Էնիսոֆոբիա
Էնիսոֆոբիա, վախ հասարակության կողմից քննադատության հանդեպ։ Այս ֆոբիայով տառապող մարդը սովորաբար վստահ չէ իր կամ իր ուժերի վրա, ինքնամփոփ է և իրեն մեղավոր է զգում այլ մարդկանց մոտ։
Պատճառներ
խմբագրելԷսինոֆոբիան շատ դեպքերում կապված է անցյալի տհաճ փորձի հետ։ Ֆոբիայով տառապող շատ մարդիկ նախկինում ստիպված են եղել ստորացում, ամոթ կամ անհարմարություն զգալ։ Օրինակ, դա կարող է լինել մանկական հիշողությունը, երբ ուսուցիչը վատ սովորած դասի համար ցածր թվանշան է նշանակում։ Ժամանակի ընթացքում փակվածությունն ու անինքնավստահությունը միայն ավելանում են. հասուն տարիքում ղեկավարից նկատողություն ստանալիս մարդն ունենում է նույն ապրումները, ինչ ունեցել է մանկության տարիներին։ Աստիճանաբար մարդն առհասարակ դադարում է ինքն իրեն հավատալ և նախօրոք համոզվում է իր ձախողման մեջ։ Սակայն երբեմն ուղեղը հաղթահարում է վախն առանց տեսանելի պատճառի։ Այս խնդրի սկզբնապատճառը վեր հանելով` կարելի է ազատվել դրանից` պարզապես սադրող գործոնները բացառելով։ Առավել խոցելի են առհասարակ վախին ու տագնապին հակված մարդիկ, ինչպես նաև նրանք, ում հեշտ է վիրավորել ու հուսահատեցնել[1]։ Էնիսոֆոբիան բավականին տարածված վախ է, որը շատ մարդիկ բազմիցս ապրել են, սակայն այն ամեն մարդու մոտ տարբեր կերպ է արտահայտվում։ Սա ֆոբիա է, որի ախտանիշները տարբեր կերպ են դրսևորվում։ Այս հիվանդության ախտանիշները կարող են նման լինել այլ հիվանդությունների ևս, այդ պատճառով այն հեշտ է շփոթել այլ հիվանդությունների հետ։ Վախը կարող է ինչպես ինքնուրույն հիվանդություն լինել, այնպես էլ` ուղեկցել այլ հոգեբանական խնդրին։
Հետևանքներ
խմբագրելՔննադատության հանդեպ վախի պատճառով մարդուն թվում է` ասես ինչ-որ մեկը գողացել է նրա ներշնչանքն ու մոտիվացիան։ Վախն ավերում է երևակայությունը, ստեղծագործականությունն ու որևէ բան անելու ցանկությունը, իսկ անզգույշ ասված բառը կարող է խորապես վիրավորել մարդուն, ծանր ապրումներ ու սթրես առաջացնել։
Էնիսոֆոբիան ունի արտահայտման երկու տարբեր ձև.
- սոցիալական հարաբերություններ սկսելու վախ,
- հասարակության կողմից ուշադրության պակասի, անտեսված լինելու վախ։
Ախտանշաններ
խմբագրելՖոբիայի ախտանշանները տարբեր կերպ են արտահայտվում։ Առավել հաճախ հանդիպող ախտանշաններն են.
- Սրտխառնոց և փսխում
- Ձեռքերի և դեմքի կարմրում
- Հաճախ քրտնարտադրություն
- Վերջույթների դող
Քննադատության վախն արտահայտվում է ոչ միայն առողջական խնդիրներով, այլ նաև մարդուն կարող է հասցնել տագնապային իրավիճակի։
Խնդրի յուրաքանչյուր դեպք անհատական է։ Այն կարող է ժամանակի ընթացքում անցնել կամ վերաճել առավել լուրջ հիվանդության[2]։
Բուժում
խմբագրելԲուժման համար հաճախ դիմում են հոգեթերապիայի։ Շատ մասնագետներ ընդգծում են նեյրոլինգվիստիկ ծրագրերի կիրառումը։ Դեղերով բուժման համար օգտագործվում են.
- տրիազոլներ
- հակադեպրեսանտներ
Ցանկացած դեղամիջոց պետք է ընդունել միայն ըստ նշանակման։
Տարածված է նաև հիպնոսով բուժման տարբերակը։ Մարդն ընկում է հիպնոսային տրանսի մեջ, երբ գիտակցության գործունեությունը նվազում է, և վեր է բարձրանում ենթագիտակցականը։ Մարդը հնարավորություն է ստանում վերապրել կյանքի այն պահերը, որոնք օժանդակել են վախերի զարգացմանը, և փոխել իր վերաբերմունքը դրանց հանդեպ[3]։
Էնիսոֆոբիայի դրսևորում հանրային ելույթների ժամանակ
խմբագրելՇատ մարդիկ վախ են ապրում մեծ լսարանների առջև ելույթ ունենալուց և մեծ բեմերից։ Բեմերի հանդեպ վախն անմիջականորեն կապված է հանրության կողմից քննադատության վախի հետ։ Մարդն սկսում է մտորել, թե որքան է կարևոր տվյալ ներկայացվող նյութը, ինչպիսի տեսք ունի ինքը, ինչ կասեն և կմտածեն իր մասին։ Ըստ հոգեբանների տվյալների` մարդկության 95%-ն ունի մեծ լսարանի առջև ելույթ ունենալու վախ[4]։ Հանրության կողմից քննադատվելու վախն ազդում է ոչ միայն մարդու հոգեբանական վիճակի, այլև նրա կարիերայի աճի վրա. վախի պատճառով մարդը հաճախ ինքնամփոփ է դառնում, ինչը խանգարում է նրան հաջողությունների հասնել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «CTRN: Change That's Right Now | Enissophobia» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Эниссофобия: причины возникновения, боязнь критики как вид социальной фобии, пути преодоления страха» (ռուսերեն). StrahOff.net. 2018 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Страх критики - эниссофобия - Авторский сайт гипнолога Елены Вальяк». alphacentr.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Глоссофобия - симптомы, причины, лечение боязни сцены». fobiya.info. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.