Գեղարվեստական մեթոդ, գրականության և արվեստի մեջ իրականության արտացոլման հիմնական սկզբունքների ամբողջությունը։ Եթե գիտության մեջ մեթոդը առարկայի հետազոտման և գիտական ճշմարտության հասնելու ուղին է, ապա արվեստում այն ցույց է տալիս կենսական փաստերի ընտրության, ընդհանրացման և գնահատման եղանակը։ Գեղարվեստական մեթոդն իրականության նկատմամբ գեղագիտական հարաբերության որոշակի տիպ է և միաժամանակ գեղարվեստական սկզբունքների ու միջոցների պատմականորեն զարգացող համակարգ։ Գեղարվեստական մեթոդն անմիջական կապ ունի ու պայմանավորված է արվեստագետի աշխարհայացքով և այն գեղագիտական իդեալով, որ նա ձգտում է հաստատել։ Այս առումով, արվեստի զարգացման ամեն մի աստիճան, սկսած հնագույն ժամանակներից, ենթադրում է որոշակի գեղարվեստական մեթոդի առկայություն։ Սակայն գեղարվեստական մեթոդն ավելի հստակ և բազմազան արտահայտություն գտավ նոր ժամանակների արվեստում՝ սկսած եվրոպական Վերածնության դարաշրջանից։ Այսպես, ինքնուրույն մեթոդ են եղել կլասիցիզմը, ռոմանտիզմը, նատուրալիզմը, սիմվոլիզմը և այլն։ Մեթոդների մեջ իր ազդեցությամբ ու նշանակությամբ հատուկ կարևորություն ունի ռեալիզմը՝ իր տարբեր դրսևորումներով (Վերածնության ռեալիզմ, Լուսավորական ռեալիզմ, քննադատական ռեալիզմ և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 380