Գերձայնային հոսանք, գազի հոսանք, որի դիտարկվող տիրույթի սահմանային շերտից դուրս մասնիկների արագությունները մեծ են գազում ձայնի տարածման արագությունից։

Գերձայնային հոսանքի ուսումնասիրման հետ կապված խնդիրներն առաջանում են գերձայնային արագությամբ շարժվող ինքնաթիռներ, հրթիռներ, հրետանային արկեր, ինչպես նաև գերձայնային արագություն ստանալու համար գազային տուրբիններ, աերոդինամիկ խողովակներ պատրաստելիս։ Գերձայնային հհոսանքը էապես տարբերվում է մինչձայնային հոսանքից։ Թույլ գրգռումները գազում տարածվում են ձայնի արագությամբ, ընդ որում Գերձայնային հոսանքում՝ հոսանքի ուղղությամբ, մնալով բնութագրական կոնի ներսում, իսկ մինչձայնային հոսանքում՝ բոլոր ուղղություններով։ Եթե մինչձայնային հոսանքում բնութագրական մեծությունները անընդհատ են, ապա գերձայնային հոսանքում գոյություն ունեն այդ մեծությունների խզման մակերևույթներ։ Գազում ճնշման փոփոխություններ առաջացնող ալիքները բնույթով տարբեր են։ Ճնշումը մեծացնող ալիքը տարածվում է գերձայնային արագությամբ, վերածվելով շատ նեղ տիրույթի, որը տեսական հետազոտությունների համար փոխարինվում է խզման մակերևույթով։ Երբ թռիչքի ինտենսիվությունը ձգտում է զրոյի, արագությունը մոտենում է ձայնի արագությանը։ Գերձայնային հոսանքի օրինաչափությունները ուսումնասիրվում են գազային դինամիկայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 31