Էջմիածնի հոգևոր ճեմարան

Էջմիածնի հոգևոր ճեմարան, կրոնական բարձրագույն գիշերօթիկ ուսումնական հաստատություն։ Բացվել է 1945-ի նոյեմբերի 1-ին, Էջմիածնում, Մատենադարանի նախկին շենքում, Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ հանդիսանալով Գևորգյան ճեմարանի յուրատեսակ շարունակությունը։ Ուսման տևողությունը 6 տարի է (3-ը՝ միջնակարգ դասարանական, 3-ը՝ բարձրագույն–լսարանական ծրագրերով)։ Նպատակն է հոգևորականներ պատրաստել հայ առաքելական եկեղեցիների համար։ Ընդունվում են 8-ամյա կամ 10-ամյա կրթություն ունե ցող 17–18 աարեկան քաղաքացիները և սփյուռքում հայկական կրթություն ստացած երիտասարդները։ Դասավանդվում են եկեղեցական–կրոնական (հայ եկեղեցու պատմություն, ընդհանուր եկեղեցու պատմություն, քարոզխոսություն, էկյումենիզմ, աստվածաբանություն, Աստվածաշնչի մեկնաբանություն), հայագիտական (հայոց լեզու և գրականություն, գրաբար, հայ ժողովրդի պատմություն) առարկաներ, երաժշտություն (եկեղեցական և եվրոպական), լեզուներ (ռուսերեն, անգլերեն), ինչպես և ուսանողների ընդհանուր զարգացմանը նպաստող այլ առարկաներ։ Շնորհալի ուսանողներին Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղարկում է քույր եկեղեցիների (ռուսական ուղղափառ, կաթոլիկ, հունական ուղղափառ, անգլիկան) կրոնական–կրթական բարձրագույն ուս. հաստատությունները՝ հարստացնելու իրենց լեզվական, աստվածաբանական–մասնագիտական գիտելիքները։ Տեսուչներ են եղել Մ. Մինասյանը, Հ. Աբրահամյանը, Ն. Պոզապալյանը, Հ. Մարուքյանը (1970-ից)։ Տարբեր տարիներ ճեմարանում դասավանդել են Վազգեն Ա կաթողիկոսը, Շ. Գալստյանը, Ա. Առաքելյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Ղարիբյանը, Վ. Առաքելյանը, Կ. Ղաֆադարյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 71