Գլխատուն կամ Ղարադամ, ճարտարապետական կառույց, գտնվում է Դիզափայտի արևմտյան գոգավորություններից մեկում փռված Քարինգ-Արփագյադուկ լեռնային փոքրիկ գյուղի վերին մասում՝ երկու նեղ կածանների միջև[1]։

Նկարագրություն խմբագրել

Համակառույցի հիմնական շենքը՝ գլխատուն-ղարադամը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Հատակագիծը քառանկյունաձև է՝ 7.8x7.5: Ամբողջ ծածկը քառակուսի հիմքերով հորիզոնական գերաններից կազմված յուրօրինակ գմբեթի տեսք ունի։ Ղարադամի համար հատկանշական է կիսագետնափոր ծավալը և ամբողջական բաց ճակատը, որի ենթամասերը գրեթե ամբողջությամբ խորացված են գետնի մեջ։ Ճակատային պատի արևմտյան անկյունի մոտ գտնվում է դուռը, որը շարված է կոպտատաշ քարից։ Համակառույցի առաջ դուրս փորված հողը կազմում է հարթակ։ Առջևի պատի վրայից ցած իջնելով երևում են կտուրի ծայրերը, որոնք գլխատան շուրջ ստեղծում են հովնոց։ Տաք եղանակներին այն ծառայել է որպես ցերեկային կացարան և խոհանոց։

Գլխատան ներսի 4 անկյուններից մոտ երկու մետր հեռավորության վրա կաղնու փայտից հզոր սյուներ են բարձրանում, որոնց տրամագիծը մեկ մետրից ավել է։

Վերին մասում բրգաձև և նեղացնող սյուները հորիզոնական դիրքով կրում են երեք հարկով շարված կաղնի գերաններ՝ «հրհորումներ»։ Երդիկը գտնվում է բուրգի կենտրոնում՝ սենյակի հատակից վեց մետր բարձրության վրա, որի չափը մոտավորապես մեկ քառակուսի մետր է։ Ուղիղ երդիկի տակ տեղադրված է գլխաքարից կառուցված քառակող օջախը։ Եռաշերտ գերանների վրա կաղնու կոճղեր են շարված կամ ինչպես տեղացիներն են անվանում՝ «լոփաներ», որոնց վրա չփտող մախի կամ ցախավելի մատղաշ սյուներ են շարված, որոնք էլ ծածկված են գարու ծղոտի հաստ շերտերով։ Որից հետո կավի շերտն է։ Որպեսզի ջուրը ներս չհոսի, դրա համար հողաշերտը կտուրթակիներով խտացվել և ամրացվել է։ Ժամանակի ընթացքում առաջացած ճեղքերը կավե նոր շերտով են ամրացվել, որից հետո տանիքի հաստությունը հասել է մինչև 1,5 մետրի։ Գյուղի համարյա բոլոր բնակարանները գրեթե նման են ղարադամին, բայց մի տարբերությամբ, որ սենյակները համեմատաբար փոքր են, իսկ կտուրները՝ հարթ։ Դրա հետևանքով հորիզոնական գերանները պատերի վրա են հենվում, երթիկների փոխարեն ճակատային պատում բացված են երկուական լայն պատուհաններ, ջեռուցումը կատարվում է թիթեղից պատրաստված վառարանի միջոցով, իսկ սրահում՝ բուխարիկի միջոցով։ Կան լայն բացվածքով սյունաշար սրահներ[1]։

Բնակարանների հատակն ու ետնապատն ամբողջությամբ, կողքի պատերը մասամբ ղարադամի են նման, իսկ ճակատային լուսամուտները, առաստաղն ու սենյակների հարդարանքը, ընդարձակ պատշգամբը ոչնչով չեն տարբերովում նորատիպ բնակարաններից։

Փոքրիկ գյուղի բնակարանները պատկանում են ժողովրդական բնակարանների այն հազվագյուտ տեսակներին, որոնց բնորոշ է ղարադամից նորատիպ բնակարաններին անցնելու միջանցիկ շրջանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ. Երևան: «Հայաստան». էջեր 123–124. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)