Գիշերալամպ, Փոքր դեկորատիվ լուսատու, որն օգտագործվում է մութ սենյակները լուսավորելու համար կամ այն սենյակների համար, որոնք ժամանակ առ ժամանակ մթնում են (օրինակ՝ գիշերը), կամ որպես հերթապահ լուսավորություն որոշ տարածքներում, ինչպիսիք են բնակարանների և տների միջանցքները, կան նույնիսկ մոդելներ տնային զուգարանների համար, որոնք լուսավորում են զուգարանակոնքը: Գիշերային լամպը հեշտացնում է սենյակում կողմնորոշվելը՝ կանխելով վնասվածքները. միևնույն ժամանակ այն բավականաչափ պայծառ չէ, որպեսզի անհանգստացնի սենյակում քնած մարդկանց:

Nightlight
Ենթակատեգորիաlamp Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էԳիշեր, safety Խմբագրել Wikidata

Օգտագործումը և հիշատակումները մշակույթում

խմբագրել

Մարդիկ հաճախ օգտագործում են գիշերային լամպեր պաշտպանվածության զգացողության համար, որը դրանք տալիս են՝ լուսավորելով սենյակը, դրանց տրամադրած հարմարավետության համար կամ մթության վախի պատճառով, հատկապես փոքր երեխաների մոտ: Գիշերային լամպերը նաև հարմար են նրանով, որ իրենց լույսով նշում են սենյակի չափերը՝ առանց հիմնական լուսավորությունը միացնելու անհրաժեշտության, ինչպես նաև օգնում են չսայթաքել, չընկնել աստիճաններից, նկատել տնային կենդանուն կամ նշել վթարային ելքը: Տանտերերը կարող են գիշերային լամպեր տեղադրել լոգարաններում և խոհանոցներում՝ խուսափելու համար հիմնական լույսը միացնելուց և հեշտացնելու տեսողության հարմարվելը պայծառ լույսին[1]:

Որոշ ճանապարհորդներ իրենց հետ տանում են գիշերային լամպեր և միացնում դրանք ժամանակավոր բնակության վայրում՝ խուսափելու համար գիշերային վնասվածքներից անծանոթ միջավայրում: Գերոնտոլոգները խորհուրդ են տալիս տարեց մարդկանց օգտագործել գիշերային լամպեր՝ խուսափելու համար վնասվածքներից և աստիճաններից ընկնելուց[2]:

Գիշերային լամպերը բավականին էժան են և թողարկվում են տարբեր դիզայններով՝ սկսած սուպերհերոսներից մինչև մինիմալիստական լուսավոր սկավառակներ:

Լույսի աղբյուրներ և դասավորություն

խմբագրել

Առաջին գիշերային լուսավորիչները օգտագործում էին փոքր շիկացման լամպեր կամ փոքր նեոնային լամպեր, ինչը շատ ավելի անվտանգ էր, քան բաց կրակով լույսի աղբյուրները: Նեոնային լամպերը բնութագրվում են շատ ցածր էներգիայի սպառմամբ, երկարակեցությամբ, սակայն երբեմն հակված են թարթելու, ինչը որոշ սպառողների զայրացնում էր: 1960-ականներին հայտնվեցին էլեկտրալյումինեսցենտային լույսի աղբյուրներով գիշերային լուսավորիչներ, որոնք արձակում էին մեղմ կանաչ կամ կապույտ լույս: Այսպիսի գիշերային լուսավորիչներ արտադրվում են մինչ օրս[3]: Վաճառքում նաև հանդիպում են ցածր հզորության լյումինեսցենտային լամպերով գիշերային լուսավորիչներ, լուսարձակման գույնը տարբեր է տարբեր մոդելների համար:

Շատ գիշերային լուսավորիչներ չունեն որևէ կարգավորման սարքեր, ներառյալ անջատիչներ, և աշխատում են այնքան ժամանակ, քանի դեռ միացված են վարդակին: Որոշ գիշերային լուսավորիչներ պարունակում են ֆոտոռեզիստոր, որն ավտոմատ կերպով միացնում է գիշերային լուսավորիչը մթության ժամանակ: Այլ մոդելներ պարունակում են պիրոէլեկտրական շարժման սենսոր, որը միացնում է լույսը, երբ որևէ մեկը սկսում է շարժվել սենյակում: Ժամանակակից LED գիշերային լուսավորիչները պատրաստվում են ամենատարբեր ձևերով և գույներով, տարբեր ֆունկցիոնալությամբ, նաև լուսարձակման պայծառության կարգավորմամբ՝ շնորհիվ ներկառուցված փոքր ռեոստատի (պտտվող բռնակ կամ սահիչ):

