Բուսաբանությունը Հայաստանում
Հայաստանի ֆլորայի և բուսականության համակարգված գիտական ուսումնասիրությունն սկսվել է 1920-ական թվականներից։ Առաջին ֆլորիստական և ֆիզիոլոգիական հետազոտությունները կատարվել են ԵՊՀ-ում՝ Հ. Բեդելյանի և Ն. Տրոիցկու նախաձեռնությամբ։ Սակայն գիտական բուսաբանության զարգացումը պայմանավորված է 1935 թ.-ին (ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի, 1943 թ.-ին՝ ՀԽՍՀ ԳԱ-ի հիմնադրմամբ, որի համակարգում կազմակերպվել են Բուսաբանության ինստիտուտը և Երևանի բուսաբանական այգին։ Առաջին արժեքավոր աշխատանքները ծավալվել են հանրապետության ֆլորայի, բուսական ծածկույթի, էվոլյուցիոն կարգաբանության և բույսերի ֆիզիոլոգիայի բնագավառներում։
Հայաստանի բնապատմական թանգարանի հերբարիումի ստեղծումը
խմբագրելԲուսաբանական ուսումնասիրությունների սկիզբը Հայաստանում կապված է բնախույզ Ա. Շելկովնիկովի աշխատությունների հետ. 1920-ական թվականներին նրա պատրաստած հերբարիումի հիման վրա ստեղծվել է Հայաստանի բնապատմական թանգարանի հերբարիումը, հետագայում՝ Բուսաբանության ինստիտուտը։ Ներկայումս այն ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի հերբարիումն է (ավելի քան 500 հազար նմուշ), որը մեծ ճանաչում ունի ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ERE միջազգային ցուցիչով։ ERE հերբարիումային ֆոնդի ուսումնասիրության հիման վրա հրատարակվել են 11-հատորանոց «Հայաստանի ֆլորան», «Երևանի ֆլորան», «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը» (առաջինը՝ 1990, լրամշակված հրատարակություն՝ 2010), ավարտական փուլում են «Կովկասի ֆլորայի կրիտիկական կոնսպեկտի» քառահատորի և մի շարք այլ մենագրությունների հրատարակումը։ Պատրաստվում են հրատարակության «Հայաստանի ֆլորայի անոթավոր բույսերի որոշիչը», «Հայաստանի ծառերի ու թփերի փոշեհատիկների ատլասը»։
Փոշեհատիկաբանություն
խմբագրելՓոշեհատիկաբանության բնագավառում հետազոտություններն սկսվել են 1945 թ.-ին ԵՊՀ-ում (Ա. Թախտաջյան, Ա. Յացենկո-Խմելևսկի, Թ. Ծատուրյան), ապա՝ Բուսաբանության ինստիտուտում (Ե. Ավետիսյան, Վ. Աղաբաբյան, Ա. Հայրապետյան)։ Ս. Թախտաջյանը, ընդհանրացնելով կուտակված տվյալները, ներկայացրել է ծածկասերմ բույսերի փոշեհատիկների հիմն, տիպերը և դրանց էվոլյուցիոն զարգացման ուղիները։ Բուս աբանության ինստիտուտի փոշեհատիկաբանության կենտրոնում ստեղծվել է փոշեհատիկների պատրաստուկների հարուստ հավաքածու (պալինոտեկա), որն ընդգրկում է ավելի քան 14 հազար նմուշ։ Փոշեհատիկաբանության հիմնական ուղղություններն են ծածկասերմ բույսերի փոշեհատիկների ձևաբանությունը, փոշեհատիկաբանությունը, ինչպես նաև էվոլյուցիոն փոշեհատիկաբանությունը։ Բույսերի անատոմիայի բնագավառում առաջին ուսումնասիրությունները կատարել է Հ. Բեդելյանը, ապա՝ Ա. Թախտաջյանը և Ա. Յացենկո-Խմելևսկին, որոնց հետազոտություններով Հայաստանում դրվել է բնափայտի անատոմիական ուսումնասիրությունների հիմքը։ Ա. Յացենկո-Խմելևսկին հրատարակել է «Կովկասի