Զարդագիր

տարբեր եղանակներով ոճավորված տառատեսակ

Զարդագիր, զարդատառ, տարբեր եղանակներով ոճավորված տառատեսակ։

Զարդագիր
Տեսակզարդատառ
Ստեղծվել է10-րդ դարից

Պատմություն խմբագրել

Հայկական գրքարվեստում տառերը զարդարելու մշակույթն սկզբնավորվել է 10-րդ դարից (989-ի «Էջմիածնի Աւետարանում» Օ և Ծ տառերում ներգծված են մարդու դեմքեր)։

11-րդ դարի վերջից զարդագրերը դարձել են ձեռագիր նկարազարդ մատյանների անբաժան մասը։

Զարդագրել են անվանաթերթերի, պարբերությունների, հատվածների, վերնագրերի սկզբնատառերը։ Հայաստանի վարպետները նախընտրել են «արևելան դրոշմ ունեցող» երկրաչափական և բուսական մոտիվերով զարդագրերը, իսկ Կիլիկիայի ձեռագրերում նկատելի է բյուզանդական ազդեցությունը։

Հայկական գրքարվեստում, ըստ զարդարման եղանակի, տարբերում են ծաղկագիր (ծաղկապատկերներով), թռչնագիր (ձագագիր, ճնճղագիր թռչունի պատկերներով), վիշապագիր (օձի, վիշապի, առասպելական կենդանիների պատկերներով, գործածվում է նաև օձագիր անվանումը), մարդագիր (մարդու պատկերով), գազանագիր (կենդանագիր՝ վագրի, առյուծի, եղնիկի պատկերներով) զարդագրեր։

Գրքի 1-ին էջերի շքեղ զարդարուն սկզբնատառերն անվանում են փառագիր (Գարեգին Լևոնյան), որը, սակայն, միանշանակ չէ, որովհետև Արշակ Չոպանյանը փառագիր անվանումը կիրառել է կետերով ձևավորված զարդագրերի համար։

Զարդագրերի ավելի բարդ տեսակի՝ հանգուցագրի բաղադրիչները զանազան հյուսվածքներ և հանգույցներ են։

Զարդագրի բարձրարվեստական ավանդույթներն օգտագործվում են արդի գեղարվեստական գրականության, դասագրքերի, ուղերձների, շնորհավորագրերի, հրավիրագրերի ձևավորման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։