Բառգիրք հայկազյան լեզվի

Բառգիրք հայկազյան լեզվի, Մխիթար Սեբաստացու և իր աշակերտների նախաձեռնությամբ կազմված հայերեն երկհատոր բառարան։ Դարակազմիկ կոթողային աշխատություն է, աչքի է ընկնում գիտական բարձր արժեքով, հայերենի լեզվական իրողությունները քննելու խորիմացությամբ, լեզվի նախկին անաղարտությունը վերականգնելու հմտությամբ։ Այն նշանակալի երևույթ է ոչ միայն հայ, այլև համաշխարհային բառարանագրության մեջ։

Բառգիրք հայկազյան լեզվի
Տեսակբառարան
ՀիմնադիրՄխիթար Սեբաստացի

Պատմություն խմբագրել

Նախաբանում հեղինակը (արդեն՝ մահամերձ) այն ընծայել է մայր ժողովրդին.

  «Խոնարհամիտ սրտիւ ընծայեմ քեզ՝ զպտուղ բազմամեայ աշխատութեանս՝ նուէր սիրոյ. զի ցանկալի է ինձ յինէն առնուլ եւ քեզ տալ։»
(«Բան առ ընթերցօղս», էջ 19)
 

Բառարանը ներառում է Աստվածաշնչի հայերեն թարգմանության բառապաշարը և հայ մատենագրության մեջ օգտագործված բառերը (անուանք, կենդանաց, տնկոց, ականց, չափուց, դրամոց, գործեաց և այլոց կահուց, և կարասեաց), որոնց զգալի մասը ստուգաբանված է, գիտական բացատրություն է տրվել հատկապես հունարենից, պարսկերենից և եբրայերենից փոխառյալ բառերին։ Բառարանի 2-րդ հատորը, որն ըստ էության 1-ին հատորի հավելվածն է, ներառում է այնտեղից դուրս մնացած բառերը, ինչպես նաև հատուկ անունների բառարանը, գրաբար-աշխարհաբար և աշխարհաբար-գրաբար բառարանները։ Աշխարհաբար-գրաբար բառարանում արձանագրված են այդ ժամանակ արդեն մեր ժողովրդական լեզվում օգտագործված թուրքերեն բառերը. այն փաստորեն նաև թուրքերենից փոխառյալ բառերի առաջին բառարանն է։ «Բառգիրք հայկազյան լեզվի»-ի 1-ին հատորը տպագրվել է 1749 թվականին Վենետիկում՝ Անտոնի Բորտոլիի տպարանում (1273 էջ, 40, 20,8 x 12,8 սմ), 2-րդը՝ 1769 թվականին նույն տպարանում (1770 էջ, 40, 20,8 x 12,8 սմ)։ Վերահրատարակվել է 1846 թվականին (Կոստանդնուպոլիս, Պողոս Արապյանի տպարան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։