բնափայտերը» (ուսումնական) երկհատորը։ Ա. Թախտաջյանի և Ա. Յացենկո-Խմելևսկու ստեղծած բուսանատոմների հայկական դպրոցի ներկայացուցիչներ Վ. Փալանջյանը, Բ. Տեր-Աբրահամյանը, Ն. Մելիքյանը, Մ. Գզիրյանը շարունակել են շրջակա միջավայրի գործոնների հետ բնափայտի կառուցվածքային փոխազդեցության, Վ. Ավետիսյանը, Է. Գաբրիելյանը, Ա. Մելիքյանը, Ն. Խանջյանը, Լ. Մուրադյանը, Կ. Թամանյանը, Մ. Հովհաննիսյանը, Գ. Օգանեզովան՝ կարգաբանության և ֆիլոգենիայի նպատակներով՝ բույսերի վեգետատիվ ու գեներատիվ օրգանների անատոմիական կառուցվածքների ուսումնասիրությունները։ Համեմատական անատոմիայի եղանակի կիրառմամբ ստացված տվյալներն ամփոփել է Գ. Օգանեզովան՝ իր «Շուշանազգիների սերմերի կառուցվածքը և համակարգը» (2008 ) մենագրության մեջ։ Հայաստանի բուսանատոմների աշխատանքներն ու ստացած տվյալներն ընդգրկվել են «Սերմերի համեմատական անատոմիա» (1985-2010, խմբ.՝ Ա. Թախտաջյան, ռուսումնական) բազմահատոր տեղեկատու հրատարակության մեջ։
Բույսերի ֆիզիոլոգիան և կենսաքիմիան
խմբագրելԲույսերի ֆիզիոլոգիայի զարգացմանը Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին հանրապետությունում զգալիորեն նպաստել է Ս. Չայլախյանի գործունեությունը։ Հետազոտություններ են կատարվել ԵՊՀ-ում, Գյուղատնտեսական, Բուսաբանության, հետագայում նաև Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության, Երկրագործության ԳՀհ-ներում։ Առաջին խոշոր տեսական աշխատությունը նվիրված է միամյա բույսերի ծերացման ֆիզիոլոգիական բնույթի պարզաբանմանը։ Նոր պատկերացումների հետագա զարգացման հիման վրա Վ. Ղազարյանը մշակել է բարձրակարգ բույսերի ծերացման ընդհանուր տեսություն, բացահայտել, որ ծառերից դեպի խոտերը էվոլյուցիան ընթացել է արմատատերևային տարածության կրճատման և կենսընթացների ակտիվացման ուղղությամբ։ Էկոֆիգիոլոգիական բնույթի աշխատություններում պարզաբանվել են հանրապետության տարբեր անտա- ռաբուսումնական շրջաններում վայրի պտղատու, ինչպես նաև ինտրոդուկցված ծառատեսակների կենսընթացների ակտիվությունը և հարմարվողականությունը (Վ. Ղազարյան)։ Բուսաբանության ինստիտուտում մշակվել են «Հայաստանի անտառապատման և կանաչապատման գիտական հիմունքները» (1974)։ Ուշագրավ հետազոտություններ են ծավալվել նաև երկրաբուսաբանության և էկոլոգիայի ոլորտներում։
Առանձին ուսումնասիրություններ ու գրականություն
խմբագրելՀ. Մաղաքյանը, Շ. Աղաբաբյանը, Ե. Ղագարյանն ուսումնասիրել են հանրապետության գլխավոր մարգագետնաարոտավայրային զանգվածների բուսականությունը, Գ. Յարոշենկոն, Լ. Մախատաձեն՝ հաճարենու և կաղնու անտառները, Ա. Թախտաջյանը՝ չորասեր բուսականությունը և բուսականության հիմնական տիպերը, Ա. Բարսեղյանը՝ ջրաճահճային, Ա. Ֆեոդորովը, Ս. Նարինյանը, Վ. Ոսկանյանը, Ս. Բալոյանը, Ա. Զիրոյանը՝ ալպիական, Գ. Ֆայվուշը՝ տափաստանային բուսականությունը։ Կազմվել են Հայաստանի բուսական ծածկոցի, կերային հանդակների և անտառային բուսականության քարտեզները։ Վերջին տարիներին կարևոր աշխատանքներ են կատարվում հազվագյուտ բուսական