Դեցիմացիա (լատին․՝ decimatio, լատին․՝ decimus -ից՝ ամեն տասներորդը), ամեն տասներորդ զինվորի մահապատիժը։ Համարվել է պատժի ամենաբարձր միջոցը հռոմեական բանակում։

Պատմություն խմբագրել

Դեցիմացիան կիրառվել է հնագույն ժամանակներից, թեև օգտագործվել է սակավ։ Սովորաբար օգտագործվել է ցենտուրիոններում և կոգորտաներում։ Այս պատժամիջոցը կիրառվել էր հիմնականում լեգեոնի խորհրդանիշը կորցնելու, ըմբոստանալու և դասալքության համար։ Ամենահինը մ․ թ․ ա․ 471 թվականի Տիտոս Լիվիոսի հիշատակումն է, երբ Հռոմը պատերազմում էր վոլսկիների (լատին․՝ Volsci) դեմ։

Պատիժը խմբագրել

Պատիժը կրող ստորաբաժանումը բաժանվում էր տասը հոգանոց խմբերի, անկախ կոչումից և ծառայության ժամկետից։ Վիճակահանության միջոցով որոշվում էր, թե ով պետք է ենթարկվի մահապատժի, ինչն էլ իրականացվում էր մնացած ինը զինվորների կողմից՝ քարկոծման կամ փայտերով հարվածների միջոցով։ Ողջ մնացած զինվորները նույնպես ենթարկվում էին պատժի. նրանց կերաբաժնում ցորենը փոխարինվում էր գարով, և նրանց արգելված էր քնել ընդհանուր վրաններում։

Կիրառվել է նաև՝

  • Ցենտեզիմացիա (> լատին․՝ centum — «հարյուրյակ») — ամեն հարյուրերորդ զինվորի մահապատիժը ըստ վիճակահանության
  • Վիցեեզիմացիա (> լատին․՝ vicesimatio, > vicesimus — «(յուրաքանչյուր) քսաներորդ») — ամեն քսաներորդ զինվորի մահապատիժը ըստ վիճակահանության, կիրառել է հռոմեական կայսր Մակրինուսը։

Որպես հնարավոր պատժի տարբերակ ներկայացված է Պետրոս Առաջինի զինվորական կանոնակարգում[1]։

Քաղաքացիական և ֆիննական պատերազմի տարիներին Ռուսաստանում խմբագրել

Դեցիմացիան կիրառվել է նաև նորագույն ժամանակներում՝ Քաղաքացիական և ֆիննական պատերազմի տարիներին Ռուսաստանում։ 1918 թվականի փետրվարին փաստվել է կարմիրգվարդիականների ընտրովի գնդակահարություն։ Ըստ մեկ վարկածի՝ զոհերը ընտրվել են վիճակահանությամբ, ըստ մյուսի նրանց ընտրել է հատուկ զինվորական դատարանը։ Այս միջադեպը մտել է պատմության մեջ «Խուրուսլախտիի վիճակախաղ» անվամբ[2]։

Քաղաքացիական պատերազմի տարիներին Ռուսաստանում դեցիմացիան լայնորեն կիրառել է Լև Տրոցկին, օրինակ՝ 1919 թվականի հոկտեմբերին Պետրոգրադի պաշտպանության ժամանակ նահանջող կարմիրբանակայիններից յուրաքանչյուր տասներորդին գնդակահարում էին[3] ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Артикул воинский, 1716։ (ռուս.)
  2. Arto Astikainen, Civil War was Finland's first modern war, Helsingin Sanoma (անգլ.)
  3. Революция и гражданская война в России: 1917—1923 гг. Энциклопедия в 4 томах, Терра, 2008, ISBN 978-5-273-00560-0 (ռուս.)