Բույսերի աղադիմացկունություն

Բույսերի աղադիմացկունություն, բուսական օրգանիզմների հարմարվողականությունը հողային և ջրային միջավայրի բարձր աղակալությանը։ Մեծ աղադիմացկունությամբ օժտված են՝ աղերով հագեցած լուծույթներում (15–20% NaCl) ապրող բակտերիաները, քաղցրահամ ջրերում չզարգացող ծովային ջրիմուռները, ինչպես նաև հալոֆիտները (օրինակ՝ բալախը հարմարվել Է աճելու խոնավ աղուտներում, որտեղ աղերի կոնցենտրացիան 1–2% է)։

Արտահայտում խմբագրել

Աղադիմացկունությունը արտահայտվում է բույսերի նյութափոխանակության փոփոխությամբ, ընկնում է շնչառության և տրանսպիրացիայի ինտենսիվությունը, ֆերմենտների մեծ մասի ակտիվությունը, պրոտոպլազմայի թափանցելիությունն աղերի նկատմամբ, բարձրանում կոլոիդների ջրասիրությունն ու կապված ջրի քանակը, պրոտոպլազմայի մածուցիկությունը և կոագուլացման շեմքն աղերի թունավոր ազդեցության հանդեպ։ Միաժամանակ փոխվում է բույսերի ջրային ռեժիմը, նրանք դառնում են ավելի ջերմադիմացկուն, բայց՝ գերզգայուն ջրազրկության նկատմամբ։

Նշանակություն խմբագրել

Բույսերի աղադիմացկունություն բուսաբուծության համար ունի գործնական նշանակություն, թույլ և միջին չափով աղակալած հողերն օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաներ՝ բամբակենի, շաքարի ճակնդեղ, արևածաղիկ աճեցնելու համար։ Բույսերի աղադիմացկունություն բարձրացնելու նպատակով Խորհրդային Միությունում մշակվող մեթոդներից կիրառվում Է՝ մինչև ցանքսը ուռճացած սերմերը 1 ժամ տևողությամբ կերակրի աղի 3%-անոց լուծույթի մեջ ընկըղմելը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 239