Բուսերի ցրտադիմացկունություն

Ցրտադիմացկանություն, 0°–ից ցածր ջերմաստիճաններին բույսերի դիմանալու ունակությունը։

Ծառեր ձմռանը՝ 0°-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում։

Ընդհանուր մանրամասներ խմբագրել

Տարբեր տեսակներին պատկանող բույսերն օժտված են տարբեր աստիճանի ցրտադիմացկանությամբ, որը նրանց ժառանգական հատկությունն է։ Ցրտադիմացկանությունն ավելի լայն հասկացություն է, քան ցրտակայունությունը՝ ցածր դրական ջերմաստիճաններին (+2°, +8 °C) դիմանալու կարողությունը։ Ցրտադիմացկանության զարգացման հիմնական պայմաններն են՝ աճման պրոցեսների դանդաղումը և կոփման երկու փուլերի հաջորդական անցումը։ Միամյա աշնանացան բույսերը կոփման առաջին փուլն անցնում են օդի +6–0 °C ջերմաստիճանի պայմաններում, լույսի առկայությամբ, որի ընթացքում, ֆոտոսինթեզի պրոցեսի հետևանքով, տեղի է ունենում պաշտպանական նյութերի (շաքարների) կուտակումը։ Բազմամյա բույսերի համար, մինչև կոփման փուլերին անցնելը և աճման պրոցեսների դադարելը, անհրաժեշտ է, որ բողբոջներն ու կամբիումն անցնեն հանգստի շրջան։ Նշված բույսերը կոփման առաջին փուլն անցնում են +3°–ից մինչև –2 °C ջերմաստիճանի պայմաններում, որին բնորոշ է շաքարների կուտակումն ի հաշիվ բազմաշաքարների հիդրոլիզի։ Բոլոր բույսերի կոփման առաջին փուլում տեղի են ունենում միջբջջային էական փոփոխություններ, որոնց հետևանքով բջջի պարունակությունը զոլի վիճակից անցնում է գելի (դոնդողացում)։ Պրոտոպլաստի դոնդողացումը բարձրացնում է բույսի դիմադրողականությունը չափավոր ցրտերի և մեխանիկական ձևափոխությունների նկատմամբ։ Բարձր ցրտադիմացկանությունը զարգանում է բույսի կոփման երկրորդ փուլում, որն ընթանում է միայն բացասական ջերմաստիճանների պայմաններում (–3 °C–ից մինչև–15 °C և ավելի ցածր, նայած բույսի տեսակին)։ Այս պրոցեսում բջիջներից ջրի զգալի մասը դուրս է գալիս և սառչում միջբջջային տարածություններում։ Բջջում մնում է դժվար սառչող ջուրը, որը սակայն կրիտիկական ջերմաստիճանների երկարատև ազդեցության դեպքում սառցակալում է, և բջիջը մահանում է։ Կոփումը պաշտպանում է բույսերին ներբջջային սառույցի գոյացումից, բարձրացնում պրոտոպլաստի դիմադրողականությունը բջիջների ջրազրկման և միջբջջային սառույցի մեխանիկական ճնշման համատեղ ազդեցության նկատմամբ։ Առավելագույն ցրտադիմացկությունը ապահովում է այն դեպքում, երբ բույսը զարգացման և կոփման փուլերն անցնում է աստիճանաբար և տվյալ տեսակի համար օպտիմալ պայմաններում։ ժամանակակից գիտությունը բացահայտել է ցրտադիմացկանության գենետիկական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական էությունը, մշակել որոշ միջոցառումներ միամյա և բազմամյա բույսերի ցրտադիմացկությունը բարձրացնելու համար։ Կարևոր նշանակություն ունի նպատակային սելեկցիան, որի միջոցով ստեղծված են տարբեր կուլտուրաների համեմատաբար ցրտադիմացկուն սորտեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 170