Բարդի բալզամային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Բարդի
Տեսակ Բարդի բալզամային
Լատիներեն անվանում
Populus berolinensis Dipp


Բարդի բալզամային (լատին․՝  Populus berolinensis Dipp), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ ծառ է՝ մինչև 30 մ բարձրությամբ և արտակարգ հաստ բնով, որը հասնում է մինչև 4-5 մ-ի։ Ծեր ծառերի կեղևը բնի ստորին մասում մուգ մոխրագույն է, ճաքճքված, ավելի վերևում՝ մոխրագույն, հարթ։ Ընձյուղները թեթևակի անկյունավոր են, կանաչավուն, կպչուն, բուրումնավետ։ Տերևները ձվաձև-նշտարաձև են կամ էլիպսաձև, 5-12 սմ երկարությամբ և 2,5-7,5 սմ լայնությամբ, հիմքում կլորավուն, լայն-սեպաձև կամ թեթևակի սրտաձև, դեպի գագաթը աստիճանաբար սեղմված, մանր ատամնասղոցաեզր, նոր բացված ժամանակ կպչուն, հետագայում մերկ և հարթ, վերևի կողմից փայլուն, մուգ կանաչ, ներքևի կողմից ավելի բաց գույնի և հարթ։ Տերևակոթունները գլանաձև են, սկզբում մազմզուկապատ, հետագայում՝ մերկ։ Կատվիկների երկարությունը հասնում է մինչև 15 սմ-ի, մերկ են։ Ծաղկակից թեփուկները կլորավուն են, հարթ, գանգրաեզր, վաղ են թափվում։ Առէջների թիվը հասնում է 20-30-ի։ Վարսանդի սպին բաց կարմրավուն է։ Պտղատերևը ձվաձև է, սրածայր, 2 փեղկանի, բաց գորշավուն, մինչև 6 սմ երկարությամբ։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հունիսին։ Բազմանում է կտրոններով։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում, համարյա ամբողջ Կանադայում և ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում։ Աճում է գետահովիտներում և գետակների ափերին։ Մեր հանրապետության պայմաններում լավ է հարմարվել, ընդ որում հաջողությամբ է աճում անգամ բարձրլեռնային պայմաններում, որտեղ երբեք չի ցրտահարվում և էկոլոգիական ճնշվածության նշաններ հանդես չի բերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 269։