Երկրորդական նախադասություններ

Երկրորդական նախադասություն, ստորադաս նախադասություն, բարդ ստորադասական նախադասության կազմի մեջ մտնող այն բաղադրիչ նախադասությունը, որը կախյալ հարաբերության մեջ է գերադաս (գլխավոր) նախադասության հանդեպ և լրացնում է նրան։

Ըստ շարադասության՝ երկրորդական նախադասությունը կարող է լինել առաջադաս, երբ դրված է գլխավորից առաջ, վերջադաս, երբ դրված է գլխավորից հետո, միջադաս, երբ այն ընկնում է գլխավոր նախադասության անդամների միջև։

Երկրորդական նախադասությունների հարաբերությունները գլխավորի նկատմամբ

խմբագրել

Երկրորդական նախադասությունների հարաբերությունները գլխավորի նկատմամբ կարող է իրացվել համաստորադասությամբ և ենթաստորադասությամբ։ Երբ երկրորդականները զուգահեռաբար լրաացնում են գերադասին, ապա առկա է համաստորադասություն, իսկ երբ դրանք լրացնում են միմյանց (մեկը՝ մյուսին, հաջորդը՝ նախորդին) ապա առկա է ենթաստորադասություն։ Մեկից ավել այն երկրորդական նախադասությունները, որոնք լրացնում են գլխավորին կամ նրա միևնույն անդամին իմաստային նույն հարաբերությամբ (այսինքն՝ կատարում է շարահյուսական նույն պաշտոնը), կոչվում են համասեռ երկրորդականներ։ Օրկինակ․ «Ես նկատել եմ, որ դու շատ ես սիրում եղբորդ և ծնողի պես հոգ ես տանում նրա նկատմամբ»։

Համասեռ և տարասեռ երկրորդական նախադասություններ

խմբագրել

Մեկից ավելի այն երկրորդական նախադասությունները, որոնք տարաբնույթ են (լրացնում են գլխավորի՝ գերադասի նույն կամ տարբեր անդամներին) և կոչվում են անհամասեռ երկրորդականներ։ Օրինակ․ «Երբ հասանք գետափ, մենք վրան զարկեցինք, որպեսզի գիշերենք այնտեղ»։ Այլ խմբավորմամբ ոմանք ոմանք համասեռը կոչում են համաստորադաս, տարասեռը՝ տարաստորադաս։ Երբ մի երկրորդական նախադասություն ստորադասված է անմիջականորեն գլխավորին՝ ստորադաս երկրորդական նախադասությանը, ապա այն կոչվում է երկրորդական կարգի երկրորդական նախադասություն։ Հաջորդաբար ստորադասվող այդպիսի երկրորդական նախադասությունները կոչվում են ենթաստորադաս երկրորդական նախադասություն։ Օրինակ․ Բոլորը քաջալերում էին խիզախ երիտասարդին, ա) որպեսզի նա փրկի անօգնական ծերունուն« գ) որը մնացել էր գամված անկողնուն, դ) որովհետև ուժ չէր ուՆեցել վեր կենալու ու հեռանալու կրակի ու ծխի մեջ կորած տնից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ.Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1984