Բյուզանդիայի անկում
Բյուզանդիայի անկումը 1452 թվականին ամռանը թուրքերը նախապատրաստվեցին Կոստանդնուպոլսի գրավմանը։ Նրանք մայրաքաղաքը շրջափակեցին և՝ ծովից, և՝ ցամաքից։ Սուլթան Մեհմեդ 2–րդը Կոստանդնուպոլսի պարիսպների տակ հավաքեց շուրջ 200 հազար զինվոր։ Թուրքական բանակն ուներ այն ժամանակվա համար առաջնակարգ հրետանի։ Մայրաքաղաքի մեկ պաշտպանին ընկնում էր շուրջ 20 պաշարող։ Չնայած մայրաքաղաքի բնակչության ցույց տված հերոսական դիմադրությանը՝ թուրքերը 1453 թվականին մայիսի 29–ին գրավեցին Կոստանդնուպոլիսը և երեք օր կողոպտեցին այն։ Վերջին կայսր Կոստանդին 11-րդ Պալեոլոգոսը սպանվեց ճակատամարտում։ Կոստանդնուպոլսի անկումով Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց։ Կոստանդնուպոլիսը դարձավ Օսմանյան կայսրության մայրաքաղաք և վերանվանվեց Ստամբուլ։ Այնուհետև թուրքերը ձեռնամուխ եղան նախկին կայսրության մյուս տարածքների նվաճմանը։ Նրանք գրավեցին Պելոպոնեսը, իսկ 1461 թվականին՝ Տրապիզոնի կայսրությունը։ Բյուզանդիայի անկումը պայմանավորված էր ոչ միայն արտաքին, այլև ներքին պատճառներով։ Ամենածանր հարվածը նրան հասցրեց խաչակրաց չորրորդ արշավանքը, որից Բյուզանդիան այդպես էլ չկարողացավ ուշքի գալ։ 13-րդ դար կայսրությունն անընդհատ պատերազմների մեջ էր և՝ Արևելքում, և՝ Արևմուտքում։ Սակայն Բյուզանդիայի կործանման գլխավոր պատճառը քաղաքների, արհեստի և առևտրի անկումն էր, որոնք զգալի չափով կապված էին ինչպես թուրքական նվաճումների, որոնք տիրել էին ասիական առևտրական ճանապարհներին, այնպես էլ օտարերկրյա վաճառականների վարած քաղաքականության հետ։ Նրանց տրված առևտրական արտոնությունների և մենաշնորհների արդյունքում բյուզանդական առևտուրն անկում ապրեց։ Կայսրության կործանմանը նպաստեց նաև պապականության և արևմտաեվրոպական երկրների վարած քաղաքականությունը, որոնք Բյուզանդիային միայնակ թողեցին թուրքական վտանգի դեմ։ Բյուզանդիայի և Բալկանյան թերակղզու մյուս երկրների նվաճումը թուրքերի կողմից բացասական հետևանքներ ունեցավ այստեղ բնակվող ժողովուրդների ճակատագրի համար։ Նրանց տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումը երկար ժամանակով կասեցվեց։ Թուրքական տիրապետության հաստատումը Բալկաններում սպառնալիք ստեղծեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար։ Պապականությունը և Արևմտյան Եվրոպան պետք է հատուցեին Բյուզանդիայի նկատմամբ իրենց վարած քաղաքականության համար։ Օսմանյան Թուրքիայի ձեռքն ընկան առևտրական կարևորագույն ճանապարհները, որը մեծ հարված հասցրեց Արևելքի հետ Արևմտյան Եվրոպայի առևտրին։
Ծանոթագրություններ
խմբագրելՀամաշխարհային պատմություն 11