Էնդլա, Նիգուլա և Մացալու։

 
Վիրու րաբան՝ Լահեմայի ազգային պարկում

Ազգային պարկեր խմբագրել

 
Էստոնիայի հյուսիսարևմտյան ափերը։
 
Թռչունների ուսումնասիրման աշտարակը՝ Մացալուի ազգային պարկում

Ազգային պարկը բնական միջավայրի, լանդշաֆտի, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, հետազոտության, ուսումնասիրության և վերարտադրման նպատակ ունեցող հատուկ պահպանվող տարածք է։ Էստոնիայի տարածքում կան հինգ ազգային պարկեր[3]՝

  1. Լահեմաայի ազգային պարկ - նպատակն է պահպանել հյուսիսային Էստոնիայի ափամերձ շրջանների բնությունը և մշակութային ժառանգությունը։
  2. Կարուլայի ազգային պարկ - նպատակն է պահպանել հարավային Էստոնիայի բլրային մորենային լանդշաֆտների բնությունը և մշակութային ժառանգությունը։
  3. Սոոմաայի ազգային պարկ - նպատակն է պահպանել Էստոնիայի անցումային շրջանի ճահճային և գետափային լանդշաֆտների բնությունը և մշակութային ժառանգությունը։
  4. Վիլսանդիի ազգային պարկ - նպատակն է պահպանել արևմտյան Էստոնիայի կղզեխմբի ափամերձ լանդշաֆտների բնությունը և մշակութային ժառանգությունը։
  5. Մացալուի ազգային պարկ - նպատակն է պահպանել արևմտյան Էստոնիայի Վայնամերի ծովի էկոհամակարգերի բնությունը և մշակութային ժառանգությունը։

Ազգային պարկը կարող է ընդգրկել բնական պաշարներ, հատուկ և սահմանափակ կառավարվող տարածքներ։

 
Պանգա քարափը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Nature Conservation Act». legaltext.ee. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2–ին-ին.
  2. «Looduskaitseseadus». Elektrooniline Riigi Teataja. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2–ին-ին.
  3. Estonian Nature Conservation in 2007 (PDF). Tallinn: Estonian Environment Information Centre. 2008. էջ 29. ISBN 978-9985-881-56-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել