Դիժոնի սև հաղարջի սկզբունք

Դիժոնի սև հաղարջի սկզբունք (ֆր.՝ Principe du cassis de Dijon, հայերեն տառադարձությամբ՝ Փղենսիպ դյու կասիս դը Դիժոն), Եվրոպական Միության անդամ երկրների միջև գործող փոխադարձ ճանաչման սկզբունքին տրված անվանումը, որով կանոնակարգվում են միմյանց միջև համապատասխան կարգավորումները՝ համայնքային օրենսդրական ներդաշնակեցման բացակայության պայմաններում։

Նկարագրություն խմբագրել

Այս սկզբունքը բխում է նախկին Եվրոպական համայնքի պայմանագրի 28-րդ հոդվածից (այսօր փոխարինվել է Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 34-րդ հոդվածով ), որով արգելվում են տեխնիկական հովանավորչական միջոցառումները, և իր անվանումը ստացել է ևրոպական համայնքի արդարադատության դատարանի 1979 թվականի փետրվարի 20-ի թիվ 120/78 գործով կայացրած վճռի վերնագրից[1]։

Գերմանիան մի գերմանացի ներկրողի արգելել էր Դիժոնի սև հաղարջի լիկյոր ներկրել՝ պատճառաբանելով, որ ալկոհոլում դրա պարունակությունը ցածր էր գերմանական օրենքով սահմանած նվազագույն չափից։

Դատարանը սահմանեց հետևյալը. քանի որ այս լիկյորը օրինական կերպով արտադրվում ու վաճառվում էր Ֆրանսիայում, գերմանական օրենսդրությունն արգելափակում էր ապրանքների ազատ տեղաշարժը. արգելափակում, որն արդարացված չէր ընդհանուր շահերի տեսանկյունից։ Փաստացի, սև հաղարջի պարունակությունը, որն ըստ Գերմանիայի ազգային օրենսդրության՝ ցածր էր ալկոհոլի պարունակության համար սահմանած նվազագույն չափից, ընդհանուր շահին չէր վնասել։

Հարկ է նշել, որ սույն սկզբունքը բացարձակ չէ և ԵՄ որևէ երկիր կարող է տեխնիկական սահմանափակումներ կիրառել, երբ դա անհրաժեշտ է ոչ տնտեսական բնույթի ընդհանուր շահի համար (ԵՄ գործունեության մասին պայմանագրի 36-րդ հոդված) կամ երբ դա անհրաժեշտ է «գերակա ընդհանուր շահի համար»՝ բացի նույն հոդվածով թվարկված դեպքերը։ Օրինակ կարող է ծառայել սպառողների պաշտպանության համար 2005 թվականի նոյեմբերի 24-ին Շվարցի կայացրած թիվ C-366/04 վճիռը (30-31 կետեր)։ Այս սահմանափակումը, այնուամենայնիվ, պետք է անհրաժեշտ ու համաչափ լինի, իսկ ապացուցման պարտականությունը պետք է կրի անդամ-երկիրը։ Վերջինս պետք է հաստատի, որ սահմանափակումը չափավոր է և արդյունավետորեն անհրաժեշտ ընդհանուր շահի պաշտպանության համար (Եվրոպական համայնքի հանձնաժողովի 1987 թվականի մարտի 12-ին կայացրած վճիռը՝ ընդդեմ Գերմանիայի, կետ 44)[2]։

Հատված խմբագրել

  Ալկոհոլի արտադրության ու իրացման ընդհանուր կարգավորման բացակայության պայմաններում անդամ-երկրներից յուրաքանչյուրն իր տարածքում պետք է կարգավորի ալկոհոլի ու ոգելից խմիքչների արտադրությանն ու իրացմանը վերաբերող ցանկացած հարց։ […] Ալկոհոլային խմիչքների կանխման ոչ մի էական պատճառ չկա՝ պայմանով, որ դրանք օրինականորեն արտադրվեն ու վաճառվեն որեւէ անդամ-երկրում եւ ներկայացվեն մի այլ անդամ-երկրում։  

Կիրառելիություն ԵՄ սահմաններից դուրս խմբագրել

ԵՄ Արդարադատության դատարանի դատական պրակտիկան կիրառվում է Եվրոպական տնտեսական տարածքի համաձայնությունը ստորագրող երկրների՝ Ազատ առևտրի ևրոպական ասոցիացիայի անդամների հանդեպ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս ունի իր դատարանը։ Շվեյցարիան, որն այս ասոցիացիայի անդամ է, բայց չի հարում ևրոպական տնտեսական տարածքին, այնումամենայնիվ միակողմանի կերպով ընդունել է այս սկզբունքը (ինքնավար կիրառում) 2010 թվականին՝ առևտրի հանդեպ տեխնիկական խոչընդոտներին վերաբերող օրենքի բարեփոխումների շրջանակներում։

Եվրոպական համայնքի ու Թուրքիայի միջև մաքսային միությանը համահունչ՝ Դիժոնի սև հաղարջի սկզբունքը նաև կիրառվում է Եվրոպական տնտեսական համայնքի ապրանքների համար՝ վերջինիս ու Թուրքիայի տարածքներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EUR-Lex - 61978CJ0120 - EN - EUR-Lex». eur-lex.europa.eu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Top 10 des arrêts à connaitre absolument en droit de l'Union Européenne | Robin Alves». rocknlaw.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.