«Գնդի որդին»,  վիպակ, գրել է Վալենտին Կատաևը 1944 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է «Օկտյաբր» («Октябрь») (1945, № 1, 2) և «Դռուժնիե ռեբյատա» («Дружные ребята») (1945, № 1—8) ամսագրերում։ Առանձին հրատարակությամբ թողարկվել է 1945 թվականին «Դետգիզ» («Детгиз») մանկական հրատարակությունում։

Գնդի որդին
ռուս.՝ Сын полка
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՎալենտին Կատաև
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1944
Հրատարակվել է1945

1946 թվականին «Գնդի որդին» գրքի համար Վալենտին Կատաևն արժանացել է Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակի[1]։

Ստեղծման պատմություն խմբագրել

«Գնդի որդին» վիպակի գաղափարը Կատաևն ունեցել է դեռևս 1943 թվականին, երբ աշխատել է որպես ռազմաճակատային լրագրող և անընդհատ տեղափոխվել է ռազմական մի կետից մյուսը։ Մի անգամ գրողը նկատել է զինվորական համազգեստով մի տղայի․ զինվորական բլուզը, գալիֆեն և ճտքակոշիկները իսկապես զինվորական էին, բայց կարված հատուկ տղայի չափսերով։ Հրամատարի հետ զրուցելով՝ Կատաևը իմանում է, որ քաղցած և չարացած տղային հետախույզները գտել են խրամատում։ Երեխային բերել են զորամաս, որտեղ նա ընտելացել է և մտերմացել բոլորի հետ[2]։

Հետագայում գրողը բազմիցս առնչվել է նման պատմությունների[2]։

  Ես հասկացա, որ դեպքը միակը չէ, այլ տիպիկ իրավիճակ է․ զինվորները տաքացնում են լքվածներին, անկարգ երեխաներին, որբերին, որոնք կորել են կամ որոնց ծնողները մահացել են։  

Վիպակի վերնագիրը հիշեցնում է կոմիկական «Գնդի դուստրը» օպերան, որը Կատաևին հայտնի էր դեռևս պատանեկան տարիքից։ Ճիշտ պահին այն փայլատակեց հիշողության մեջ, կպավ ճիշտ թիրախին[2]։

Հարկ է նշել, որ դեռևս 1915 թվականին Կատաևի «Казачонок» ստեղծագործության մեջ հանդիպել էր թեմա, որը պատերազմի ականատես երեխայի մասին էր։

Սյուժե խմբագրել

Ռազմական գործողությունն իրականացնելու ժամանակ հետախույզների խումբը խրամատում գտնում է փոքրիկ տղայի, որը քնի մեջ զառանցում էր։ Զգալով լապտերի լույսը՝ նա անմիջապես վեր է թռչում և իր տոպրակից հանում է սրած, ժանգոտած մի մեխ։ Սերժանտ Եգորովը հասցնում է բռնել երեխայի ձեռքը և շշնջալ․ «Յուրային ենք»։ Ի պատասխան՝ տղան հասցնում է շշնջալ «Մերոնք», ինչից հետո կորցնում է գիտակցությունը։

Տղայի անունը Վանյա Սոնցև է։ Հայրը զոհվել է ռազմաճակատում պատերազմի առաջին օրերին, մայրը սպանվել է գերմանացիների կողմից։ Փոքր քույրը և տատը սովամահ են եղել։ Դաշտային ժանդարմները տղային ուղարկել են մանկական մեկուսարան, Վանյան կարողացել է փախչել և մոտ երեք տարի թափառել է անտառներում։ Սերժանտ Եգորովը կապիտան Ենոկիևին զեկուցում է ընկեցիկ տղայի մասին և նշում, որ տղան ճարպիկ է և հրաշալի կողմնորոշվում է տեղանքում։ Հետախույզները ցանկանում են նրան պահել իրենց մոտ։ Սակայն Ենակիևը որոշում է տղային թիկունք ուղարկել։

Երբ Վանյաային, որ վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ իրեն ապահով էր զգացել, հայտնում են կապիտանի կարգադրության մասին, նա ըմբոստ պատասխանում է, որ, միևնույն է, կփախչի։ Իսկապես, տղան համարձակվում է երկու անգամ խաբել իրեն ուղեկցող եֆրեյտոր Բիդենկոյին։ Առաջին անգամ Վանյան ցատկում է բեռնատարից և թաքնվում է անտառում՝ ծառի վրա․ Բիդենկոն երկար փնտրելուց հետո գտնում է այբբենարանի շնորհիվ, որը տղայի տոպրակից էր ընկել։ Որպեսզի խուսափի կրկնակի փախուստից, Բիդենկոն մեքենայի թափքում կապում է տղայի ձեռքերը պարանով, իսկ մյուս ծայրն ամրացնում է իր ձեռքին՝ նավաստիական կրկնակի հանգույցով։ Ժամանակ առ ժամանակ եֆրեյտորը քաշում էր պարանը՝ համոզվելու համար, թե տեղու՞մ է արդյոք տղան։ Հերթական ստուգմանն ի պատասխան՝ լսվում է վիրաբույյժ կնոջ զարմացած հարցը, թե ինչու են իրեն կապել պարանով և ինչու են այն անվերջ ձգում։ Տղան կրկին անհետանում է։

Ետդարձի ճանապարհին Վանյան հանդիպում է մի պատանու, որը հպարտ հայտարարում է, որ արդեն երկու տարի գնդի որդի է դարձել․ իրեն գտել են Սմոլենսկում, և նույնիսկ մեկ անգամ մասնակցել է հատուկ գործողության։ Այս ծանոթությունը Վանյային ստիպում է փնտրել գլխավոր հրամանատարին, որպեսզի բողոքի կապիտան Ենակիևից։ Հասնելով խրճիթին, որն իբրև շտաբ էր ծառայում, Վանյան հանդիպում է Ենակիևին, ում դեմքով չէր ճանաչում և սկսում է կապիտանին ներկայացնել իր պատմությունը։ Ենակիևը տղայն հետ է ուղարկում հետախույզների մոտ։ Մի անգամ, մարտական գործողության ժամանակ տղան հայտնվում է գերմանացիների մոտ, սակայն հետախույզները փրկում են նրան։ Նրանք բավականին ջանք են գործադրում, որպեսզի տղայի համար դերձակ, կոշկակար և վարսավիր գտնեն։

Ծանր մարտերի ժամանակ Ենակիևը զոհվում է։ Նրա գրպանում գտնում են մի երկտող, որով նա խնդրում է հոգալ իր տղան համարվող Վանյա Սոնցևի համար և դարձնել նրան արժանավոր զինվոր, ապա՝ սպա։ Հրետանային զորքերի հրամանատարը տղային ուղարկում է սովորովյան ուսումնարան։ Հետախույզները ճանապարհում են իրենց գնդի որդուն, ուսապարկում օճառ, ատամի մածուկ, բաժակ, հաց են դնում և «Սուվորովսկի նատիսկ» («Суворовский натиск») թերթի մեջ փաթաթված՝ կապիտան Ենակիևի ուսադիրները։

Նախատիպեր խմբագրել

 
Գնդի որդին, ԲԳԿՀ, 1943

Չնայած վիպակն արժանացել է ստալինյան մրցանակի, սակայն «Գնդի որդին» արտահայտությունը շատ ավելի ուշ՝ տասնամյակներ հետո է ձևավորվել։ Ինչպես հիշում է հեղինակի որդին՝ Պավել Կատաևը, համարյա ամեն օր նամակներ էր ստանում, որոնց հեղինակները հավաստիացնում էին, թե Կատաևը իրենց կյանքի պատմությունն է նկարագրել Վանյա Սոնցևի կերպարը կերտելիս[2]։

Հնարավոր նախատիպի վերաբերյալ վարկածներից մեկն առաջ են քաշել լրագրողները, ովքեր նկատի են ունեցել Իսահակ-Ռակով Սոնցևի կենսագրականը․ըստ նրանց՝ տղային Սոնցև ազգանունը տվել են պեպենների պատճառով, իսկական ազգանունն անհայտ է[3]։ Այս Սոնցևը ընկերոջ՝ Վոլոդյա Վոզնեսենսկու հետ փախել է ռազմաճակատ և հայտնվել է հետախույզ-հրետանավորների ջոկատում[4]։ Ավելի ուշ լքել է սուվորովյան ուսումնարանը, որտեղ նրան ուղարկել էին հրամանատարները և կրկին մեկնել է ռազմաճակատ[5]։

Ինչպես պնդում էր Պավել Կատաևը, հատուկ նախատիպ չի եղել։ Կատաևի և հոր միջև տեղի ունեցած զրույցներից պարզ է դառնում, որ կերպարը մտացածին է[2]։

  Ես շատ կցանկանայի, որպեսզի այդ տղան, պատանին, երիտասարդը իրականում գոյություն ունենար։ Ինձ համար նա սոսկ մտացածին հերոս չէր, այլ՝ իրական, նույնիսկ՝ քաջածանոթ։ Չէ՞ որ նա ուներ այն նույն զգացողությունը, ինչը կունենայի ես, եթե հայտնվեի նման իրավիճակում։  

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Վիպակի թեմատիկ նորույթն այն էր, որ Կատաևն առաջին էր խորհրդային գրականության մեջ, որ խոսեց պատերազմի մասին՝ երեխայի ընկալման եղանակով[6]։ «Գնդի որդուց» հետո «Պատերազմը և երեխաները» թեման սկսեց ակտիվ շրջանառվել․ համամիութենական ճանաչում ստացան հերոս պիոներները։ Լև Կասիլը և Մաքս Պոլյանովսկին գրեցին «Կրտսեր որդու փողոցը» վիպակը[7]։

Վանյա Սոնցևի կերպարը գրավիչ է նրանով, որ իսկական զինվոր դառնալով՝ նա չի կորցնում երեխայությունը[8]։

  Կատաևը անընդհատ հոգեբանական մոտիվացիա է հաղորդում Վանյա Սոնցևի խոսքերին և արարքներին։ <...> Նա նրբանկատորեն ընկալում է յուրաքանչյուրի տրամադրության փոփոխությունները և հասկանում է, որ Բայդենկոն սիրում է իրեն և տրտնջում է ոչ թե չարությունից։  

Հարմարեցում խմբագրել

Վիպակը երկու անգամ էկրանավորվել է։

Գրքի հրատարակությունից մի քանի տարի անց Լենինգրադի պատանի հանդեսատեսի թատրոնում բեմադրվում է «Գնդի որդին» ներկայացումը (ռեժիսոր Ալեքսանդր Բրյանցև, Վանյա Սոնցևի դերում՝ Նինա Կազարինովա)[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Воронова О. П. Катаев В. П. // Краткая литературная энциклопедия / Главный редактор А. А. Сурков. — М.: Советская энциклопедия, 1966. — Т. 3. — С. 436—438.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Катаев Павел Доктор велел мадеру пить.... — М.: Аграф, 2006. — С. 224. — (Символы времени). — ISBN 5-7784-0236-8
  3. Исаак Трабский По-еврейски он Исаак, а по-русски Ваня // Слово\Word. — 2010. — № 66. Архивировано из первоисточника 1 Նոյեմբերի 2013.
  4. Игорь Плугатарёв Гавроши Великой Отечественной // Белорусская военная газета. — 2013. — В. 3. Архивировано из первоисточника 6 հունվարի 2015.
  5. Полина Иванушкина Сын полка Ваня Солнцев // Аргументы и факты. — № 08 (1321). Архивировано из первоисточника 6 հունվարի 2015.
  6. Кто есть кто в мире / Главный редактор Г. П. Шалаева. — М.: Олма-Пресс, 2003. — 1680 с. — ISBN 5-94849-441-1
  7. Яков Черкасский Дети на войне // Русская Германия. — 2011. — № 27. Архивировано из первоисточника 6 հունվարի 2015.
  8. Зубарева Е. Е. «Сын полка» // Детская литература. — М.: Просвещение, 1976. — С. 273. — 399 с.
  9. Брянцев А. Театр и его друзья // Огонёк. — 1950. — № 28 мая. Архивировано из первоисточника 22 Ապրիլի 2016.