Գունավոր հեռուստատեսություն

Գունավոր հեռուստատեսություն, պատկերները բնական գույներով վերարտադրող հեռուստատեսություն։ Օպտիկայից հայտնի է, որ գույների և երանգների բազմազանությունը ստացվում է երեք հիմնական՝ կարմիր, կանաչ ու կապույտ գույների տարբեր հարաբերությունների խառնուրդից կամ համադրումից, որի օրինաչափությունների վրա է գունավոր հեռուստատեսությունը։

Ստեղծումը խմբագրել

Առաջին երկգույն համակարգն առաջարկել և արտոնագրել է հայ գիտնական-գյուտարար Հ․ Ադամյանը 1907 թվականին, Բեռլինում։ 1925 թվականին Հ․ Ադամյանը առաջարկել և ցուցադրել է երեք հիմնական գույների դաշտերի հաջորդական հաղորդման համակարգը։ Այդ համակարգի հիմնական բաղադրիչը լեհ գիտնական Նիպկովի առաջարկած՝ պարուրաձև դասավորված մանր անցքերով սկավառակն է, որը տեղադրվում է հաղորդվող պատկերից հետո և պտտվելիս իրագործում պատկերի տարրալուծումը՝ «փռումը», առանձին տարրերի հաջորդականության։ Այդ սկավառակի կատարելագործված տարբերակն ունեցել է պարուրաձև դասավորված անցքերի երեք խումբ՝ յուրաքանչյուրը ծածկված հիմնական գույներից մեկի ֆիլտրով։

Աշխատանքը խմբագրել

 

Պտտվելիս սկավառակը տարրալուծում էր գունավոր պատկերը երեք մեներանգ (կարմիր, կանաչ, կապույտ) պատկերների հաջորդականության։ Ընդունիչում նույնանման սկավառակը ապահովում էր այդ երեք միագույն պատկերների համադրումը։ Միաժամանակ առաջարկվել (Բերդ, Զենկինս) և ԱՄՆ-ում ներդրվել է գունավոր հեռուստատեսության՝ գույների մեխանիկական համադրմամբ համակարգը։

Գույների մեխանիկական համադրմամբ համակարգ խմբագրել

Ժամանակակից գունավոր հեռուստատեսության մեջ կիրառվում է ֆրանսիացի ինժեներ Վալենսիի առաջարկած գունավոր դաշտերի հաղորդման միաժամանակյա սկզբունքը, որն անփոփոխ թողնելով սև-սպիտակ հեռուստատեսության հաճախային սպեկտրը, հնարավոր դարձրեց գունավոր և սև-սպիտակ համակարգերի համատեղելիությունը (սև-սպիտակ հեռուստացույցով կարելի է դիտել նաև գունավոր հաղորդումները՝ ընկալելով դրանք իբրև սև-սպիտակ)։ Պատկերների տարրալուծումը և դրանց համադրումն ընդունիչում իրագործվում են հատուկ եռաճառագայթ դիմակային կինեսկոպով։ Այդ սարքն ունի էլեկտրոնային 3 թնդանոթ, մետաղե ստվերային դիմակ և հիմնական 3 գույներով առկայծող կետերի (900 հազար կետ) եռյակներից բաղկացած նուրբ կազմության եռառաստր էկրան։ Երեք փնջերից յուրաքանչյուրը ռմբակոծում է եռյակի միայն «իր» գույնի կետը, իսկ փռումն ապահովվում է մեկ սարքով։ 1965 թվականին «Մոլնիա-1» տիեզերական արբանյակի միջոցով ԽՍՀՄ-ում իրագործվեց գունավոր պատկերի հաղորդումը մոտ 1500 կմ հեռավորության վրա։ Գունավոր հեռուստատեսության համար նոր հեռանկարներ է բացում քվանտային էլեկտրոնիկան, որը խիստ հարստացնելով հաղորդումներին հատկացվող հաճախականությունների տիրույթը, միաժամանակ, բարձր մեներանգության գույներ արձակող լազերների հիման վրա հնարավոր է դարձնում մեծ էկրանի գունավոր և ծավալային հեռուստատեսության պրոբլեմի լուծումը։

Գրականություն խմբագրել

  • Հակոբյան Հ․ Ս․, Հովհաննես Աբգարի Ադամյան․ գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար, Ե․, 1968

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 251