Գողիաթ (հաղարջենու սորտ)

«Գողիաթ», սև հաղարջենու անգլիական սորտ։ Ստացվել է Վիկտորիա սորտի սերմերի ցանքից։ Մշակվում է ՀՀ հաղարջենու մշակության բոլոր գոտիներում։

Նկարագրություն

խմբագրել

Թուփը՝ միջակ աճեցողության, կյանքի առաջին տարիներին հավաք, կանգուն, հետագայում՝ լայնասաղարթ։ Պտղաբերում է տնկման 2-3-րդ տարում։ Տերևները՝ միջին մեծության, հնգաբլթակ, անհավասարակողմ, գլխավոր ջղի երկարությամբ՝ կորացած։ Ողկույզը՝ կարճ և միջին երկարության։ Հատապտուղները՝ տարաբեր մեծության, խոշոր (1,5 գ), կլորավուն, բևեռներում՝ հաճախ թեթևակի սեղմված, խոր երկայնակի ակոսով, սև, փայլատ, ողկույզի վրա՝ խիտ դասավորված։ Պտղամիսը՝ կանաչավուն, հյութալի, թթվաշաքաղցր, բուրումնալի։ Պտղաթափը՝ աննշան։ Հատապտուղների հասունացումը՝ օգոստոսի առաջին տասնօրյակում։ Բերքատվությունը՝ 60-100 g/ հա և ավելի։ Ինքնամուլ է։ Միջին դիմացկուն է ցրտի և ալրացողի, բարձրադիմացկուն՝ անտրաքնոզի նկատմամբ։ Բերքն օգտագործվում է թարմ, սպառման և վերամշակման (մուրաբա, մորս, հյութ ևն) համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։