Զաքարիա Աղթամարցի
Զաքարիա Աղթամարցի (XIV դար, Աղթամար), հայ գրիչ և մանրանկարիչ։
Զաքարիա Աղթամարցի | |
---|---|
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մանրանկարիչ և գրիչ |
Գրչի մասին հիմնական տեղեկությունները ստանում ենք իր և իր աշակերտների թողած հիշատակարաններից։ Մկրտիչ քահանայի և Թանկխաթունի որդի Զաքարիա Աղթամարցին սերում է նկարչական և գրչական ձիրքով օժտված ընտանիքից։ Նրա եղբայր Կարապետը ևս զբաղվել է գրչությամբ։ Բացի այդ, նա Դանիել և Թումա գրիչների հորեղբայրն էր և նրանց ուսուցիչը, ինչի մասին վկայում են վերջիններիս թողած հիշատակարանները XV դ. մի շարք ձեռագրերում։ Զաքարիա Աղթամարցու անունով մեզ հայտնի 18 ձեռագրերի մեծ մասը պահվում է Մաշտոցի անվ. Մատենադարանում, մեկը՝ Չեստեր Բիթթի հավաքածուում (Դուբլին)։ Այս ցանկին ավելանում է ևս երեք ձեռագիր, որոնք, ցավոք, մեզ հայտնի են միայն հիշատակարաններով։ Գրիչ և ծաղկող Զաքարիա Աղթամարցու Վասպուրականում ծավալած գործունեության արդյունքում մեզ հասած ձեռագրերից յուրաքանչյուրը ինքնատիպ է։ Ձեռագրերի ոճական և պատկերագրական ընդհանրությունները, երբեմն նաև կրկնությունները, ավելի են ընդգծում գրչի յուրահատկությունը, նրա սեփական ձեռագիրը, որով առանձնանում էր իր ժամանակակիցների շրջանում։ Չնայած գրչի մահվան թվականը հայտնի չէ, սակայն Թումայի գրչագրած 1426 թ. (Վրացական թանգարանի № 23) Ավետարանում Զաքարիան հիշատակվում է որպես «զհանգուցեալն ի Քրիստոս»։
Գրականություն
խմբագրել- Ս. Մանուկյան, Զաքարիա Աղթամարցու ձեռագրական վաստակը, «Էջմիածին», 2015, էջ 122-132
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 673)։ |