Դիվիդենդ (անգլ.՝ dividend), բաժնետիրական ընկերության շահույթի մի մասը, որ ամեն տարի բաշխվում է բաժնետերերի միջև հարկավճարից, արտադրության ընդլայնման մասնահանումներից, պահուստների համալրումից, վարկի և փոխառությունների տոկոսավճարից և տնօրենների խրախուսումից հետո։ Սովորական բաժնետոմսերի (ձայնի իրավունքով) շահաբաժինը տատանվում է՝ կապված բաժնետիրական ընկերության շահույթի հետ, բաժնետերերի ժողովի որոշումով։ Արտոնյալ բաժնետոմսերի (առանց ձայնի իրավունքի) դիվիդենդը վճարվում է դրանց անվանական արժեքից՝ նախապես սահմանված կայուն տոկոսաչափով։

Դիվիդենդները կարող են վճարվել տարվա ընթացքում մի քանի անգամ։ Կարող են և ընդհանրապես չվճարվել։ Դիվիդենդների վճարումը նվազեցնում է կապիտալացումը և պահանջում է խնայողություններ։ Ֆինանսական տարվա ընթացքում վճարվող դիվիդենդները կոչվում են միջանկյալ կամ նախնական դիվիդենդներ (անգլերեն՝ interim dividend)։ Ֆինանսական տարվա ավարտին վճարվում են ավարտական դիվիդենդներ (անգլերեն՝ final dividend

Սովորաբար դիվիդենդները վճարում են դրամի տեսքով։ Նման դիվիդենդները կոչվում են դրամական դիվիդենդներ (անգլերեն՝ cash dividend)։ Բացի այդ՝ դիվիդենդները կարող են վճարվել բաժնետոմսերի (անգլերեն՝ stock dividend) կամ բաժնետիրական ընկերության այլ ունեցվածքի ձևով։

Հիմնական հասկացություններ խմբագրել

  • Հայտարարման ամսաթիվ (անգլ․՝ declaration date), ամսաթիվ, երբ տնօրենների խորհուրդը հայտարարում է դիվիդենդների մեծության չափը։
  • Գրանցման ավարտի ամսաթիվ (անգլ․՝ dividend record date), դիվիդենդներ ստանալու իրավունք ունեցող անձանց անունների հրապարակման ամսաթիվ։
  • Էսքդիվիդենտային ամսաթիվ (անգլ․՝ ex-dividend date) , ամսաթիվ, երբ բաժնետոմսերը սկսում են վաճառվել՝ առանց հայտարարված դիվիդենդի ստացման իրավունքի։
  • Վճարման ամսաթիվ ([անգլ․՝payment date), այն ամսաթվը, երբ բաժնետերը ստանում է իրեն պատկանող դիվիդենդները։

Դիվիդենդների մեծության կրճատմանը նպաստող գործոններ խմբագրել

Ընկերությունները կարող են վճարել ավելի քիչ դիվիդենդներ՝ մի շարք պայմաններից ելնելով․

Կայունության մղում, հրաժարում դիվիդենդների ավելացումից, նույնիսկ շահույթի և դրամական հոսքի աճի ժամանակ (անգլ․ free cash flows to the equity, FCFE)։ Այս ամենը կապված է նրա հետ, որ ընկերությունները վստահ չեն, որ կարող են պահպանել դիվիդենդների ավելի բարձր մակարադակը։

Կարիքները ներդրումներ կատարելիս, FCFE–ի ամբողջական վճարումը՝ դիվիդենդների տեսքով, կարող է հետաձգվել, որովհետև ընկերությունները կարող են խնայել իրենց դրամական միջոցները չնախատեսված ներդրումներ կամ պահանջմունքներ բավարարելու համար։

Հարկեր, դիվիդենդների հարկադրույքը կարող է լինել ավելի բարձր, քան կապիտալ շահույթի հարկադրույքը։

Հեռանկարների ցուցադրում, դիվիդենդների ավելացումը դիտարկվում է որպես դրական ազդանշան, նվազեցումը՝ բացասական։

Կառավարաբանության հետաքրքրություններ, անընդհատ ընդլայնման մղում, դրամական պաշար ստեղծելու անհրաժեշտություն, որպեսզի դիմակայել շահույթի անկման ժամանակաշրջանում։

Աղբյուրներ խմբագրել

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