Գայլաձկան հրամանով (հեքիաթ)

Գայլաձկան հրամանով, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Հեքիաթի երեք տարբերակ հրատարակված է Ալեքսանդր Աֆանասևի կազմած «Ռուսական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուում՝ 164-167 համարների տակ, երբեմն ժողովածուի հղումը ցույց է տալիս հեքիաթի միայն մեկ տարբերակը՝ № 165[1]: Հայտնի է նաև Ալեքսեյ Տոլստոյի համանուն հեքիաթի վերամշակումը։ Հեքիաթի գլխավոր հերոսներն են պարզ և բարի տղա Եմելյան և գայլաձուկը։

Գայլաձկան հրամանով
ՏեսակՌուսական ժողովրդական հեքիաթներ և հեքիաթային սյուժե
Բնագիր լեզուռուսերեն
 By the Pike's Magic

Սյուժե

խմբագրել

Ընտանեկան լուրջ գործերին Եմելյային թույլ չեն տալիս մասնակցել։ Նա չափազանց ծույլ է, երկար ժամանակ է պահանջվում նրան հորդորելու համար, որ կատարի որևէ աշխատանք, նույնիսկ մի չնչին գործ։ Միակ բանը, որ կարող է նրան տեղից շարժել, քաղցրավենիքի խոստումն է, որին նա չի կարող դիմակայել։ Հենց այստեղ է թաքնված առաջին հայացքից աննկատ հեգնանքը. ըստ վարկածներից մեկի՝ Եմելյա անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «աշխատասեր»։ Սակայն այս թվացյալ անհամակրելի կերպարը օժտված է այնպիսի հատկանիշներով, որոնք նրան դարձնում են իսկական հերոս. նա ճարպիկ է և հաջողակ, կարողացել է ջրհորի միջից ձեռքով գայլաձուկ բռնել և նրանից ստանալ մոգական ուժ (բանահյուսագետ Վլադիմիր Պրոպի տերմինաբանության մեջ գայլաձուկը դառնում է գյուղական հիմարիկի «կախարդական օգնականը»)։ Սկզբում Եմելյան օգտագործում է իր շնորհը կենցաղային նպատակների համար. դույլերին ստիպում է գնալ ջրի, կացնին՝ փայտ կոտրել, գավազանին՝ հարվածել թշնամիներին։ Բացի դրանից՝ նա առանց ձիերի ինքնաշարժ սահնակով շարժվում է առաջ, այնուհետև կառավարում վառարանը, քանի որ չէր ցանկանում լքել իր սիրելի «մահճակալը»։ Վառարանով երթևեկելու տեսարանը հեքիաթի ամենավառ դրվագներից մեկն է։ Հետաքրքիր է, որ կառավարելով իր «տրանսպորտային միջոցները»՝ Եմելյան անխղճաբար վրաերթի է ենթարկում մարդկանց («Իսկ ինչո՞ւ են նրանք սահնակի տակ ընկնում»)։ Բանահյուսագետներն այն կարծիքն են հայտնում, որ այս դրվագը ցույց է տալիս Եմելյայի թագավորական բնույթը, որը որոշ ժամանակ մնացել էր թաքնված, այնուհետև բացահայտվում է իր հերոսականությամբ և բացառիկությամբ։ Իրականում հենց տիրական ձևով երթևեկելու մասին լուրերը և տուժողների բողոքներն են ստիպում թագավորին ուշադրություն դարձնել իր հպատակներից ամենափոքրին։ Եմելյային նվերներով գայթակղելով՝ տանում են պալատ, և թագավորը նրան պահանջ է ներկայացնում, որը սահմանափակվում է բանավոր նկատողությամբ։ Եմելյան այդ ժամանակ հասցնում է հմայել թագավորի դստերը այնպես, որ երբ հերոսը վերադառնում է տուն, աղջիկը սկսում է կարոտել և պահանջել, որ վերադարձնեն գյուղացու որդուն։ Թագավորն իր համաձայնությունն է տալիս, բայց երբ Եմելյան կրկին պալատ է գալիս, նրան արքայադուստր Մարյայի հետ փակում են տակառում և նետում ծովը։ Սակայն կախարդական պարգևն այստեղ էլ է օգնում հերոսին. մոգական բառերը՝ «Գայլաձկան հրամանով, իմ կամքով», տակառը նետում են ափ, պալատ կառուցում և Եմելյային վերափոխելով՝ դարձնում գեղեցիկ տղամարդ (աղջկա խնդրանքով)։ Թագավորը, տեսնելով նոր պալատ իր երկրի տարածքում, զայրանում է և գալիս տեսնելու այդ հանդուգն արարածին, որ համարձակվել է պալատ կառուցել։ Նա չի ճանաչում Եմելյային՝ փոխված արտաքինի պատճառով, և միայն արարողության ժամանակ է հերոսն ինքն իրեն հայտնում և հիշեցնում թագավորի չար արարքը։ Արքան վախենում է, ընդունում Եմելյայի ուժը և համաձայնվում, որ նա արժանի է դառնալու իր փեսան։ Ինչպես և շատ ռուսական հեքիաթներում, այստեղ էլ պատմությունն ավարտվում է հարսանիքով։

Մշակույթում

խմբագրել
  • 1938 թվականին ԽՍՀՄ-ում «Սոյուզդետֆիլմ» մոսկովյան կինոստուդիայում ստեղծվել է ռեժիսոր Ալեքսանդր Ռոուի «Գայլաձկան հրամանով» ֆիլմը՝ Ելիզավետա

Տարախովսկայայի համանուն պիեսի հիման վրա, որի հիմքում ընկած էին «Գայլաձկան հրամանով» հեքիաթը և ռուսական ժողովրդական այլ հեքիաթներ։

  • 1957 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է Իվան Իվանով-Վանոյի «Ինչ-որ թագավորությունում» մուլտֆիլմը։
  • 1970 թվականին Ելիզավետա Տարախովսկայայի պիեսի հիման վրա ստեղծվել է «Գայլաձկան հրամանով» ֆիլմ՝ ռեժիսորներ Վլադիմիր Պեկարի և Վլադիմիր Պոպովի կողմից։
  • 1984 թվականին ստեղծվել է «Գայլաձկան հրամանով» մուլտֆիլմ Սվերդլովսկի կինոստուդիայում, ռեժիսոր՝ Վալերիյ Ֆոմին։

«Գայլաձկան հրամանով» մուլտֆիլմին են նվիրված Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության վեց փոստային նամականիշ, որոնց վրա պատկերված են հեքիաթից դրվագներ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել