Դեմոնաքս (ծն. և մահ.թթ. անհայտ) Մեծ Հայքի սպարապետ մոտ 37-43 թվականներին։ 37 թվականին Հռոմի կայսր Կալիգուլան, երբ գահազրկել և աքսորել է Մեծ Հայքի դրածո թագավոր Միհրդատ Իբերացուն, Հայոց իշխանությունն իր ձեռքն է վերցրել սպարապետ Դեմոնաքսը (հավանաբար Դիմաքսյան հայ իշխանական տոհմից)։ Օգնություն չստանալով գահակալական ներքին կռիվներով զբաղված պարթևներից՝ Դեմոնաքսը աշխատել է երկրի անկախությունը պահպանել սեփական ուժերով։ Նա փորձել է Մեծ Հայքի գահին կարգել Փոքր Հայքի թագավոր Կոտիսին և ստեղծել միացյալ ուժեղ պետություն։ Սակայն Հռոմի նոր կայսր Կլավդիոսը Կոտիսին հարկադրել է չեզոքության, իբերական զորքերի դաշնակցությամբ պարտության մատնել Դեմոնաքսին, գրավել Մեծ Հայքի կարևոր կենտրոններն ու ռազմական ամրությունները՝ կրկին հայոց գահին դնելով աքսորից վերադարձաց Միհրդատ Իբերացուն։ Դեմոնաքսի հետագա գործունեության ու ճակատագրի մասին տեղեկություն չի պահպանվել։

Դեմոնաքս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 346