Բակտերիակրություն, վիրուսակրություն, մարդու օրգանիզմում բակտերիաների, վիրուսների և վարակիչ հիվանդությունների այլ հարուցիչների առկայությունը առանց հիվանդության ակնհայտ դրսևորումների։ Առավել հաճախ նկատվում է վարակիչ հիվանդություններ (որովայնային տիֆ, դիֆթերիա, դիզենտերիա և այլն) կրած անձանց օրգանիզմում։ Վարակակրությունը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս, հազվադեպ տարի (քրոնիկական վարակակրություն)։

Հարուցիչներն՝ արտաթորանքների հետ ընկնելով արտաքին միջավայր, կարող են վարակի աղբյուր հանդիսանալ շրջապատող անձանց համար, ուստի մի շարք հիվանդությունների ժամանակ հիվանդանոցի վարակիչ բաժանմունքից դուրս գրվելուց առաջ հարկավոր է հիվանդին ենթարկել բակտերիաբանական հետազոտության։ Սննդի, մանկական և դրանց հավասարազոր հիմնարկներում աշխատողներին և երեխաներին (աղիքային և այլ վարակիչ հիվանդություններ կրած) աշխատանքի կամ մանկական կոլեկտիվ ընդունելուց առաջ նույնպես ենթարկում են բակտերիաբանական հետազոտության։ Բակտերիակրության հայտնաբերման նպատակով հետազոտում են նաև համապատասխան հիմնարկներում առաջին անգամ աշխատանքի ընդունվողներին։

Բուժում խմբագրել

Վարակակրության կանխարգելման միջոցառումներից են հիվանդությունների դեպքում բժշկին ժամանակին դիմելը և բուժման ու ռեժիմի վերաբերյալ նրա բոլոր ցուցումները կատարելը։ Շրջապատի անձանց վարակումը կանխելու նպատակով բակտերիակիրները և վարակիչ հիվանդություններ կրած անձինք պետք է մանրակրկիտ պահպանեն անձնական հիգիենայի կանոնները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։