Բացի վարդակին անմիջապես ամրացվող մոդելներից, կան նաև սեղանի մոդելներ, որոնք աշխատում են ցանցից սնուցման բլոկի միջոցով կամ մարտկոցով: Կան նաև այնպիսիք, որոնցում տեղադրվում են ամենատարածված չափսերի գալվանական տարրեր:

Անվտանգություն

խմբագրել

ԱՄՆ Սպառողների անվտանգության պաշտպանության հանձնաժողովը հաղորդում է, որ տարեկան ստանում է մոտ 10 հաշվետվություն, որտեղ դյուրավառ նյութերին մոտ տեղադրված գիշերային լուսավորիչը նշվում է որպես հրդեհի պատճառ: Նրանք խորհուրդ են տալիս օգտագործել 4-7 Վատտից պակաս հզորությամբ շիկացման լամպեր շիկացման լամպերով գիշերային լուսավորիչներում[4]: Խանութներում երբեմն հանդիպում են անորակ գիշերային լուսավորիչներ, այդ պատճառով ցանկացած գիշերային լուսավորիչի շահագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել նախազգուշական միջոցներ՝ գիշերային լուսավորիչի մոտ չպետք է լինեն դյուրավառ առարկաներ (վարագույրներ, կահույք, հագուստ):

Հնարավոր ռիսկերը և առողջության հետևանքները

խմբագրել

Պենսիլվանիայի համալսարանի հետազոտությունը հաղորդում է, որ երեխաների քունը լուսավորված սենյակում կամ գիշերային լուսավորիչով կապված է կարճատեսության ավելի բարձր հաճախականության հետ[5]: Օհայոյի նահանգային համալսարանի ավելի ուշ հետազոտությունը եկել է նույն եզրակացությանը[6]: Երկու հետազոտություններն էլ հրապարակվել են Nature ամսագրում:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ լուսավորությամբ քունը պաշտպանում է աչքերը դիաբետիկ ռետինոպաթիայից՝ հիվանդություն, որը հանգեցնում է կուրության[7]: Սակայն հետազոտության արդյունքները դեռևս չեն կարող համարվել վերջնական:

Քնի համար օպտիմալ պայմանները լիակատար մթությունն է[8]: Եթե այնուամենայնիվ օգտագործվում է գիշերային լուսավորիչ, խորհուրդ է տրվում ընտրել աղոտ կարմրավուն լույս՝ օրական ռիթմերի վրա դրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար[9][1]: Հավանաբար, նպատակահարմար կլինի գիշերային լուսավորիչների օգտագործումը այլ սենյակներում՝ միջանցքներում, նախասրահներում, խոհանոցում, լոգարանում, զուգարանում, ինչը հնարավոր կդարձնի գիշերային տեղաշարժերն առանց հիմնական լուսավորության միացման՝ միաժամանակ թողնելով քնի հիմնական սենյակը մութ[2]:

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 «National Sleep Foundation». National Sleep Foundation. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2015-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 McMurdo, M E; Gaskell, A. Dark adaptation and falls in the elderly (und) // Gerontology. — 1991. — Т. 37. — № 4. — С. 221—224. — PMID 1916313.
  3. «Electroluminescent Lamps - How They Work & History». www.edisontechcenter.org. Արխիվացված է օրիգինալից 2020-10-13-ին. Վերցված է 2017-02-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Fire Hazard with Nightlights». CPSC Document #5063. US Consumer Product Safety Commission. Արխիվացված է օրիգինալից 2011-08-13-ին. Վերցված է 2011-05-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Is Nearsightedness in Children Linked to Night Light Exposure During Sleep Before Age Two?» (PDF). Science NetLinks. American Association for the Advancement of Science. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-12-03-ին. Վերցված է 2009-03-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Night Lights Don't Lead To Nearsightedness, Study Suggests». Science Daily. 2000-03-09. Արխիվացված է օրիգինալից 2009-01-02-ին. Վերցված է 2009-03-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Light at Night Protects Diabetics' Eyes». WebMD. 2002-06-27. Արխիվացված է օրիգինալից 2020-10-13-ին. Վերցված է 2009-03-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Rettner, Rachel. «Avoiding Depression: Sleeping in Dark Room May Help». Live Science. Արխիվացված է օրիգինալից 2020-10-13-ին. Վերցված է 2015-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Hyman, Mark (2013-11-08). «How a Light Bulb Can Help You Sleep Better». The Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2017-10-08-ին. Վերցված է 2017-02-16-ին.