Բալկանյան պատերազմների թանգարան

Բալկանյան պատերազմների թանգարան (հուն՝. Μουσείο Βαλκανικών Πολέμων), Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիա նոմում (գավառում)՝ Սալոնիկ-Վոդին ավտոմայրուղու 25-րդ կիլոմետրի վրա ընկած Գեֆիրա փոքր քաղաքում[1] գտնվող թանգարան։

Բալկանյան պատերազմների թանգարան
Տեսակռազմական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԳեֆիրա
Հիմնադրվել էհոկտեմբերի 26, 1999
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի կենտրոնական սրահը
Իշխան Կոնստանտինի սենյակը
Փոխգնդապետ Իոաննիս Պապակիրիազիսի զինվորական համազգեստը և որոշ իրեր

Բալկանյան պատերազմների թանգարանը հիմնվել է 1999 թվականի հոկտեմբերի 26-ին։ Զբաղեցնում է 19-րդ դարի վերջերին կառուցված երկհարկանի մի շենք, որտեղ 1912 թվականի հոկտեմբերին տեղի են ունեցել հունական և թուրքական բանակների հրամանատարների բանակցությունները Սալոնիկ քաղաքը հունական կողմին փոխանցելու կապակցությամբ[2][3]։ Թանգարանի ողջ կահ-կարասին հենց այն նույնն է, որ օգտագործել է հունական բանակի հրամանատար, գահի ժառանգորդ իշխան Կոնստանտինը, որը բանակցությունների ընթացքում ապրել է այդ իսկ շենքում։ Ցուցանմուշների մեջ զգալի են 1912-1913 թվականների կռիվներն արտացոլող լուսանկարներն ու փորագրանկարները։ Այցելուները մեծ հետաքրքրությամբ են դիտում Սալոնիկը հույներին հանձնած թուրք զորահրամանատարի՝ Հասան Թահսին փաշայի որդու՝ Քենան Մեսարի չորս գեղանկարչական աշխատանքները։ Ի դեպ, վերջինս դարձել է հույն նկարիչ և ուղեկցել է Կոնստանտինին Կամպանիայում ու Էպիրուսում, ինչպես նաև Բուլղարիայում՝ ռազմական գործողությունների ժամանակ։

Թանգարանի սրահներում ցուցադրված նկարներում պատկերված են Կիլկիսի մերձակայքում տեղի ունեցած ճակատամարտում հույների տարած հաղթանակը բուլղարացիների նկատմամբ։ Թանգարանում ներկայացված են հունական, բուլղարական, թուրքական զինվորական պարգևների հավաքածուներ, այդ թվում՝ մեդալներ, որոնց մեջ է նաև հազվագյուտ մի մեդալ, որի վրա պատկերված են բալկանյան չորս պետությունների ղեկավարները՝ խորհրդանշելով նրանց կարճատև դաշինքն ընդդեմ օսմանյան կայսրության։

Ցուցանմուշների մեջ բավականին շատ են զորականների կողմից զինվորական առօրյայում գործածված իրերը, համազգեստները։ Այցելուների հատուկ ուշադրությանն է արժանանում փոխգնդապետ Իոաննիս Պապակիրիազիսի (Ιωάννης Παπακυριαζής, 1857-1913 թթ.) մունդիրը, այն հերոս սպայի, ով անձնուրաց խիզախությամբ աչքի է ընկել Լոհանասի մերձակայքում բուլղարացիների դեմ հույների մղած հաղթական կռվում և զոհվել է մարտի դաշտում[2]։ Մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև Հունատանի վարչապետ Վենիզելոսի՝ բանակցությունների վայրից ուղարկած բացիկները։

Թանգարանի ցուցադրանքում կարևոր տեղ են զբաղեցնում բալկանյան պատերազմներում օգտագործված զինատեսակների նմուշները։ Այստեղ ցուցադրված են մաուզերներ, Mannlicher զինագործական ֆիրմայի արտադրած հրացաններ ու ատրճանակներ, Smith & Wesson ֆիրմայի ատրճանակներ, «Շվարցլոզե» գնդացիրներ, սառը զենքի ամբողջ տեսականին, որ գործածել են հույն, բուլղարացի, թուրք զինվորականները[2][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Στρατιωτικό Μουσείο Βαλκανικών Πολέμων (ΤΟΨΙΝ)» (հունարեն). Γενικό Επιτελείο Στρατού. 2014 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 Museums of Macedonia web site
  3. «Στρατιωτικό Μουσείο Διδυμοτείχου». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  4. Μουσειο Βαλκανικων Πολεμων

Արտաքին հղումներ խմբագրել