Բակ,

  1. բնակելի կառույցին առընթեր կամ դրա համալիրի մեջ մտնող որոշակի տարածք, ուր զբաղվում են տնային տնտեսությամբ, օգտագործվում է նաև որպես ժամանցի ու հանգստի վայր։ Կան ծածկած և բաց բակեր։ Ծածկած բակը գլխատան համալիրի բաղկացուցիչ մասերից է, տարածված է եղել Հայաստանի բարձրավանդակային, խստաշունչ բնություն ունեցող և անտառազուրկ շրջաններում։ Բնակարանի համալիրին առընթեր բաց բակը տարածված է Հայաստանի անտառային, բարեխառն շրջաններում։ Արարատյան հովտի գյուղերում գոյատևող ծածկած բակի տարատեսակը կոչվում է նաև շվաք։ Հայաստանի գյուղերին բնորոշ են բնակավայրերից մեկուսի արտադրական խոշոր բակերը։ Ժամանակակից քաղաքային բնակելի շենքերի բակերը ծառապատված են, ունեն երեխաների համար հատկացված մարզական և խաղային հրապարակներ, երբեմն՝ լողավազաններ։ Խորհրդային տարիներին արձակուրդների ընթացքում բակերում կազմակերպվում էին բակային ճամբարներ։
  2. Հայկական տեղանվան վերջավորություն՝ գյուղ, շեն իմաստով։ Սյունիք նահանգի Սոդք և Գեղարքունիք գավառներում եղել են այդ վերջավորությամբ գյուղեր․ Խորասանաբակ, Խոնթաբակ, Տկոլաբակ, Ատրմղենաբակ, Գեղամաբակ (IX դ․ Գաբուռն Վասակ իշխանը նորոգել է այս գյուղը և վերանվանել Վասակաշեն, 1513-ից կոչվել է Բասարգեչար, 1969-ից՝ Վարդենիս), Վաչեիբակ, Ղաչուրաբակ, Սահակաբակ, Դպրաբակ, Համամաբակ, Վարդանաբակ, Արևիսաբակ, Նորաբակ, Ջաջուրաբակ, Կոզաբակ, Հոսաբակ,Գետաբակ ևն։ Թուրքական նվաճումների ժամանակ բակ վերջավորությամբ հայկական շատ տեղանուններ աղավաղվել և հնչյունափոխվել են (օրինակ՝ Գետաբակը դարձել է Գետաբեկ ևն)։

Գրականություն

խմբագրել
  • Ստեփանոս Оրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Փարիզ, 1859։
  • Հյուբշման Հ․, Հին հայոց տեղվո անունները, Վնն․, 1907։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 241