Զաքարիա Փիլիսոփա ծաղկող

փիլիսոփա

Զաքարիա Փիլիսոփա ծաղկող (14-րդ դար - 15-րդ դար), միջնադարյան հայ փիլիսոփա, ծաղկող։

Զաքարիա Փիլիսոփա ծաղկող
Ծնվել է14-րդ դար
Մահացել է15-րդ դար
Մասնագիտություննկարազարդող և փիլիսոփա

Կենսագրություն խմբագրել

Եղել է Կարապետ քահանայի եղբայրը, Դանիել քահանայի հորեղբայրը։ Զաքարիա փիլիսոփայի գործունեության մասին հայտնի է, որ 1354 թվականին ծաղկել է իր ուսուցչի` Կարապետ կրոնավորի ընդօրինակած Ավետարանը։ Զաքարիա Փիլիսոփան ծաղկել է նաև Կարապետ կրոնավորի 1357 թվականի և 1358 թվականի գրչագրերը (ՄՄ 5332, Չեսթեր Բիթի 555), աղթամարյան գրիչներից Գրիգորի ընդօրինակած Ավետարանը, 1355 թվականի (ՄՄ 4915), իր եղբայր Կարապետ քահանայի գրչագրերը (ՄՄ 4923 և այլն)։ Նա համագործակցել է Վասպուրականի այլ գրչության կենտրոնների գրիչների հետ։

Ըստ Ղ. Փիրղալեմյանի` 1369 թվականին Զաքարիա կրոնավորը Աղթամարում ընդօրինակել է «Նարեկ» աղոթագիրքը, որը չի պահպանվել[1]։

Ավագ գրչի մահից հետո, 1377 թվականին Զաքարիան ծաղկել ու կազմել է Ավագի կիսատ մնացած ձեռագիրը։ 1385 թվականին նա ընդօրինակել և նկարազարդել է Ճաշոց (ՄՄ 4870)[2]։ 1389 թվականին Զաքարիա ծաղկողն օգնել է իր եղբորը` Կարապետ քահանային, Ճառընտիրի ընդօրինակման աշխատանքներում և նկարազարդել ձեռագիրը[3]։ 1393 թվականին բազմաշխատ ծաղկողը ստեղծել է հերթական մատյանը` ևս մեկ Ավետարան (ՄՄ 4908), որի պատվիրատուն եղել է Թադեոս կրոնավորը[4]։ 1399 թվականին Զաքարիան ծաղկում է ևս մեկ Ավետարան (ՄՄ 5510), որի ընդօրինակմանը մասնակցել է գրչի եղբորորդին և աշակերտը` Դանիել սարկավագը։ Այն պատվիրատու Դանիելը նախատեսել էր Ոստան քաղաքի Սուրբ Նախավկա եկեղեցու համար[5]։

1403 թվականին Զաքարիան, իր եղբայր Կարապետ քահանայի հետ ծաղկել է մի Ավետարան, որը մեզ հայտնի ծաղկողի վերջին ձեռագիրն է։

Զաքարիա ծաղկողը նկարազարդել է նաև այլ գրչության կենտրոններում պատրաստված մատյաններ, նրան են պատկանում 1365-1366 թվականների և 1368 թվականի Խիզանում Ստեփանոս գրչի ընդօրինակած ձեռագրերը (ՄՄ 10829, 5347)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղ. վ. Փիրղալէմեան, ՄՄ, ձեռ. 6273, 493ա։ Ա. Մաթևոսյան, Հայկական գրչության կենտրոնների համահավաք քարտարան (անտիպ, պահվում է Մաշտոցի անվան Մատենադարանում)
  2. ՄՄ, ձեռ. 4870, 473բ։ ԺԴ դարի հիշատակարաններ, էջ 553-554
  3. Մ. վ. Մաքսուդեան, Ագուլիսի եւ շրջակայքի ձեռագրերը, թիւ 24, «Արարատ», 1911, Թ, էջ 759-765։
  4. ՄՄ, ձեռ. 4908, 88ա։ ԺԴ դարի հիշատակարաններ, էջ 605։ Ձեռագրի տերունական պատկերաշարից պահպանվել են միայն երկու պատկերներ։ Կան ավետարանիչների պատկերներ, խորաններ, կիսախորաններ և այլ նկարազարդումներ
  5. ՄՄ, ձեռ. 5510, 271բ-2բ։ ԺԴ դարի հիշատակարաններ, էջ 624
  6. Երկու ձեռագրերն էլ ունեն բավականին ճոխ նկարազարդում։ 1365/6 թ. Ավետարանը (ՄՄ, ձեռ. 10829)` 22 տերունի և 4 ավետարանիչների պատկերներ, 8 խորան, կիսախորաններ, լուսանցազարդեր և զարդագրեր, իսկ 1368 թ. Ավետարանը (ՄՄ, ձեռ. 5347)` 21 տերունի և 4 ավետարանիչների պատկերներ, 8 խորան, կիսախորաններ, լուսանցազարդեր և զարդագրեր

Աղբյուրներ խմբագրել