Բանաստեղծական կայուն ձևեր

տաղաչափական որոշակի օրինաչափությամբ կառուցված բանաստեղծական ձևեր

Բանաստեղծական կայուն ձևեր , տաղաչափական որոշակի օրինաչափությամբ կառուցված բանաստեղծական ձևեր։ Առավել հայտնի բանաստեղծական կայուն ձևեր են սոնետը, հայրենը, քառյակը։ Համո Սահյանը կիրառել է մեր միջնադարյան պոեզիայում ընդունված հայրենի չափը։ Քառյակի ասպարեզում լավագույնս հանդես է գալիս Հովհաննես Շիրազը։ Սոնետներ են գրում Հրաչյա Հովհաննիսյանը, Պարույր Սևակը, իսկ ավելի ուշ՝ Հենրիկ Էդոյանը[1]։

Սոնետ խմբագրել

Բանատեղծական կայուն ձևերից ամենատարածվածը սոնետն է։ Համաշխարհային հռչակ են վայելում Դանտեի, Պետրարկայի, Շեքսպիրի սոնետները։ Հայ բանաստեղծներից սոնետներ են գրել Մեծարենցը, Թեքեյանը, Տերյանը, Չարենցը և ուրիշներ։ Սոնետը 14-տողանի բանաստեղծություն է՝ կազմված սկզբում երկու քառատողից և ապա երկու եռատողից։ Մշակվել են սոնետի հանգավորման տարբեր ձևեր, որոնցից առավել գործածական է այն տեսակը, երբ քառատողերը հանգավորվում են օղակաձև և ունեն երկու հանգ (abba, abba), իսկ եռատողերը ունեն cdc, ede հանգավորում[2]։

Հայրեն խմբագրել

Միջնադարյան հայ պոեզիայում շատ տարածված է եղել հայրենը։ Հայրեններ գրել են դեռևս 10-րդ դարից սկսած (Գրիգոր Նարեկացի, Ֆրիկ, Քուչակ)։ Հայրեններ փորձել են գրել նաև ժամանակակից բանաստեղծները, առավել հաջողվածները, թերևս, պատկանում են Հ. Սահյանին։ Հայրենները հիմնականում չորս տողանի բանաստեղծություններ են՝ կազմված 15-վանկանի տողերից՝ բաղկացած երկու կիսատողերից 7/8 բաժանումով։

Քառյակ խմբագրել

Բանաստեղծական կայուն ձևերից հայ պոեզիայում լայն գործածություն է ունեցել քառյակը, այն չորս տողանի բանաստեղծություն է որոշակի հանգավորմամբ՝ կից, օղակաձև, խաչաձև։ Քառյակը համաշխարհային համբավ ունեն Օմար Խայամի քառյակները։ Հայ բանաստեղծներից քառյակներ են գրել Խաչատուր Աբովյանը, Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը[3], Եղիշե Չարենցը։

Տես նաև՝ տաղաչափություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդոյան Հ., Հարյուր սոնետ, Եր., 1993:
  2. Ջրբաշյան Էդ., Գրականագիտության ներածություն, Եր., 2011:
  3. Ջրբաշյան Էդ., Վահան Տերյանի տաղաչափական համակարգը, Եր., 1995: