Գորիսի քաղաքային գրադարան

գրադարան Գորիսում

Գորիսի քաղաքային գրադարան, գրադարան Գորիսում, որը բացվել է 1921 հուլիսին։

Գորիսի քաղաքային գրադարան
Երկիր Հայաստան
Տեսակգրադարան
Հիմնվել է1921
ՏեղադրությունԳորիս
ՀասցեԳուսան Աշոտի 23
Հավաքածուներ
Չափ16 000 գիրք
Այլ տվյալներ
Կայքgorislibrary.am

Պատմություն խմբագրել

Ըստ առաջին գրադարանավարների՝ 1919 թվականին Գորիսում մասնավոր մի տան գործել է շրջիկ գրադարան, որտեղ եղել է 468 կտոր գիրք։ Գրադարանը կոմունիստների միջոցով Զանգեզուրի բնակչությանն է մատակարարել մարքսիստական և այլ տիպի գրականություն։ Գրադարանն ունեցել բավականին ընթերցողներ։ Լեռնահայաստանի կործանումից հետո հենց այդ շրջիկ գրադարանի հիմքի վրա էլ Գորիսում 1921 թվականի հուլիսին բացվում է գավառագիտական գրադարան, որը գործել է մինչև 2000 թվականը։ Գրադարանը գտնվել է ներկայիս Գուսան Աշոտի 23 հասցեում։ Գրադարանի վարիչ է նշանակվել Գառնիկ Պապիկյանը, գրադարանավար՝ Պետրոս (Պետյա) Բադիրյանը, որն էլ հետագայում նշանակվում է գրադարանի վարիչ և աշխատում մինչև 1957 թվականը։

1925 թվականին գրադարանն ուներ 2000, 1930 թվականին՝ 5000 կտոր գրականություն։ 1951 թվականին գրադարանի գրքային ֆոնդը կազմում էր 16000 կտոր գրականություն։ Գրքային ֆոնդի ավելացման հետ աստիճանաբար ավելացել է նաև աշխատողների քանակը։ Գրադարանի վարիչ Պետրոս Բադիրյանը արժանացել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանի, իսկ գրադարանավարուհի ժենյա Բեգլարյանը՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության պատվոգրի։ 1954 թվականին գրադարանը հանրապետական ստուգատեսին շահում է և ստանում դիպլոմ։ 1958 թվականին գրադարանն արժանացել է «Լավագույն աշխատանքի գրադարանի» կոչման։ Այդ շրջանում գրքային ֆոնդը կազմել է 28056 կտոր, որից 16125 հայերեն, 11931՝ ռուսերեն։ Գրադարանն ուներ գրապահոցներ, երկու ընթերցասրահ։ 1959 թվականին գրադարանի վարիչ է նշանակվում Նինան Հովսեփյանը[1]։

Գրադարանն ուներ 15 շրջիկ գրադարան, որոնք աշխատանքներ էին իրականացնում Գորիսի ու գյուղերի արդյունաբերական ձեռնարկությունների բանվոր ծառայողների շրջանում։ Գրադարանը միջգրադարանային աբոնոմենտով կապված էր Մոսկվայի Վ. Լենինի անվան կենտրոնական գրադարանի և Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի հետ։ 1959 թվականի Գորիսի քաղաքայի գրադարանն այդ այդ գրադարաններից ստացվել էր 256 անուն մասնագիտական գիրք։ 1960 թվականին գրադարանը ստանում էր 90 անուն բաժանորդագրված թերթեր և ամսագրեր։

1959 թվականի նոյեմբերի 26-ին՝ գրադարանի հիմնադրման 40-ամյակի առթիվ Գորիսի շրջսովետի գործադիր կոմիտեի որոշմամբ գրադարանը կոչվեց հայ գրող Րաֆֆու անունով։ 1950 թվականին հիմնված Գորիսի շրջանային գրադարանը, որի վարիչն էր Շուշիկ Հովհաննիսյանը, միացվել է Րաֆֆու անվան քաղաքային գրադարանին, և գրադարանն անվանվել է Րաֆֆու անվան շրջանային գրադարան։ Գրադարանի ընդհանուր ֆոնդը դառնում է 60000 կտոր գրականություն, ընթերցողների թիվը հասնում է մոտ 4000-ի։ 1964 թվականին գրադարանը հանրապետությունում արժանանում է «Գերազանց աշխատանքի գրադարան» կոչմանը։

1979 թվականի նոյեմբերին Րաֆֆու անվան շրջանային գրադարանի հիմքի վրա ստեղծվում է Գորիսի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգը, որի մեջ ընդգրկվում են քաղաքի և գյուղերի գրադարանները՝ իրենց աշխատողներով ու գրքային ֆոնդով։

Գրադարանների այդ կենտրոնացված համակարգը գործել է մինչև 1997 թվականը։ Շրջանային խորհրդի լուծարումից և տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծումից հետո գյուղական գրադարաններն անցնում են գյուղական համայնքների ենթակայության։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պարույր Սևակ-Ալբերտ Իսաջանյան. գրական ու մարդկային առնչություններ | Սյունյաց երկիր». syuniacyerkir.am.

Աղբյուրներ խմբագրել

  • Սյունյաց երկիր, 2011, մայիսի 28