համակեցությունների ուսումնասիրության, ինչպես նաև էկոհամա- կարգերի վրա կլիմայի գլոբալ փոփոխության ներգործման ու ինվազիվ բույսերի տեսակների տարածման ուղղությամբ (Գ. Ֆայվուշ)։ Հայաստանը հարուստ է նաև երկրաբանական տարբեր դարաշրջանների բուսատեսակներով, որոնք ներկայացված են բույսերի տարբեր օրգանների դրոշմներով, մնացորդներով կամ քարացուկներով։ Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերականգնելու Հայաստանի տարածքի հնագույն ֆլորայի պատկերը։
Հնէաբուսաբանություն
խմբագրելՀնէաբուսաբանության բնագավառում առաջին աշխատանքները կատարել են Ի. Պալիբինը, Ա. Կրիշտոֆովիչը, Ա. Թախտաջյանը, հետագայում՝ Մ. Հարությունյանը, Ն. Գոխթունին, Լ. Մանուկյանը, Ի. Գաբրիելյանը։ Հայտնաբերվել են 350-ից ավելի բրածո բուսատեսակներ, նկարագրված են գիտության համար նոր՝ մոտ 30 բրածո տեսակներ։ Անտառագիտության բնագավառի աշխատանքների նպատակը եղել է հիմնականում հանրապետության անտառային զանգվածների ընդլայնումը։ 1929 թ.-ին Վանաձորում հիմնադրվել է Անտառփորձակայան, որտեղ առաջին աշխատանքները նվիրվել են հանրապետության անտառների տիպաբանությանը և հատումներից հետո դրանց վերականգնմանը, կենսբ. և անտառտնտեսական բնութագրմանը։ Հետագայում անտառագիտության նոր կենտրոն է ստեղծվել Բուսաբանության ինստիտուտում, որի առաջնահերթ խնդիրը Սևանա լճի ջրերից ազատված տարածքի անտառապատումն է և համապատասխան տեսակաշարի ու ագրոտեխնիկայի մշակումը։ Այդ բաժնի (Պ. Խուրշուդյան և ուրիշներ) երաշխավորությամբ Սևանի ավագանում ստեղծվել են մոտ 7000 հա սոճու տնկարկներ։ Բուս, պաշարներից առաջինը հետազոտվել են Հայաստանի տարածքի դեղաբույսերը։ Հետագայում Ա. Խրիմլյանն ավելի մանրամասն ուսումնասիրել է առանձին արժեքավոր բուսատեսակներ, օր.՝ եթերայուղատու բույսերը, Ձ. Աստվածատրյանը՝ տրագականտային գազերը, Ա. Սեպետճյանը՝ սննդային բույսերը, Ս. Ջոլոտնիցկայան՝ դեղաբույսերը։ Բուսաբանական գիտության կիրառական խնդիրներից է օգտակար բույսերի ինտրոդուկցիան։ Հանրապետության հողժողկոմը դեռևս 1927 թ.-ին Հրազդան գետի ափին հիմնադրել էր առաջին բուսաբանական այգին, 1935 թ.-ին մշակվել է նոր այգի՝ ավելի քան 100 հա տարածքում, որը բույսերի ինտրոդուկցիայի հանրապետության առաջին գիտական կենտրոնն է։ Այնուհետև կազմակերպվել են բուսաբանական այգու՝ Վանաձորի (1936 թ.) և Սևանի (1944 թ.) բաժանմունքները։
Գ. Յարոշենկոն, Հ. Մկրտչյանը, Տ. Չուբարյանը, Լ. Մախատաձեն, Ա. Գրիգորյանը, Ժ. Վարդանյանը, Զ. Աստվածատրյանը և ուրիշներ այգում ու նրա մասնաճյուղերում ստեղծել են տարբեր աշխարհագր. ծագման և տարբեր կարգաբան, ու կենսաձևերի պատկանող ինտրոդուկցված բույսերի հարուստ հավաքածուներ՝ շուրջ 5000 անուն, այդ թվում՝ ծառերի ու թփերի ավելի քան 1600 տեսակ և սորտ, խոտաբույսերի 1240 տեսակ, այլատեսակ ու պարտիզային ձևեր։ Հրատարակվել է Ժ. Վարդանյանի «Հայաստանի ծառերն ու թփերը բնության մեջ և մշակության պայմաններում» (2003) մենագրությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |