'Գյավրենջի' (Կևրենճի), գյուղ Կարնո նահանգի Դերջան գավառում համանուն քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք։ 19-րդ դարում մտնում էր Գոմձոր գյուղախմբի մեջ։ 1888 թվականի մարդահամարի տվյալներով ներկայանում է որպես քրդաբնակ գյուղ։

Հուշարձաններ խմբագրել

Գյուղի արևելյան եզրին գտնվում է վեցխորան եկեղեցին, որը ներկայումս կիսավեր է, պահպանվել է պատերի հիմնական մասը, իսկ խորանների կամարներն ու գմբեթը չեն պահպանվել։ Եկեղեցու տարածքում կան 10-11-րդ դարերի խաչքարեր, որոնցից մի քանիսն օգտագործվել են որպես շինաքար։ 2008 թվականին խաչքարերը տեղադրվել են գյուղամիջյան աղբյուրի վերնամասում, բնակելի տների որմերում։ Երկար տարիներ եկեղեցին եղել է հարդանոց, գմբեթը տուժել է եկեղեցու ներսում բռնկված խոտի հրդեհից։ 2008 թվականի հնագիտական պեղումների ընթացքում բացվել է եկեղեցու հատակագիծը, որը թույլ է տալիս եզրակացնելու, որ այն նման է 10-11-րդ դարերին բնորոշ վեցխորան եկեղեցիներին, իսկ զարդաքանդակները նման են նույն ժամանակաշրջանի Տայքի հայ քաղկեդոնական եկեղեցիների (Իշխան, Օշկավանք) հարդարանքի լուծումներին։ Հուշարձանը կարելի է թվագրել 10-11-րդ դդ.[1]:

Ճարտարապետություն խմբագրել

Հուշարձանը 14, 3 մետր տրամագծով, շրջանաձև, բարձր գետնախարիսխով, արտաքուստ տասներկու նիստանի, կենտրոնագմբեթ հորինվածքով շինություն է, որը կառուցված է սրբատաշ քարից։ Խորանների վեց արտաքին նիստերում բացված են երկու մուտք և ութ լուսամուտ, անկյունային վեց նիստերից յուրաքանչյուրում կա մեկական խորշ։ Նիստերի անկյուններում զետեղված են կիսաշրջան զույգ որմնասյուներ, որոնց կապող կամարները պսակել են նիստերը։ Մյուս վեցխորան եկեղեցիներից այս հուշարձանը տարբերվում է նրանով, որ խորանները միաչափ չեն։ Դրա արդյունքում գմբեթը հենված է ոչ թե վեց խորանների անկյունային որմնամույթերից սկիզբ առնող վեց, այլ չորս կամարների վրա, որոնք բարձրանում են արևելյան և արևմտյան խորանների եզրային որմնամույթերը։ Այդ առումով այս հուշարձանը նոր տարատեսակ է իր հորինվածքով։ Արևելյան և արևմտյան խորաններն ունեն կիսաշրջան, իսկ հարավային և հյուսիսային երկուական խորանները՝ պայտաձև հատակագիծ։ Կիսաշրջան ավագ բեմը ցածր է, մինչև 45 սմ բարձրություն, որից պահպանվել է միայն ճակատային մասը։ Ավագ խորանն ունի մեկ լուսամուտ, հարավային և հյուսիսային պատերի մեջ ուղղանկյուն, կամարակապ մեկական խորշ։ Հյուսիսային և հարավային ավանդատները նեղ են և ձգված, դեպի արևելք մի փոքր լայնանում է, ծածկված են կլորավուն առաստաղով, լուսավորված են արևելյան մասում մեկական լուսամուտով[1]։

Եկեղեցու մուտքերը երկուսն են՝ արևմտյան և հարավ-արևմտյան խորանների կենտրոնական որմերից։ Արտաքուստ դրանք զարդարված են շքամուտքային լուծումներով, ունեն սլաքաձև կամարներ և երիզված են զույգ կիսաշրջան դեկորատիվ որմնասյուն-կամարներից բաղկացած շրջանակներով։ Արևմտյան շքամուտքը զուրկ է հարդարանքից, իսկ բարավորը երկկտոր քարից է։ Հաարավարևմտյան շքամուտքի կամարը զարդարված է երկարավուն խաղողի ողկույզներով և տերևաքանդակներով, իսկ բարավորը բաղկացած է միմյանց հենվող սեպաձև յոթ քարերից։ Շքամուտքի որմնասյուների խոյակները հարդարված են պարզ տերևաքանդակներով։ Արևելյան զույգ լուսամուտները պսակող կամարակապ քարին պատկերված է Դանիելը առյուծների գբում հարթաքանդակը։ Հուշարձանին տեսք են հաղորդում նաև շրջանաձև նախշազարդ գետնախարիսխների զարդաքանդակները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Ա. (2021, 15, էջ 44-47). «Գյավրենջի գյուղի նորահայտ վեցխորան եկեղեցին». Վարձք.