Դարավանդում, հողի էրոզիան կանխող և հողի կայունությունը պահպանող գյուղատնտեսական միջոցառում։ Դարավանդման օգնությամբ լանջերը վերածվում են հորիզոնական կամ քիչ թեքության հողահարթակների՝ հնարավորություն ստեղծելով արդյունավետ օգտագործելու լանջերի հողերը գյուղատնտեսական բույսերի մշակության համար։ Կան դարավանդման կատարային, աստիճանային և խրամատային ձևեր։ Կատարային ձևը կիրառվում է 0,02-0,12 թեքության լանջերում՝ ստեղծելով 25-40 սմ բարձրության լայնակի արգելաթմբեր (հողահարթակներ)։ Արգելաթմբերի միջև եղած հեռավորություևը կախված է լանջի թեքության աստիճանից ու տատանվում է 20-50 մ սահմաններում։ Աստիճանայինը կիրառվում է 0,12-0,25 թեքության դեպքում, լանջի հողը կտրվում է, փոխադրվում, կառուցվում են արգելաթմբեր, որոնց միջև եղած հեռավորություևը 2,5-3 մ է։ Խիստ զառիթափ լանջերում կարելի է կառուցել քարե շարվածքով հենապատեր։ Խրամատային ձևը օգտագործվում է սակավազոր հումուսային շերտով ծածկված լանջերում՝ բազմամյա տնկարկներ մշակելիս։ Խրամատից հանված ենթահողի շերտը օգտագործվում է արգելաթմբեր պատրաստելու համար, իսկ խրամատները լցնում են հումուս պարունակող հող։

Հայաստանում դարավանդում կիրառվում է լեռնային, նախալեռնային շրջաններում․ իրացված հողատարածություններում մշակում են խաղող և պտղատու ծառեր։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 312