Բժշկական մանրէաբանությունը Հայաստանում

Բժշկական մանրեաբանություն, Բժշկական մանրէաբանության զարգացումը Հայաստանում պայմանավորված է 1923 թվականին ԵՊՀ-ում մանրէաբանության ամբիոնի (վարիչ՝ Ա. Իսահակյան) հիմնադրմամբ։ Սկզբնական շրջանում զբաղվել են արևադարձային տեղական վարակների ուսումնասիրություններով։ Ա. Իսահակյանն առաջինն է բացահայտել պապատաչի տենդը, լեյշմանիոզները, տզային հետադարձ տիֆը, նախակենդանիներով փոխանցվող աղիքային վարակները և մալթայան տենդը (բրուցելոզ) հանրապետությունում։ Ուսումնասիրվել են այդ հիվանդությունների հարուցիչները, տարածման ուղիները, մշակվել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Հետագայում զբաղվել են երկրամասային ախտաբանության՝ աղիք, վարակների հարցերով (Բ. Ավետիքյան, Վ. Միքայելյան, Ա. Միրզաբեկյան, Ջ. Ահարոնովա, Լ. Ֆրանգուլյան, Վ. Շեկոյան և ուրիշներ)։ Ոաումնասիրվել են նաև դիֆթերիայի (Ջ. Ամյան), վերքային վարակների (Բ. Ավետիքյան, Մ. Ալավերդյան) հարուցիչները և միկոպլազմաներով հարուցված թոքաբորբը (Ն Բաբայան), հակաբիոտիկների, արդյունաբերական թույների, գյուղատնտեսական թունաքիմիկատների ազդեցությամբ օրգանիզմի իմունաբանական տեղաշարժերը, նյարդահումորալ մեխանիզմների (մասնավորապես՝ հարվահանագեղձերի) դերն օրգանիզմի իմունային շարժընթացների կարգավորման հարցում (Վ. Շեկոյան)։ 1986 թվականին ԵՊԲՀ մանրէաբանության ամբիոնը վերակազմակերպվել է բժշկ. մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնի (վարիչ՝ Վ. Շեկոյան), որտեղ ուսումնասիրվում են իմունաբանական շարժընթացներում նյարդային և իմունային համակարգերի փոխազդեցության հարցեր։ Ուսումնասիրվել է հիպոթալամուսի մոդուլացնող դերը մոնոնուկլեար ֆագոցիտային համակարգի բջիջների ակտիվացման մեջ (Վ. Շեկոյան)։ Բացահայտվել է ԳԱԿԹ-ի՝ որպես իմունոմոդուլյատորի, նպատակաուղղված օգտագործման հնարավորությունը իմունային շարժընթացների կարգավորման նպատակով՝ նորմայում և տարբեր ախտաբան, շարժընթացներում (Վ. Շեկոյան, Դ. Մուրադյան Վ. Թովմասյան, Ս. Զալինյան, Ք. Աբգարյան, Գ. Պողոսյան)։ Ամբիոնում ուսումնասիրվել են նաև էլեկտրաստատիկ դաշտի ազդեցությունն առաջնային իմուն պատասխանի և մակրոֆագերի ակտիվության վրա (Վ. Թովմասյան), սրտավիրաբուժական միջամտությունների ազդեցությունն իմունակարգավորման օղակի վրա և վերջինիս դերը թարախասեպտիկ բարդությունների առաջացման խնդրում (Լ. Մխեյան), անօդակյաց-օդակյաց մանրէների փոխազդեցության միջնորդավորված դերը վերքայի և վարակների ախտածնության մեջ (Ն. Թարվերդյան), ժամանակակից հրազենային վնասվածքի մանրէաբանական հատկանիշների փոփոխման դինամիկան (Կ. Բարոյան), երեխաների ու դեռահասների կազմվածքի զարգացման ու սեռական հասունացման տեմպերի և աղիների բնականոն միկրո կենսահամակեցության վիճակը Երևանում (Մ. Հովհաննիսյան), ռոտավիրուսային ստամոքսաղիքաբորբով հիվանդացությունը ՀՀ-ում (Կ. Մանուկյան), աղիք, վարակիչ հիվանդություններով հիվանդացության համաճարակաբանությունը ԼՂՀ-ում (Զ. Ասրիյան) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։