Զարմանք
Զարմանք, մարդու բանական (ինտելեկտուալ) զգացմունքներից մեկը, որը դրսևորվում է որպես ինչ-որ նոր, անսովոր, անհասկանալի կամ հիանալի երևույթից ստացած տպավորության ապրում։
Զարմանալու ընդունակությունը պայմանավորված է աշխարհի պրոբլեմային ընկալմամբ։
Զարմանքի համար արտաքին պատճառ կարող է հանդիսանալ անսպասելի, հանկարծակի իրադարձությունը։ Այդ իրադարձությունը կարող է լինել ինչ-որ մեկի անսպասելի հայտնվելը, ամպրոպի հարվածը կամ հրավառության լույսը։
Զարմանքի միմիկական դրսևորումները
խմբագրելԶարմանքի միմիկական արտահայտումը հեշտ ճանաչելի է. հոնքերը վեր են բարձրացած, ինչի արդյունքում ճակատին առաջանում են կնճիռներ, իսկ աչքերը կլորանում են և լայնանում։ Կիսաբաց բերանը ընդունում է օվալաձև տեսք։
Զարմանքի բնութագիր
խմբագրելԶարմանքի զգացումը ծանոթ է բոլորին, սակայն այն դժվար է նկարագրել։ Սա, մասամբ, բացատրվում է նրանով, որ զարմանքը կարճ է տևում, բայց շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ զարմանքի ժամանակ մեր գիտակցությունը կարծես դատարկվում է, բոլոր մտածողական գործընթացները կարծես կանգ են առնում։ Զարմանք ապրելիս մենք չգիտենք, թե ինչպես արձագանքենք ստիմուլին.դրա անսպասելիությունը մեր մեջ առաջացնում է անորոշության զգացում։
Իզարդի և Բարտլետի հետազոտությունները ցույց են տալիս, որ զարմանքի իրավիճակը բնութագրվում է հաճույքի բարձր աստիճանով, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մեծամասնությունը զարմանքը համարում է դրական զգացում։ Եթե որևէ մեկին խնդրենք հիշել մի իրավիճակ, որում նա զարմանք է ապրել, ապա նա, ամենայն հավանականությամբ, կպատմի ուրախ կամ հաճելի դեպքի մասին։ Զարմանքի ժամանակ հաճույքի սանդղակի միջին ցուցանիշը նշանակալի բարձր է ինքնավստահության և իմպուլսիվության սանդղակների միջին ցուցանիշներից, վերջինս իր հերթին բարձր է լարման սանդղակի միջին ցուցանիշից։
Իմպուլսիվության մակարդակը զարմանքի իրավիճակում ավելի բարձր է, քան այլ հուզական իրավիճակներում, բացառությամբ զայրույթի և ուրախության։ Ինքնավստահության մակարդակը զարմանքի ժամանակ բարձր է, քան ցանկացած բացասական հուզական իրավիճակում, նույնը կարելի է ասել լարման մասին, որի միջին արժեքը մոտավորապես նույնն է հետաքրքրության և զարմանքի իրավիճակում և բարձր, քան ուրախության ժամանակ։ Ըստ Տոմկինսի զարմանքը զբաղեցնում է միջանկյալ դեր դրական և բացասական հույզերի միջև։ Չնայած զարմանքը գնահատվում է որպես հաճելի հույզ, լարվածության մակարդակը ավելի շուտ մոտ է տխրության, քան ուրախությանը բնորոշ լարվածության մակարդակին։ Քանի որ բոլոր բացասական հուզական իրավիճակներում լարման սանդղակի ցուցանիշները գերազանցում են անալոգ ցուցանիշներին զարմանքի, հետաքրքրության և ուրախության իրավիճակներում, ապա մենք ունենք բոլոր հիմքերը եզրակացնելու, որ լարվածությունը հասնելով որոշակի մակարդակի մարդու կողմից ապրվում է որպես բացասական վիճակ։
Բարտլետի և Իզարդի հետազոտության մասնակիցների համար զարմանքի իրավիճակում տիպիկ էմոցիոնալ պատերնը ձևավորվում է երեք հիմնական հույզերից՝ զարմանքից, ուրախությունից, հետաքրքրությունից։
Զարմանքի իրավիճակում բացասական հույզերից հետազոտվողների մոտ հաճախ ակտիվանում էին ամոթի և վախի հույզերը։ Վախի միջին ցուցանիշը բավական ցածր է, ինչից կարելի է ենթադրել, որ վախը այնքան էլ չի ասոցացվում զարմանքի հետ։ Սակայն այս հույզի առկայության փաստը հաստատում է այն ենթադրությունները, որ նեյրոֆիզիոլոգիական մակարդակում վախը և զարմանքը ունեն նման կամ ընդհանուր բաղադրիչներ։
Զարմանքի նշանակությունը
խմբագրելԶարմանքը անսպասելի իհայտ է գալիս և անցնում։ Ի տարբերություն այլ հույզերի զարմանքը չի կարող երկար մոտիվացնել մարդու վարքը։ Ինչ որ տեղ զարմանքը չի հանդիսանում հույզ, այդ բառի իսկական իմաստով, այն շատ առումներով տարբերվում է հիմնական հույզերից։
Զարմանքի հիմնական ֆունկցիան այն է, որ պատրաստի մարդուն նոր, անսպասելի իրադարձությանը և դրա հետևանքների հետ արդյունավետ փոխազդմանը։ Մարդ անընդհատ ապրում է այս կամ այն հույզը, սովորաբար ավելին քան մեկը։ Որոշ հույզեր մեկ անգամ առաջանալով երկար չեն անցնում, այդպիսի հույզի օրինակ է տխրությունը։Դեպրեսիան իրենից ներկայացնում է հույզերի և զգացումների մի ամբողջ կոմպլեքս, որտեղ դոմինանտում է տխրության հույզը։ Եթե չլիներ զարմանքի հույզը, որը ունակ է փոխելու մարդու ընդհանուր հուզական ֆոնը, ապա վտանգավոր իրավիճակի ի հայտ գալը մարդու համար կնշանակեր ետ բերել կորուստը։ Այսպիսով զարմանքի հիմնական ֆունկցիան այն է, որ շրջակա միջավայրի անսպասելի փոփոխության պայմաններում դադարեցվի նյարդային համակարգի գործունեությունը, որը այլևս տեղին չէ և կարող է խանգարել ադապտացիային։ Ըստ Տոմկինսի զարմանքը «ուղիները մաքրող հույզ է»։ Զարմանքը մաքրում է ուղեկցող նյարդային ուղիները, պատրաստում է նոր ակտիվության, որը տարբերվում է նախորդից։ Զարմանքի հույզը իրենից չի ներկայացնում ոչ դրական, ոչ բացասական հույզ, սակայն, եթե մարդ հաճախ ապրել է հաճելի զարմանք, ապա նա այս հույզը կգնահատի որպես դրական, իսկ եթե տհաճ՝ կգնահատի որպես բացասական։
Չառլզուորտի հետազոտությունները զարմանքը բնութագրում են որպես սպասման սխալի ֆունկցիա ունեցող հույզ՝ հակառակ անսպասելիության։ Այսպիսի սահմանումը բացառում է զզարմանքի իհայտ գալը մինչև 5-7 ամսական, քանի որ երեխայի մոտ կոգնիտիվ ֆունկցիաների անբավարար զարգացումը նրան թույլ չի տալիս ձևավորել սպասումներ եվ ենթադրություններ։ Իսկ Բաուերը հակառակ կարծիքին էր։ Ըստ նրա վախի կամ զարմանքի հույզը նկատելի է նորածինների մոտ նարանց ծննդից մի քանի ժամ անց։ Սակայն, չնայած նրան, որ այս երկու հետազոտողների կարծիքները հակասական էին, նրանք երկուսն էլ գտնում էին, որ զարմանքը հանդիսանում է կոգնիտիվ գործընթացների զարգացման չափանիշ։
Ըստ Պոլ Էկմանի զարմանքը ամենակարճատև հույզն է։ Այն միանգամից անհետանում է, երբ մենք գիտակցում ենք տեղի ունեցող երևույթը, և վերածվում է վախի, թեթևության, կատաղության, զզվանքի, կախված նրանից, թե ինչն է մեզ զարմացնում։ Զարմանքից հետո կարող է և չդիտվել որևէ այլ հույզ, եթե մենք զգանք, որ մեզ զարմացնող իրադարձությունը մեզ համար չունեցավ ոչ մի հետևանք։ Զարմանք արտահայտող նկարները շատ քիչ են հանդիպում, քանի որ զարմանքը լինում է անսպասելի և ապրվում է շատ արագ։ Լուսանկարիչը միշտ չէ, որ պատրաստ է լինում լուսանկարելու իսկ եթե լինում է, ապա միշտ չէ, որ գործում է բավական արագ։. «Նյու-Յորք փոստ» թերթի ֆոտոլրագրողը պատմում է, թե իրեն ինչպես է հաջողվել լուսանկարել շատ մրցանակներ ստացած երկու զարմացած տղամարդկանց լուսանկարը։ Նրան զանգահարում են և կանչում մի շենքի մոտ, որտեղ մի կին ցուցադրում էր իր գովազդային հնարքը։ Լրագրողը մի փոքր ուշ է գալիս, երբ արդեն կնոջը ատամներով բռնած պարանով բարձրացրել էին շենքի տանիքի մակարդակին։ Նրա մարմինը պտտվում էր ուղղահյաց առանցքով, երբ նրա ատամները թուլացան, և լուսանկարիչը հետևելով կնոջ անկմանը կատարեց մեկ լուսանկար։
Բարեբախտաբար կինը չի մահանում, սակայն ստանում է որոշ կոտրվածքներ։ Բայց մեզ համար այս պատմության մեջ հետաքրքրական է երկու տղամարդկանց լուսանկարը, ովքեր հայտնվել էին տեսախցիկի պատկերաընկալի դաշտում։ Տղամարդիկ, ովքեր տեսնում էին ընկնող կնոջը չունեին ոչ մի պատկերացում, որ այդպիսի բան է լինելու։
Երբ Հեկմանը ուսանողներին սովորեցնում էր ճանաչել հույզերը, նա փորձում էր տարբեր հույզեր առաջացնել նրանց մոտ։ Զարմանք առաջացնելու համար նա հրավիրում է պորտապարուհու և նրան խնդրում է անսպասելի մտնել լսարան՝ իր էկզոտիկ հագուստով։ Նրա ներկայությունը բնական կլիներ ինչ-որ գիշերային ակումբում, բայց համալսարանի լսարանում այդ երևույթը դիտվում էր տարօրինակ։ Նրա անսպասելի և աղմկոտ մուտքը առաջացրեց համընդհանուր զարմանք։
Երբ մենք զարմանք ենք ապրում՝ քիչ ժամանակ ենք ունենում մեր վարքի կառավարմանը ուղղված գիտակցված ջանքերը համախմբելու համար։
Սա քիչ է մեզ համար խնդիրներ ստեղծում, եթե իհարկե մենք չենք գտնվում այնպիսի իրավիճակում, որտեղ չպետք է երևանք զարմացած։ Օրինակ՝ երբ ուսանողը ասում է, որ կարդացել է հանձնարարված գիրքը, սակայն իրականում չի հասցրել, նրա դեմքին առաջացող զարմանքը, երբ դասախոսը խոսում է գրքի որևէ հատվածի մասին, որը ուսանողը չգիտի, կարող է նրան մատնել։ Հեկմանը համաձայն չէ այն մտքի հետ, որ զարմանքը չի կարելի հույզ համարել, միայն այն պատճառով, որ այն ոչ դրական է, ոչ՝ բացասական։ Մինչև մենք կհասկանանք, թե ինչ է տեղի ունենում, մինչև մի հույզից կանցնենք մյուսին կամ կդադարենք որևէ հույզ ապրել, զարմանքը կարող է գնահատվել որպես հաճելի կամ տհաճ։ Որոշ մարդկանց դուր է գալիս զարմանքի հույզը, որոշներին՝ ոչ։
Աղբյուրներ
խմբագրել- Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.
- Кэррол Е. Изард "Психология эмоций" 1991