Դասական միջնադարի պատմական ավանդույթը

Դասական միջնադարի պատմական ավանդույթը[1], յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջան ունի իր աշխարհընկալումը բնության, ժամանակի, տարածության, ինչպես նաև հասարակության մասին։ Դասական միջնադարի մշակույթում կարևոր դեր էին խաղում նաև պատմության վերաբերյալ պատկերացումները։ Պատմությունը դեռևս գիտություն չէր, ուստի տարբեր ժանրերի պատմական աշխատությունները ժամանակագրություններ, տարեգրություններ, թագավորների և սրբերի վարքեր գրելը, բանահավաքների սիրելի զբաղմունքն էին։ Սա գալիս էր նրանից, որ քրիստոնեությունը մեծ տեղ էր տալիս պատմությանը և գտնում էր, որ Աստվածաշնչում տեղ գտած իրադարձությունները պատմական հիմքեր ունեն։ Միջնադարի ժամանակագիրները և տարեգիրները, որոնք իրենց աշխատությունները սկսում էին արարչագործությունից և հասցնում մինչև իրենց ապրած ժամանակաշրջանը, փորձում էին հասարակության պատմության տարբեր դարաշրջաններ համադրել իրար հետ։ Քրիստոնեության համաձայն հասարակության պատմությունը մեկ ամբողջություն է, որն ուներ սկիզբ (արարչագործություն) և ավարտ (Ահեղ դատաստան)։ Այդ պատճառով նրանք փորձում էին անցյալը բերել իրենց ժամանակաշրջանի պատմության մեջ։ Այսպես Ալեքսանդր Մակեդոնացին ներկայացվում էր որպես միջնադարի ասպետ, Դավիթ թագավորը ներկայանում էր Ֆրիդրիխ II–ի կերպարի մեջ, իսկ Արթուր թագավորը որպես ավատատեր, որը միշտ շրջապատված էր իր վասալներով։ Մինչև XII դարը տարեգրությունները հիմնականում գրում էին եկեղեցականները և այնտեղ սովորաբար ներառում էին տեղական նշանակության դեպքեր և իրադարձություններ։ XIII դարի ժամանակագրություններ են սկսում շարադրել նաև աշխարհիկ մարդիկ, որոնց մի մասն իրենց աշխատությունները գրում էր ազգային լեզվով։ Ի տարբերություն եկեղեցական հեղինակների, որոնք արձանագրում էին միայն իրադարձությունը սրանք փորձում էին տալ նաև տեղի ունեցածի բացատրությունը։ Մեծ թվով ժամանակագրություններ հրապարակ եկան կապված խաչակրաց արշավանքների հետ։ Դրանց մեջ առավել աչքի է ընկնում խաչակրաց առաջին արշավանքին նվիրված ժամանակագրությունը, որի հեղինակն էր վանահայր Գ. Նոժանացին։ Կոստանդնուպոլսի գրավումը աշխատության հեղինակը արշավանքի առաջնորդներից Ժ. Վիլլարդուենն էր, իսկ Կոստանդնուպոլսի գրավումը ժամանակագրության հեղինակը արշավանքի մասնակից Ռոբեր դը Կլարին էր։ XIII դարը սկսում են հրապարակ գալ միավորված ժամանակագրություններ, այսինքն միևնույն իրադարձության վերաբերյալ տարբեր հեղինակների գրառումները հավաքում էին մի ժամանակագրության մեջ։ Այսպես ստեղծվեց Ֆրանսիական մեծ ժամանակագրությունը, որն ընդգրկում էր Ֆրանսիայի պատմությունը մինչև XV դարը և Սենտ Օլբանի ժամանակագրությունը Անգլիայում։ XIII դարի երկրորդ կեսից հրապարակ է գալիս պատմության շարադրման նոր ժանր պատմական հուշագրությունը։ Դրանց մեջ առավել կարևոր է Լյուդովիկոս XI–ի խորհրդական Ֆիլիպ դը Կոմմինի հուշագրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հոդվածը Համաշխարհային Պատմության դասագրքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.